ԵՄ դեսպանատան առջև ակցիա է անցկացվել՝ ի աջակցություն քաղբանտարկյալների
ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է տեսակցել դստեր հետ։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Տաթև Սողոյանը՝ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև Մանուկյանի և մյուս քաղբանտարկյալների աջակցության ակցիայի ժամանակ։
Փաստաբանի գնահատմամբ՝ որոշումը կայացվել է վերջին օրերին բարձրացված աղմուկից հետո։
«Ակնհայտ է՝ «խոսակցություն մի բերեք վրաներս» ժանրով թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի ու նրա դստեր տեսակցությունը»,- ասել է Սողոյանը։
Նրա խոսքով՝ նախօրեին, հաշվի առնելով, որ նախաքննությունն արդեն ավարտված է, ինքը գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Մանուկյանը չի կարողանա դստեր ծննդյան օրը շփվել նրա հետ։
Սողոյանը պատմել է, որ գիշերը գնացել էր շնորհավորելու երեխային, իսկ առավոտյան տեղեկացել է, որ քննիչը որոշել է թույլատրել տեսակցությունը։
«Գիշերը ծանր սրտով գնացել էի երեխային շնորհավորելու և առավոտյան արթնանում եմ զանգից, որ գիտեք՝ քննիչը որոշել է տեսակցությունը թույլատրելու վերաբերյալ»,- նշել է փաստաբանը։
Սողոյանի խոսքով՝ այս պահին երեխան արդեն տեսակցում է Արեգնազ Մանուկյանի հետ։