2.07.2026
Լուսանկարը` Factor.am
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի տարանցիկ ծրագրերին. Փաշինյանը՝ նոր ուղիների մասին

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանը միջազգային գործընկերների հետ ակտիվորեն քննարկում է տարածաշրջանային ապաշրջափակման և նոր տարանցիկ ուղիների գործարկման հնարավորությունները: Հուլիսի 2-ի կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրամիությունը դրական է տրամադրված ԹՐԻՓՓ (TRIPP) նախագծի նկատմամբ, թեև դրա շրջանակներում հիմնական աշխատանքներն ընթանում են Միացյալ Նահանգների հետ:


Անդրադառնալով ենթակառուցվածքային ծրագրերին և ապաշրջափակման օրակարգին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է Հյուսիսային երթուղու կարևորությունը, որի ուղղությամբ ակտիվ համագործակցություն է ծավալվում Եվրամիության հետ։ «Հետազոտությունները ցույց են տվել, որ Արևելք-Արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով, մասնավորապես՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով»,- նշել է Փաշինյանը: Ըստ նրա՝ նախագծի իրագործման ամենաարդյունավետ տարբերակը Ղազախ-Իջևան-Վանաձոր-Գյումրի-Ախուրիկ ավտոճանապարհը միջազգային բեռնափոխադրումների համար վճարովի հիմունքներով բացելն է:


Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը տարածաշրջանային մեծ հետաքրքրություն կառաջացնի և հեշտությամբ կյանքի կկոչվի համապատասխան քաղաքական պայմանավորվածությունների դեպքում: «Սա շատ հեշտ իրագործվող ծրագիր է։ Պետք է քաղաքական պայմանավորվածությունները ձեռք բերվեն և իրագործվեն, և, իհարկե, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը պետք է տեղի ունենա»,- շեշտել է նա՝ նկատելով, որ թեև Ախուրիկում կպահանջվի ճանապարհի մի փոքր հատվածի կառուցում, սակայն դա լիովին իրագործելի խնդիր է:

Լուսանկարը` golosarmenii.am
Հաջորդ նորություն next