ՀՀ երկաթուղիները կծառայեն պետությանը. ի՞նչ է սպասվում ռուսական կոնցեսիային
Լուսանկարը` Factor.am
Հայաստանի երկաթուղային ցանցը հանդիսանում է պետության բացարձակ սեփականությունը և պետք է ծառայի բացառապես երկրի ազգային շահերին: Այս մասին հուլիսի 2-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ենթակառուցվածքների կառավարման և վերականգնման շուրջ ընթացող զարգացումներին:
Անդրադառնալով նոր ծրագրերին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Մենք սկսել ենք գործընթացները, որոնք միտված են Գյումրի-Ախուրիկ և Երասխի հատվածներում երկաթուղու վերականգնմանը, և մենք անելու ենք այդ աշխատանքները»։ Խոսելով Ռուսաստանի հետ աշխատանքային քննարկումների շարունակականության մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ պետությունը չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումն ու պարզապես դիտորդի կարգավիճակում հետևել միջազգային տրանսպորտային հոսքերին, որոնք կարող են մտնել, բայց շրջանցում են Հայաստանը:
Պատասխանելով վերանորոգման նպատակով երկաթուղու կառավարումն կառավարության կողմից ստանձնելու հավանականությանը վերաբերող հարցին՝ վարչապետը շեշտել է. «Եկեք արձանագրենք, որ դա մեր երկաթուղին է։ Դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և մենք մեր սեփականությունը պետք է կառավարենք։ Ես կարող եմ վճռականորեն ասել մի բան. երկաթուղիները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են և պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին։ Ուրիշ կերպ չի կարող լինել»,- նշել է նա՝ հավելելով, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացված է և ներգրավված բոլոր գործընթացներում:
Նշենք, որ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարման իրավունքը ռուսական կողմից մեկ այլ բարեկամ երկրի՝ մասնավորապես Ղազախստանին փոխանցելու հարցը: Այս թեմայով խորհրդակցություններն ու բանակցություններն ինտենսիվացել են վերջին ամիսների ընթացքում՝ նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել ռազմավարական ենթակառուցվածքների կառավարումը, բարելավել սպասարկման որակն ու ներգրավել նոր ներդրումներ:
Տվյալ հեռանկարը, սակայն, խիստ բացասական արձագանք է գտել Ռուսաստանում: Մոսկվան նման հնարավորությունը դիտարկում է որպես հայ-ռուսական տնտեսական և ռազմավարական կապերի թուլացման փորձ՝ իր դժգոհությունն ու մտահոգությունը հայտնելով Հարավային Կովկասի ռազմավարական օբյեկտներից ռուսական կապիտալի և տնտեսական ազդեցության հնարավոր դուրսմղման միտումների կապակցությամբ: