Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը կրկին ուղերձ է հղել Բաքվի բանտից։
Նա նշել է․ «Խաղաղության դատավարության հերթական փուլը կարելի է համարել ավարտված։ Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցության, բայց, ինչպես դատարանում ենք ասել, բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է, և դատավորական կոլեգիան չէ, որ կայացնում է այդ վճիռը։ Դատավորական կոլեգիան միայն հայտարարության կարգով կհայտարարի և կհրապարակի այն, ինչ արդեն վճռված է։
Մեր վերջին ելույթները շատ հետաքրքիր և յուրահատուկ էին։ Ինչպես նշել եմ, բավականին արժանի ելույթներ էին։
Ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ այս պարագայում թե՛ դատախազության ներկայացուցիչները, թե՛ նաև դատավորը անհիմն կերպով միջամտում էին, ընդհատում էին որոշ մարդկանց, այդ թվում՝ նաև ինձ։ Այդպես էլ չթողեցին ամբողջական ներկայացնել իմ խոսքը, բայց, այնուամենայնիվ, խնդիր չէ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է, և շատ պարզ հայտարարում ենք այնտեղ, որ սա քաղաքական դատավարություն է։ Այլ կերպ էլ չի կարող լինել։
Ամենամեծ գնահատականը, հավանաբար, այս դատավարությանը տվել է պաշտպաններից մեկը, ով առաջին ատյանում հենց այսպես զգուշացրել էր, որ տարիներ հետո նրանք ամաչելու են իրենց սերունդների առջև։ Իսկ այս անգամ շատ յուրահատուկ խոսք փոխանցեց դատավորական կոլեգիային՝ այսպես զգաստացնող խոսք ասելով, որ չպղծեն դատարանը։ Նա ասաց, որ մեր հաղթանակները այս դատավարությամբ պղծել են։
Այսինքն՝ մեր ընդհանուր պահվածքն արդեն մղում է նրանց, որպեսզի նրանք խոստովանեն, որ դատավարական գործընթացում իրենք լուրջ բացեր են ունեցել։ Եվ, ինչպես ես նշել եմ իմ վերջին ելույթի ժամանակ առաջին ատյանի դատարանում, փաստորեն քաղաքական և բարոյապես մեղադրող կողմը և դատավորական կոլեգիան, որոնք նույն թիմն են, փաստորեն չեն շահել դատը։ Շահողը եղել ենք մենք՝ որպես մեղադրյալներ։
Մենք արժանի հակահարվածներ էինք տալիս այն փաստարկներին և կեղծ պնդումներին, որոնք վերաբերում էին մեր ժողովրդի անցյալին, ներկային, պատվի խնդիրներին, մեր ժողովրդի վերաբերյալ կեղծ տեղեկություններին, շինծու հիմնավորումներին, ազգային ինքնասիրությունը կողքոտող պահվածքին, կեղծված պատմությանը։
Եվ հենց այդպիսի իրավիճակում պետք է ասել, որ սա պայքարի մի դաշտ է, որտեղ գործում է ուժի օրենքը։ Այսինքն՝ օրենքի ուժ չկա, մենք ենք որոշողը։ Այս սկզբունքով են առաջնորդվում դատավորները և դատավորական կոլեգիան և անում են այն, ինչ ուզում են։
Մեզ համար էլ դա հասկանալի է, բայց, ինչպես նշել ենք, սա մեզ համար երկրորդական է, և մենք ուղղակի ֆորմալ կողմն ենք ապահովում, որպեսզի հասնենք միջազգային դատարան։
Այնպես որ, այս դատավարությունը կարող ենք համարել դատող կողմի համար տապալված դատավարություն։
Լրատվությունը, ինչպես միշտ, ներկայացվում է միակողմանի, մանիպուլացված և իրականությանը ոչ համապատասխան։
Ես մեկ-մեկ նույնիսկ մտածում եմ՝ որտե՞ղ են Հայաստանի «Ազատության» լրատվամիջոցի, ռադիոկայանի լրագրողները, ազատություն որոնող լրագրողները։ Մոտ երկու տարի է սպասում ենք, որ դատարանի դահլիճում կհայտնվեն։ Չէ՞ որ նրանց համար Սպիտակ տան պատերը կամ Կրեմլի պատերը, կամ եվրոպական որևէ երկրի, այդ թվում՝ նաև բրյուսելյան հանրահայտ պատերը, դժվար չէ շոշափելը, բայց Բաքվի դատարանների դահլիճներ ներս նրանց մենք այդպես էլ չտեսանք, որպեսզի աշխարհին ներկայացնեն, թե ում են դատում, ինչու են դատում և ինչպես են դատում։
Ինչևէ, նաև մի փոքր նրբություն ներկայացնեմ։ Դեռևս հուլիսի 17-ին ես միջնորդություն էի ներկայացրել դատարանին, որպեսզի մեղադրող կողմը՝ դատախազությունը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հայցը հետ վերցնի, և քրեական գործը կարճվի, այս քրեական հետապնդում կոչվածը դադարեցվի։
Այն տեղում մերժվեց։ Ես, բնականաբար, ներկայացրի, որ պետք է այդ երիտասարդ կազմը, որը ներկա է, խորհրդակցի իրենց վերադասի հետ, վերադասն էլ՝ իր վերադասի հետ, սակայն տեղում մերժվեց։
Ամսի 31-ին՝ մեր վերջին նիստի ժամանակ, վերջին խոսքում ես խոսքս ուղղեցի դատավորին և խնդրեցի, առաջարկ ներկայացրի դատավորին, որպեսզի իմ այդ միջնորդության բովանդակությամբ առաջարկը ներկայացնելով՝ պահն օգտագործելով, իմ առաջարկի հնարավորությունը կիրառելով, դատավորական կոլեգիան խորհրդակցի նրանց հետ, ում հետ անհրաժեշտ է, նրանց հետ, ովքեր որոշումներ են կայացնում։
Հաշվի առնելով երկու երկրների, երկու ժողովուրդների միջև ստեղծված նուրբ քաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական դերակատարների դերը և որպես ապագային միտված ներդրում՝ այս քրեական հետապնդումը դադարեցնեն և գործը կարճեն։
Ի՞նչ կորոշեն՝ սա այլ հարց է, բայց, համենայնդեպս, այդպիսի առաջարկ ներկայացվել է։
Մեկ անգամ ևս պիտի ասեմ, որ մոտ երկու տարի շարունակվող այս երկու ատյանների դատավարության ընթացքում պաշտպանական կողմը այդպես էլ չստացավ ոչ մեղադրական ակտը, ոչ մեղադրական եզրակացությունը և ոչ էլ առաջին ատյանի դատավճիռը։
Լավ մնացեք։ Մենք մեր խոսքը դեռ կասենք»։