Փոխնախարար. Հանրաքվեն վերջին քարը դրեց Թուրքիայի` դեպի ԵՄ ճանապարհին
Թուրքիայում Սահմանադրության փոփոխությունը նաև քաղաքական փոփոխություն է ենթադրում և, ըստ էության, դա վերջին քարը դրեց Թուրքիայի դեպի Եվրամիություն ճանապարհին: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Այն գիծը, որն ընտրեց Էրդողանը, գիծ էր, որը հեռացնում է Թուրքիան Եվրոպայից և որը տանում է երկիրը դեպի վատ իմաստով արևելյան բռնապետություն»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է ակնկալել քաղաքականության փոփոխություն հայկական հարցում, թե Էրդողանի Թուրքիան կշարունակի ժխտողականության գիծը, ՀՀ փոխարտգործնախարարը նշեց, որ իրականում ֆուտբոլային քաղաքականությունը որոշակի առումով լակմուսային թուղթ էր, որը միտված էր ցույց տալու` արդյոք Թուրքիան գնալու է դեպի Եվրամիություն, թե իր նպատակը լրիվ այլ է.
«Եվ պատահական չի, որ այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Թուրքիայում, համընկան նաև այն գործընթացի հետ, որը կապված էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ»,- հավելեց Շավարշ Քոչարյանը:
Հիշեցնենք, ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեի միջոցով Թուրքիայում նախագահական կառավարման համակարգ հաստատող սահմանադրական փոփոխություների ընդունման արդյունքում կտրուկ աճելու է Ռեջեփ Էրդողանի ղեկավարած երկրի գործողությունների անկանխատեսելիության աստիճանը թե՛ արտաքին քաղաքական, և թե՛ ներքաղաքական հարթություններում: Այսուհետ Էրդողանն ունենալու է բանակի, գլխավոր շտաբի, կառավարության անդամների վրա ուղղակի ազդեցություն: Վերացվում է վարչապետի ինստիտուտը եւ նախագահն է դառնալու կառավարության փաստացի ղեկավար: Նա միանձնյա տնօրինելու է երկրի բյուջեն: Ավելին, նախագահին անվստահություն հայտնելու ինստիտուտն է հանվել, իսկ Էրդողանն ինքը մինչեւ 2029 թվականը նախագահ լինելու տեսական հնարավորություն է ունենում: