Ուկրաինան Եվրամիությունից ստացել է հերթական տրանշը՝ 3,8 միլիարդ եվրոյի չափով
Ուկրաինան Եվրամիությունից ստացել է հերթական տրանշը՝ 3,8 միլիարդ եվրոյի չափով։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է երկրի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։
«Եվրամիությունից ևս 3,8 միլիարդ եվրո է մուտքագրվել պետական բյուջեի հատուկ հիմնադրամ»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ միջոցներն ուղղվելու են «առաջնահերթ պաշտպանական կարիքների ֆինանսավորմանը՝ անօդաչու թռչող սարքերի արտադրությանը, պաշտպանական-արդյունաբերական համալիրի կարողությունների հզորացմանը և ռազմաճակատի կարիքների համար անհապաղ մատակարարումների ապահովմանը»։
Սվիրիդենկոն ընդգծել է, որ սա «հենց պաշտպանական աջակցության առաջին տրանշն է Ukraine Support Loan նոր ֆինանսական գործիքի շրջանակներում»։ Հունիսի 25-ին բյուջե էր մուտքագրվել 3,2 միլիարդ եվրո՝ բյուջետային աջակցության համար նույն վարկի շրջանակներում, հիշեցրել է Սվիրիդենկոն։ Այսպիսով, այս ծրագրի շրջանակներում Կիևի ստացած միջոցների ընդհանուր ծավալը կազմում է 7 միլիարդ եվրո։