«Ուժեղ Հայաստանից» հետո «Հայաստան» դաշինքը ևս վերցնում է ԱԺ մանդատները
Լուսանկարը` sputnik
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և Սահմանադրական դատարանի որոշումից հետո ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը պաշտոնապես հայտարարել է ստացած մանդատները վերցնելու մտադրության մասին՝ խորհրդարանական ներկայությունը որակելով որպես քաղաքական պայքարի անհրաժեշտ զենք:
Դաշինքի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ մանդատներից կամավոր հրաժարվելը կդիտվի որպես անպատասխանատվություն պետության և իրենց վստահության քվեն տված ընտրողների նկատմամբ։ Քաղաքական ուժը պատգամավորական կարգավիճակը չի դիտարկում որպես պաշտոն կամ հարմարավետություն, այլ համարում է այն իրավական ու քաղաքական գործիքակազմ՝ ամենօրյա դիմադրության և քաղաքացիների շահերի պաշտպանության համար:
Ըստ հայտարարության՝ Ազգային ժողովում ներկայացվածությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ բարձրաձայնել հանրային խնդիրները, առաջարկել կոնկրետ լուծումներ, ինչպես նաև ամրապնդել կապերը միջազգային ու տեղական դերակատարների հետ։ «Հայաստան» դաշինքը վստահեցնում է, որ խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ, որը պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը քաղաքական դիմադրության առաջնագծում:
Հատկանշական է, որ նախօրեին՝ հուլիսի 6-ին, մանդատները վերցնելու որոշման մասին հայտարարել էր նաև խորհրդարան անցած մյուս ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքներով նորընտիր Ազգային ժողովում կգործի երեք քաղաքական ուժ. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 64, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: