19.08.2026
ԵՄ դեսպանատան առջև ակցիա է անցկացվել՝ ի աջակցություն քաղբանտարկյալների
prev Նախորդ նորություն

«Եթե գրանտ չեն տալիս, ձայնալարե՞րն էլ չեն աշխատում». Զոհրաբյանը՝ իրավապաշտպաններին

Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառվող վերաբերմունքն աննախադեպ ճնշում և իրական խոշտանգում է ոչ միայն նրա, այլև նրա երեխայի ու ընտանիքի համար։ Այս մասին օգոստոսի 19-ին Երևանում՝ ի պաշտպանություն Մանուկյանի և մյուս քաղբանտարկյալների անցկացվող ակցիայի ժամանակ, հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։


Անդրադառնալով Արեգնազ Մանուկյանին ՔԿՀ-ից վանդակապատ մեքենայով տեղափոխելու կադրերին՝ Զոհրաբյանը խոսել է իրավապահների, իր գնահատմամբ, ընտրովի վերաբերմունքի մասին։


Նա հիշեցրել է Փարաքարի սպանության գործով մեղադրվող անձի տեղափոխման կադրերը՝ նշելով, որ այդ դեպքում իրավապահների վերաբերմունքն անհամեմատ մեղմ էր։


«Փարաքարի մարդասպանին ուղեկցում էին՝ քիչ էր մնում կապուչինո ու մերսում առաջարկելով, որպեսզի հանգիստ հասնի Քննչական կոմիտե։ Իսկ Արեգնազի հետ ի՞նչ են անում։ Թքած ունեն Քրեական դատավարության օրենսգրքի վրա՝ արել են ամեն ինչ, որպեսզի նրան պահեն լիակատար մեկուսացման մեջ»,- ասել է Զոհրաբյանը։


Նախկին պատգամավորը նաև զուգահեռ է անցկացրել եվրոպական պրակտիկայի հետ։ Նրա խոսքով՝ տարիներ առաջ Ստրասբուրգում քննարկվել էր Լիտվայում քաղաքական գործով ձերբակալված կնոջ դեպքը, որին մեկ շաբաթ թույլ չէին տվել տեսնել անչափահաս երեխային։ Զոհրաբյանի հիշեցմամբ՝ այդ դեպքը եվրոպական կառույցների կոշտ արձագանքին էր արժանացել։


Այս համատեքստում նա քննադատել է միջազգային կառույցներին և տեղական իրավապաշտպան կազմակերպություններին՝ նրանց մեղադրելով երկակի չափանիշների մեջ։


«Ո՞ւր են կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բոլոր այն կազմակերպությունները, որոնք նախկինում կուրծք էին ծեծում և միջազգային կոնվենցիաներով էին ճոճում։ Ինչո՞ւ է հիմա լիակատար լռություն։ Եթե դրա համար գրանտ չեն տալիս, ուրեմն ձայնալարե՞րն էլ չեն աշխատում»,- հայտարարել է Զոհրաբյանը։


Նրա գնահատմամբ՝ միջազգային կառույցներն այսօր մարդու իրավունքների և խոսքի ազատության հարցերը վերածել են «աշխարհաքաղաքական սակարկության առարկայի»։


«Այս ամենը իրական խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար, որն այսօր նշում է իր 14-ամյակը։ Բայց հենց որ այս ռեժիմը դադարի իրենց պետք լինել, նրանք երեք վայրկյանում կսթափվեն»,- եզրափակել է Զոհրաբյանը։


 


 

Այս տարի ևս լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու. Գևորգ Պապոյան
Հաջորդ նորություն next