«Մենք կունենանք ավելի լավ արդյունք, քան նախկինում էր». ԱԳ նախարարը դիվերսիֆիկացիայի մասին
Լուսանկարը` mfa.am
Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել գյուղատնտեսական ապրանքների արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ խուսափելով հնարավոր ճգնաժամից և բացահայտելով նոր միջազգային տնտեսական հեռանկարներ:
Հունիսի 25-ին կայացած Կառավարության նիստի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է արտահանման նոր ուղղությունների հաջող յուրացման մասին։
Նոր շուկաներում հատկապես մեծ պահանջարկ ունի հայկական ագրոարտադրանքը, մասնավորապես՝ մրգերը, բանջարեղենը, հատապտուղներն ու ծաղիկները։ Որպես հեռանկարային և առանցքային ուղղություններ գերատեսչությունը դիտարկում է Եվրամիության և Կենտրոնական Ասիայի երկրները, արաբական պետությունները՝ ի դեմս Իրաքի, ինչպես նաև անմիջական հարևաններին՝ ընդհուպ մինչև Թուրքիա, հակառակ գործող սահմանափակումներին։
Ըստ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ փորձնական մատակարարումներն արդեն մեկնարկել են և գալիք շաբաթների ընթացքում ունեն զարգացման լուրջ ներուժ։ Չնայած նոր շուկաներ մուտք գործելիս առաջացող լոգիստիկ և կոմունիկացիոն բարդություններին՝ կառավարությունը լիովին վերահսկում է իրավիճակը։
«Մենք հետևում ենք այս ամենին, կառավարում ենք գործընթացը, փորձում ենք օգնել բիզնեսին և կապեր հաստատել գործարարների միջև»,- ընդգծել է Միրզոյանը։
Ամփոփելով երկար ժամանակ պլանավորված դիվերսիֆիկացիայի գործընթացը՝ նախարարը վստահություն է հայտնել, որ ստեղծված իրավիճակը երկրի համար տնտեսական բացառիկ հնարավորություններ է ստեղծել։
«Ես ուզում եմ մի փոքր լավատեսություն ներշնչել այս գործընթացին։ Կարծում եմ, որ լոգիստիկ անիրազեկությամբ պայմանավորված տարբեր խոչընդոտներն արագ կհաղթահարվեն, և մենք կունենանք ավելի լավ արդյունք, քան նախկինում էր»,- եզրափակել է ՀՀ ԱԳ նախարարը։