VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հետաքրքիր օրինաչափությամբ` հունիսի 7-ին ոչ միայն Աբովյանում եւ 20 համայնքներում են ընտրություններ, այլեւ` Թուրքիայում: Բայց ավելի հետաքրքիր է, որ ՀՀԿ-ն որոշել է նոր մոտեցում հանդես բերել ՏԻՄ ընտրություններում՝ նախընտրելով անկուսակցական թեկնածուներին, որպես դեմոկրատիայի նշան: Կուսակցությունները թեկնածուներ չեն առաջադրում, արդյունքում Հայաստանը միակուսակցական երկրի է վերածվում, ուստի հունիսի 7-ին ՀՀԿ-ն Ալավերդում, Աբովյանում, Արտաշատում պաշտպանում է անկուսակցականների: «Երբ հարկ լինի, կդառնան ՀՀԿ»,- ասում են ՀՀԿ-ում: Ի դեպ, սեպտեմբերի 13-ին քաղաքապետ կընտրեն Սպիտակ, Մարալիկ, Իջեւան քաղաքները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ
Գոհարիկ Ենոքյանն արդարացվել Է, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ինչպես հայտնի է՝ Ենոքյանը մեղադրվում էր մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավորի՝
Կարո Կարապետյանի մահափորձի կազմակերպմանը հանցակից լինելու մեջ: Այս գործի առանցքը Կարապետյանի գումարներն են (մոտ 8 մլն ԱՄՆ դոլար), որոնք նա տվել է Ենոքյանի ազգականներին: Գոհարիկ Ենոքյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Կարո Կարապետյանին վերադարձվել են նրա գումարները: «Ում տվել է, նրանից էլ պիտի ստանա, նա արդեն ստացել է, պրոստը… չգիտեմ, առաջին օրվանից տեղյակ չեմ այդ թեմայից եւ չեմ էլ ուզում այդ թեմայից խոսել»,- ասել է Ենոքյանը: Մյուս կողմից էլ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակ հայտարարությունն է արել: «Ես գումար չեմ ստացել, բայց ստանալու եմ, քանի որ դա այն գումարը չէ, որ ինձանից վերցնեն ու չտան»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հիմա արդեն ակնհայտ է՝ ԲՀԿ նախկին ղեկավարը, որ հավակնում էր դառնալ Երրորդ Հանրապետության ամենաականավոր ընդդիմադիր լիդերը, հայտնվել է շատ ավելի եղկելի վիճակում, քան նույնիսկ
Արտաշես Գեղամյանն ու
Արթուր Բաղդասարյանը։ Նրա սրտաճմլիկ պատճառաբանությունները, թե եթե ինքը գնար կտրուկ գործողությունների, արյունահեղություն կլիներ, կրկնությունն է այն փաստարկի, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո բերում էր Արթուր Բաղդասարյանը։ Այդ նույն փաստարկը վաղուց արդեն չի իջնում Արտաշես Գեղամյանի շուրթերից։ Բայց ավելի կարեւոր է այն, որ, օրինակ, Ծառուկյանի հրաժարումի հայտարարությունից առաջ եւ հետո այս այդ փաստարկի իմաստով որեւէ բան երկրում չի փոխվել։ Ինչպես փետրվարի 13-ին էր երկրում հաստատված կոռուպցիոն, հանցագործ ու մարդասպան իշխանություն, այնպես էլ դրանից հետո եւ մինչեւ հիմա։ Ինչպես այն ժամանակ էր
Սերժ Սարգսյանը մարդասպան, այնպես էլ՝ դրանից հետո եւ մինչեւ հիմա։ Ու եթե փետրվարի 13-ին մի բան էր ասել պարոն Ծառուկյանը, մեկ շաբաթ հետո բոլորովին ուրիշ բան, նշանակում է ճիշտ է այն փաստարկը, թե պարոն Ծառուկյանը իրականում այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչ է ասում եւ ինչ է անում։ Այս իմաստով գուցե շտապում ենք՝ Սերժ Սարգսյանի կողքին նրա հայտնվելը մեկնաբանելով։ Միգուցե ժամանակ է հարկավոր, որ պարոն Ծառուկյանի վերլուծական կենտրոնները վերլուծեն ստեղծված իրավիճակը, հասկանան՝ իրականում նա եղե՞լ է «Հայաստան» կինոթատրոնի բացմանը, թե՞ չի եղել, կամ, ավելի ճիշտ՝ հասկացե՞լ է որտեղ է գնում, թե՞ չի հասկացել։ Իմիջիայլոց, հետաքրքիր է՝ հիմա որտեղ եւ ինչով են զբաղվում այն ականավոր վերլուծաբանները, ովքեր համարում էին, որ պարոն Ծառուկյանը հայկական Իվանիշվիլի է, Ջուղաշվիլի եւ Լենին՝ վերջապես։ Նրանք ընդհանրապես պատասխանատվության որեւէ բաժին զգո՞ւմ են իրենց ասածների եւ արածների համար։ Չնայած՝ մեծ հաշվով, սա ի՞նչ է փոխում, ո՞ր»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ալավերդի քաղաքում այս օրերին լարված մթնոլորտ է, որի պատճառը կիրակի օրը կայանալիք քաղաքապետի ընտրություններն են: Նշենք, որ Ալավերդու քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածուները երկուսն են` Արթուր Աբգարյան եւ Կարեն Փարեմուզյան: Նրանք երկուսն էլ անկուսակցական են: Արթուր Աբգարյանը «Սթրոնգ Սթոուն Գրուպ» ՍՊԸ տնօրենն է, իսկ մյուս թեկնածուն Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետն է: Մինչ այժմ ՀՀԿ-ն այդպես էլ չի հայտարարել, թե ում թեկնածությունն է սատարելու, կամ այլ կերպ ասած՝ ով է իշխանական թեկնածուն: Ուշագրավ է, որ առաջադրված թեկնածուները ժամանակին մտերիմ ընկեր եւ բիզնես-գործընկերներ են եղել, սակայն լարվածությունն այն աստիճան է սրվել, որ նրանք այժմ գրեթե թշնամացել են»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանյան բանկերում լուրջ մտահոգություններ կան իրենց տրամադրության տակ հայտնված անշարժ գույքի իրացման հարցում: Խոսքը տրամադրված վարկերի դիմաց որպես գրավ վերցված անշարժ գույքի մասին է, որի գինը նվագում է օր-օրի: Ի հեճուկս պաշտոնական վիճակագրության, ըստ որի անշարժ գույքի գինը անցած տարվա ընթացքում չի նվազել, բանկերում նշում են, որ նվազում կա և բավականին էական մոտ 15-20 տոկոս: Բայց խնդիրը ոչ այնքան գնի նվագումն է, որքան այդ գույքի համար գնորդ գտնելը: Այս պահին դեռ իրավիճակը կրիտիկական չէ, բայց անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի նվազումը այնքան շեշտակի է, որ շուտով դա կհանգեցնի գների է՛լ ավելի նվազման: Բանկերում սպասումներ կան, որ ամենածանր շրջանը կսկսվի այս տարվա աշնանը, երբ մի կողմից կավելանան «չաշխատող վարկերի» ծավալները, մյուս կողմից՝ կբարդանա գրավի տակ մնացած անշարժ գույքը ընդունելի գներով վաճառելու և դրանով վարկը փակելու հեռանկարը»,-գրում է թերթը։