Վարդանյան. Մեր հաջողությամբ հարևաններին պետք է ցույց տանք, որ իրենց ուզածը չի ստացվում
Ես վստահ եմ, որ որպես ազգ մենք կարող ենք լինել հաջող և այդ հաջողությամբ կարող ենք հաղթել բոլոր դժվարությունները, իսկ հաջողության հասնելու համար պետք է միանա Սփյուռքն ու հայությունը և գործ անենք, որպեսզի Հայաստանը դառնա չքնաղ երկիր: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ռուսաստանցի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը:
«Պետք է գործ անել, որ Հայաստանը դառնա չքնաղ երկիր, պետք է հաջողության հասնել և դրանով ցույց տալ հարևան երկրներին, որ իրենց ուզածը չի ստացվում, որ մենք մեր լուման ենք ներդնում աշխարհի զարգացման մեջ և ամեն ինչ անում ենք, որ աշխարհը, հիշելով, թե ինչ եղել է 102 տարի առաջ, հասկանա, որ մենք 3000 տարվա պատմություն ունեցող ազգ ենք, որն աշխարհին շատ բան է տալիս և դեռ տալու է»,- ասաց նա:
Լրագրողի այն հարցին, թե հավատում է արդյոք իշխանություններին, որ փոփոխություններ են խոստանում, Վարդանյանը նշեց, որ ինքը լավատես է.
«Մենք 17 տարի առաջ սկսել ենք ծրագրեր և պետք է հավատանք, գնանք առաջ: Հեշտ է ասել, թե ինչու չի ստացվում, շատ հեշտ է ասել, թե ով է մեղավորը, սակայն անելը դժվար բան է, և պիտի անենք»: