23.11.2024
Հայաստանի պաշտպանության նախարարը կմեկնի Ղրղզստան
prev Նախորդ նորություն

Սարգսյանի և Ծառուկյանի վեճը քաղաքական էր, որ թե անձնական. Գալուստ Սահակյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և "Բարգավաճ Հայաստան" կուսակցության արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև վեճը քաղաքական, այլ ոչ թե անձնական դաշտում էր: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Միմյանց մարտահրավեր նետելուց և անգամ չարիք անվանելուց ամիսներ անց՝ այս շաբաթասկզբին նախագահ Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը կրկին կողք-կողքի կանգնեցին ու միասին մասնակցեցին «Հայաստան» կինոթատրոնի բացմանը։ Այս տեսարանը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի համար տարօրինակ չէր։ Ասաց, որ փետրվարյան վեճը գաղափարական դաշտում էր։

«Քաղաքական դաշտում ամեն ինչ հնարավոր է, որ լինի, որովհետև էդտեղ վեճը գնում է սկզբունքների, գաղափարների շուրջ։ Կարծում եմ, որ էստեղ պիտի տարբերակվեն մեր սովորական կենցաղն ու քաղաքական պրոցեսները»,- ասաց Սահակյանը, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը:

Փետրվարին նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետականի նիստի ժամանակ խոսել էր Ծառուկյանի մտավոր կարողություններից, հիշատակել նրա մականունը։ Ծառուկյանն էլ ի պատասխան հայտարարել էր, որ ազատելու է Հայաստանը չարիքի իշխանությունից և գողացված միլիարդավոր դոլարները վերադարձնելու է բյուջե։

Փոխադարձ այս մեղադրանքներից չորս ամիս անց՝ այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պնդում է, որ մարդկային տեսանկյունից Ծառուկյանի հետ հարաբերությունները երբեք չեն փոխվել։ Նրա կարծիքով, ընդդիմադիր մյուս ուժերը հրահրում էին ԲՀԿ առաջնորդին և ցանկանում օգտվել գործընթացից։

Գալուստ Սահակյանի խոսքով, այդ օրերին հնչող կոշտ բառապաշարը միտումնավոր էր ընտրվել՝ իրադարձությունները նաև հասարակությանը հասկանալի դարձնելու համար: «Հանրապետականի համար որևէ մեկը չարիք չի կարող լինել»,- ասաց նա։