13.08.2026
Սկզբունքը՝ գումարից կարևոր
prev Նախորդ նորություն

Փակվող շուկաներ և ծանր գին. Ինչո՞ւ է Մոսկվան հստակություն պահանջում Երևանից

Լուսանկար՝ AP Photo
Լուսանկար՝ AP Photo

Ռուսաստանը մեծացնում է ճնշումը Հայաստանի վրա՝ նպատակ ունենալով կանխել Երևանի արևմտյան աշխարհաքաղաքական շրջադարձը և հարկադրելով հստակեցնել երկրի ռազմավարական վեկտորը: Փորձագետներն ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացնում են, որ Հայաստանի քաղաքական ու տնտեսական «դիվերսիֆիկացիայի» փորձերն ուղեկցվում են կենսական մարտահրավերներով, իսկ արևմտյան անվտանգային և տնտեսական այլընտրանքները դեռևս մնում են անիրատեսական կամ դժվար հասանելի:


Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական հարթություններում վերլուծաբաններն արձանագրում են նույն միտումը. Մոսկվան որոշել է չհանդուրժել Երևանի անորոշությունը` դրդելով Երևանին կամ վերջնական ընտրություն կատարել և վճարել դրա գինը, կամ հրաժավել Եվրամիությանն անդամակցելու իր ընտրությունից:


Որպես հետևանք՝ Ռուսաստանն արգելափակել է հայկական գյուղմթերքի արտահանումն իր շուկա՝ միաժամանակ համառորեն պահանջելով, որ Հայաստանը հանրաքվեի միջոցով վերջնական որոշում կայացնի. արդյոք երկիրը մնում է ԵԱՏՄ-ում, թե՞ բռնում է դեպի ԵՄ ինտեգրում տանող և Ռուսաստանի հետ «քաղաքակիրթ ապահարզանի» ուղին։ Միաժամանակ պաշտոնական Երևանը պնդում է, որ ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե Հայաստանում տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ երկիրը պաշտոնական հայտ ներկայացնի ԵՄ-ին անդամակցելու համար:


Քաղաքական և անվտանգային երկընտրանք


ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Արման Գրիգորյանի գնահատմամբ՝ այն, ինչ Երևանն անվանում է հարաբերությունների «դիվերսիֆիկացիա», իրականում ռազմավարական կողմնորոշման կտրուկ փոփոխություն է: Նա նշում է, որ Հայաստանում ձևավորվել է վտանգավոր դիսկուրս և իրականությունից կտրված պատրանք:


«Մեզ թվում է՝ ռուսների գնալուց հետո հայտնվելու ենք եվրոպական դրախտում», - նշում է Գրիգորյանը՝ ընդգծելով, որ Արևմուտքը Հայաստանին անվտանգության իրական երաշխիքներ չի տրամադրելու:


Ըստ քաղաքագետի՝ Մոսկվան դիմում է կանխարգելիչ գործողությունների, քանի որ հատկապես Իրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի անհաջողությունների ֆոնին իրեն ավելի վստահ է զգում և գիտակցում է Հայաստանի տնտեսական կախվածության աստիճանը իր շուկայից: Գրիգորյանը հատկապես մտահոգիչ է համարում ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերումը Հայաստանից (թեպետ նման հարց թե Հայաստանի քաղաքական, թե ՀՀ-ՌԴ հարաբերություներից օրակարգում չի քննարկվում), ինչը, նրա համոզմամբ, խաղում է «զսպող լարի» (tripwire) դեր. առանց այդ գործոնի՝ Հայաստանը կհայտնվի խիստ խոցելի վիճակում Թուրքիայի և Ադրբեջանի դեմարշների առջև:


Տնտեսական ճնշում և փակվող շուկաներ


Անվտանգային այս բարդություններն անմիջապես զուգորդվում են ռուսական կոշտ տնտեսական հաշվարկով: Հայաստանի նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Վաչե Գաբրիելյանը պարզաբանում է, որ վերջին ամիսներին հայ-ռուսական առևտրում առաջացած ճգնաժամը՝ մասնավորապես արագ փչացող գյուղմթերքի արգելափակումը սահմանին, ոչ թե տեխնիկական, այլ հստակ քաղաքական նպատակ ունի։


Թիրախավորելով լոլիկն ու թարմ մթերքը, որոնք ի տարբերություն ալկոհոլի չեն կարող երկար մնալ պահեստներում, Ռուսաստանն արագ և ցավոտ ֆինանսական հարված է հասցնում Հայաստանին: «Այս պահին ռուսները ցանկանում են որոշակիություն մտցնել՝ վստահ լինելով, որ այդպիսի որոշակիություն մտցնել չենք կարող», - բացատրում է Գաբրիելյանը:


Նախկին փոխվարչապետի խոսքով՝ Մոսկվան Երևանին կանգնեցնում է ծանր երկընտրանքի առաջ՝ պահանջելով հստակություն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության (ԵՄ) միջև: «Ռուսաստանը դա անում է նրա համար, որ Հայաստանը կա՛մ ընտրություն կատարի և վճարի դրա գինը, կա՛մ հետ կանգնի իր ընտրությունից ու պարսավի այն», - ընդգծում է նա:


Այլընտրանքների թուլությունը


Երկու բանախոսներն էլ համակարծիք են, որ Հայաստանի կողմից հայտարարված «դեպի Արևմուտք» անցումը բախվում է օբյեկտիվ և խորը կառուցվածքային խոչընդոտների: Եթե ռազմաքաղաքական առումով դա Արևմուտքի կողմից կոշտ երաշխիքների բացակայությունն է, ապա տնտեսական հարթությունում դրանք լոգիստիկ և ստանդարտացման խնդիրներն են:


Անդրադառնալով հայկական արտահանումը դեպի Եվրոպա վերաուղղելու կառավարության ջանքերին՝ Վաչե Գաբրիելյանը զգուշացնում է, որ դրանք արագ արդյունք տալ չեն կարող: Նա հիշեցնում է տնտեսական առևտրի «ձգողականության օրենքի» մասին. Եվրոպական խիստ սերտիֆիկացման պահանջները, բարդ լոգիստիկան և երկարաժամկետ մարքեթինգի անհրաժեշտությունը թույլ չեն տալիս քաղաքական որոշումներով արագ փոխել տնտեսական կապերը, որոնք տարիներ շարունակ կառուցվել են բիզնեսի կողմից:


 


 


 


 


 

 Լուսանկարը` hetq.am
Հաջորդ նորություն next