ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ներկայացուցիչների պալատի կողմից ավելի վաղ ընդունված բանաձևին, որը կոչ է անում երկրի նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել ամերիկյան զինված ուժերի օգտագործումը Իրանի դեմ մարտական գործողություններ վարելու համար, գրում է The Hill-ը։
Այս բանաձևը համատեղ է, այսինքն՝ ընդունվում է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից, սակայն չունի օրենքի կարգավիճակ և նախագահի ստորագրությունը չի պահանջում։
Սենատը քվեարկել է 50 կողմ և 48 դեմ ձայներով։
Այս ամսվա սկզբին Ներկայացուցիչների պալատն ընդունել էր բանաձևը 215 ձայնով, դեմ էին արտահայտվել 208 կոնգրեսական։
Թերթն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ բանաձևին աջակցած հանրապետականները անցյալ շաբաթ արդեն քվեարկել էին նմանատիպ մեկ այլ բանաձևի ընդունման օգտին՝ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովից։ Այն բավարար քանակությամբ ձայներ չէր հավաքել, նշում է հրատարակությունը։
Վերջին ամիսներին ԱՄՆ-ում ակտիվ վեճեր են ընթանում այն հարցի շուրջ, թե արդյոք երկրի նախագահն իրավունք ունի առանց Կոնգրեսի հավանության երկար ժամանակ մարտական գործողություններ վարել մեկ այլ պետության դեմ։ Թրամփի վարչակազմում ելնում են նրանից, որ այս դեպքում սահմանափակումներ չկան։ Միևնույն ժամանակ, շատ կոնգրեսականներ կարծում են, որ նման դեպքերում պահանջվում է «կանաչ լույս» ոչ միայն գործադիր, այլև օրենսդիր իշխանության կողմից։
1973 թվականի ռազմական լիազորությունների մասին օրենքի համաձայն՝ նախագահը պետք է դադարեցնի ռազմական գործողությունը 60 օր հետո, եթե Կոնգրեսը չքվեարկի պատերազմ հայտարարելու օգտին կամ չընդունի ուժի կիրառումը թույլատրող օրենք։
Օրենքը թույլ է տալիս այդ ժամկետի մեկանգամյա երկարաձգում 30 օրով, բայց միայն այն դեպքում, եթե նախագահը գրավոր հաստատի Կոնգրեսին, որ ամերիկյան զորքերի անվտանգ դուրսբերումն ապահովելու համար լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ։ ԱՄՆ Կոնգրեսը մինչ օրս չի հաստատել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը, իսկ Սպիտակ տունը հրապարակայնորեն չի ակնարկել, որ նախատեսում է ստանալ նման թույլտվություն։