Զալբեր. ԱԺ ընտրություններով ՀՀ-ն քայլ կատարեց դեպի կայունություն ու ժողովրդավարություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանում կարևորում են ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Զալբերի աշխատանքը, որի հիմնական նպատակն է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը, ինչը կարող է լավագույնս օգտակար լինել և նպաստել հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին և դրանից հետո նոր կառավարության կողմից իրականացվելիք աշխատանքներին ու տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումներին, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորություններին:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Հայաստանում ԱԺ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, ընդգծելով, որ Հայաստանն այդ ընտրություններով լուրջ քայլ կատարեց դեպի առաջ և՛ կայունության, և՛ երկրում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից, իսկ նկատված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ, ըստ Հերբերտ Զալբերի, կարելի է աշխատել:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը գոհունակությամբ է խոսել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված արդյունքների մասին՝ նշելով 2017թ. փետրվարին ՀՀ նախագահի Բրյուսել կատարած այցը, որի ժամանակ ազդարարվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, իսկ մարտի 21-ին Երևանում կայացավ համաձայնագրի նախաստորագրումը։
Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է ընտրությունների նախապատրաստական փուլում ԵՄ կողմից ցուցաբերված զգալի աջակցությունը, որն իր ազդեցությունն ունեցավ ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու գործում:
Քննարկվել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորությունները, այս փուլում առկա խնդիրներն ու մտահոգությունները, հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ հանձնառության իրականացմանն ու հնարավոր աջակցության ուղիներին վերաբերող հարցեր: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վստահեցրել է, որ Եվրամիությունը շահագրգռված է և ցանկանում է իր հնարավորությունների սահմաններում նպաստել հիմնախնդրի լուծմանը՝ աջակցելով այդ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին: