VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում սպասվում է լուրջ բախում վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ։ Երկրի ղեկավարին հայտնի է դարձել, որ Սամվել Կարապետյան-Կարեն Կարապետյան տանդեմը յուրային դարձնելու համար բանակցել է ՀՀԿ-ից եւ «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության որոշ թեկնածուների հետ՝ դրա դիմաց առաջարկելով լուրջ գումարներ։ Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցությունում ըստ էության չունենալով բավարար թվով իր մարդկանց, որոշել է Սամվել Կարապետյանի փողերով «առնել» եւ հավաքագրել նրանց»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի ընտրության քվեարկությունից անցնում է արդեն մոտ մեկ ամիս, սակայն հանրությանը դեռեւս պարզ չեն այն անունները, որոնք դառնալու են պատգամավորական մանդատի տեր եւ ստանձնելու են թիվ մեկ քաղաքական օրգանում հանրության, այսպես ասած, ներկայացուցչի դերը: Համենայնդեպս, դեռեւս պարզ չէ խորհրդարանի, այսպես ասած, ճնշող մեծամասնություն կազմող երկու ուժերի՝ ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունների կազմը: Ավելին, Գագիկ Ծառուկյանը ապրիլի 24-ին պատասխանելով լրագրողների հարցերին՝ ըստ էության խոստովանեց, որ պատգամավորական կազմը որոշվում է ինչ-որ մի մակարդակում, որը դաշինքի թեկնածուներից պահանջում է ըմբռնում: Այսինքն՝ դաշինքի առաջնորդը ըստ էության խոստովանեց, որ ըմբռնումով են մոտենում կազմի որոշման «անորոշությանը»: Նույն տրամաբանությամբ էլ անորոշություն է ՀՀԿ խմբակցության կազմի առումով: Թեեւ պատճառահետեւանքային կապը իրականում հակառակն է՝ հենց ՀՀԿ-ում դեռեւս շարունակվող անորոշությունն է բերում «Ծառուկյան» դաշինքի խմբակցության կազմի անորոշության, քանի որ դաշինքի կազմն ըստ էության պետք է ձեւավորվի հենց ՀՀԿ խմբակցության ստատուս քվոյին համարժեք, այսինքն՝ միայն այդ դեպքում պետք է պարզ լինի, թե ում եւ ինչպիսի ընդդիմություն է լինելու «Ծառուկյան» դաշինքը:
Այդպիսով, ակնհայտ է, որ Հայաստանում տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերանայում… իշխանական կուլիսներում: Իսկ այն, որ արդյունքը կուլիսներում վերանայվում է՝ ըստ էության ակնառու է: Հակառակ պարագայում ներկայումս չէր կարող լինել անորոշություն, քանի որ խորհրդարանական ընտրության պաշտոնական արդյունքները արձանագրվել են մի քվեարկության արդյունքի տեսքով, որը բխել է հանրությանը ներկայացված ցուցակներից, անուններից: Հետեւաբար ստացված քվեարկության պաշտոնական արդյունքը՝ անկախ այդ արդյունքի հանդեպ տարբեր գնահատականից եւ վերաբերմունքից, արտացոլում է հանրության գնահատականը այդ ցուցակներին: Մնացյալն արդեն, այսինքն՝ մանդատների բաշխումը, պետք է դառնար մեխանիկական պրոցես՝ քվեարկությունից բխող: Բայց այն դարձել է քաղաքական, այն էլ կուլիսային քաղաքական գործընթաց, ինչը այլ բան չէ, քան խորհրդարանի ընտրության արդյունքի վերանայում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում սպասողական իրավիճակը դեռ երկար է շարունակվելու: Բանն այն է, որ առաջիկայում ձեւավորվելիք կառավարությունը էլի ժամանակավոր է լինելու, եւ նշանակվելիք նախարարները պաշտոնավարելու են ընդամենը մեկ տարի: Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ ներսում մեկ տարի անց պաշտոնների համար կրկին մրցավազք է սկսվելու: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ Սերժ Սարգսյանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ առաջիկայում ձեւավորվելիք կառավարությունը կպաշտոնավարի մինչեւ հաջորդ տարվա ապրիլ, երբ լրանան նախագահական իր լիազորությունները, ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունն ու երկիրը վերջնական անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի:
Միայն դրանից հետո կձեւավորվի հիմնական կառավարությունը` քաղաքական նոր կառավարման համակարգի տրամաբանությանը համապատասխան: Այս փաստը, բնականաբար, ՀՀԿ-ականների մի մասն ուրախությամբ է ընդունել, քանի որ հույս ունի մեկ տարվա ընթացքում այնպես անել, որ պաշտոն ստանա, իսկ ոմանք էլ տխրել են, քանի որ կասկածում են կրկին կառավարության կազմում լինելու հեռանկարին: Ի դեպ, այս ամենով պայմանավորված՝ հավանական է, որ մեկ տարվա կյանք ունենա նաեւ ՀՀԿ-ՀՅԴ ձեւավորվելիք կոալիցիան, եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հիմա ՀՅԴ-ն բանակցություններ է վարում, որպեսզի փաստաթղթավորված երաշխիքներ ստանա առաջիկա հինգ տարում կոալիցիայի կազմում լինելու մասին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանում օրենսդրական հերթական փոփոխությունը լուրջ խնդիրներ է ստեղծել արտագնա աշխատանքի մեկնողների համար: «Ժողովուրդ» օրաթերթը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից դժգոհություն ստացավ առ այն, որ երթեւեկության կանոնների փոփոխության արդյունքում նրանք, ովքեր ունեն օտարերկրյա վարորդական իրավունք, չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ: Այս փոփոխությունները ուժի մեջ են մտնելու հուլիսի 1-ից, եւ օտարերկրյա, այդ թվում` ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չեն կարող աշխատել որպես վարորդ: Նրանք ստիպված են Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար որակավորում ստանալ` Ռուսաստանի ճանապարհային երթեւկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով: Հայտնի է, որ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների մի մասն էլ զբաղվում է տաքսի կամ հասարակական տրանսպորտ վարելով, ասել է, թե նրանց համար լրացուցիչ խոչընդոտներ են առաջ գալիս: Մինչդեռ ԵՏՄ անդամագրվելիս շարունակ խոսվում էր ինչ-ինչ գործընթացների ու ինտեգրացիայի դյուրինության մասին»:
«168 ժամ» թերթը գրում է. «Երեւանը կիրթ է գործում, Ադրբեջանը հրաժարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ քաշած օրակարգից՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարում, իսկ Հայաստանը չի ընդունում բացառապես ադրբեջանական օրակարգը։ Հայկական կողմի մոտեցումն արդարացված է, քանի որ հայկական կողմը շարժվում է եռանախագահների օրակարգին համահունչ։ Այնուամենայնիվ, չնայած այս հանդիպման մասին տեղեկատվությանը, իրավիճակը փակուղային է, ամենայն հավանականությամբ, նախագահական գագաթաժողով չի լինի այս հանդիպումից հետո։ Եթե անցկացվի ծրագրված նախարարական հանդիպումը, նախարարները կխոսեն ինչ-ինչ հարցերի շուրջ եւ կբաժանվեն՝ առանց հետեւանքների, քանի որ լուրջ, հստակ պայմանավորվածությունների համար հիմքեր չկան»,- գրում է «168 ժամը»՝ անդրադառնալով ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալիք Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպման հնարավոր արդյունքներին։ Հարավային Կովկասով զբաղվող Օքսֆորդի պրոֆեսոր Նեյլ Մաքֆարլեյնը եւս մեծ հույսեր չի կապում երկու օրից սպասվող նախարարական այս հանդիպման հետ, թեեւ, նրա խոսքով, հանդիպումը երկար ծրագրված եւ սպասված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների կողմից, ինչի ապացույցն էր Երեւանում Ռիչարդ Հոգլանդի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա նշեց, թե այս հանդիպման ընթացքում կնախապատրաստվի բարձր մակարդակի հանդիպում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 25–ին պաշտոնապես հայտարարվեց, որ Տամբովի բանտից Հայաստան կարտահանձնվի 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը: «ՀՀ իշխանությունները, Արդարադատության նախարարությունը հետեւողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ եւ ներկայում Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է»,– ասել էր արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը: «Փաստի» հավաստի աղբյուրների վկայությամբ, սակայն, Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` Հայաստանի ՔԿՀ–ներից մեկում իր պատիժը կրող ՌԴ քաղաքացու հետ: