ԵՄ շուկայում Հայաստանը բացառիկ հնարավորություններ կարող է ունենալ. Փաշինյան
Լուսանկարը` sputnik
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան սպասվող այցի առանցքային թեմաներից է լինելու հայկական գյուղատնտեսական ապրանքների՝ եվրոպական շուկա մուտքի դյուրացումը։
Հունիսի 25-ին կայացած Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի առաջիկա տարածաշրջանային այցի վերաբերյալ։ Սպասվում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախ կմեկնի Բաքու, ապա կժամանի Երևան։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստան- ԵՄ բանակցությունների գլխավոր նպատակներից մեկը Եվրամիություն հայկական արտադրանքի հեշտացված արտահանման ապահովումն է։ Անդրադառնալով այս ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ վարչապետը հիշեցրել է արտաքին գործերի նախարարի՝ վերջերս Բրյուսել կատարած այցը և ընդգծել գործընթացի դրական դինամիկան։
«Վերջերս ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է ԱԳ նախարարների խորհրդի նիստին, և հավանականություն կա, որ այս իմաստով Հայաստանը բացառիկ հնարավորություններ կունենա»,- նշել է Փաշինյանը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ տնտեսական այս կարևոր նախագիծը վերջնական համաձայնության կարժանանա հենց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի երևանյան բանակցությունների շրջանակներում։
«Հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ մենք այդ նախագիծն ավարտին կհասցնենք, որպեսզի երևանյան այցի ընթացքում մենք իրար հետ այդ մասին հայտարարենք»,- եզրափակել է վարչապետը։