Դատախազությունը պահանջում է խզել Սևանի ափին հողամասի վարձակալության պայմանագիրը
Լուսանկարը` prosecutor.am
ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել է Սևանա լճի ափամերձ հատվածում գտնվող խոշոր հողամասի վարձակալության պայմանագրի չեղարկման գործընթաց, որը շուրջ երկու տասնամյակ տնօրինվում էր մասնավոր անձի կողմից։
Համապատասխան միջնորդագիրն արդեն ուղարկվել է «Սևան» ազգային պարկի տնօրինությանը և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին:
Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեռևս 2004 թվականին ազգային պարկի և քաղաքացի Արայիկ Հայրապետյանի միջև կնքվել է 3100 քառակուսի մետր մակերեսով տարածքի վարձակալության պայմանագիր: Փաստաթղթի գործողության ժամկետն ավարտվել է 2011 թվականի ապրիլին, սակայն դրանից հետո այն շարունակել է գործել անորոշ ժամկետով:
Պետական շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակներում դատախազությունը հանձնարարել է քայլեր ձեռնարկել գործարքը դադարեցնելու ուղղությամբ։ Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվել անշարժ գույքի անորոշ ժամկետով վարձակալության պայմանագրից՝ այդ մասին երեք ամիս առաջ տեղեկացնելով մյուս կողմին: