24.11.2024
Այս գիշեր էլ ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Երևան-Ստեփանակերտ այդպես էլ չկայացած չվերթի ուղևորը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևան-Ստեփանակերտ չվերթը, որի առաջին ուղևորը լինելու պատրաստակամություն էր հայտնել Սերժ Սարգսյանը տարիներ առաջ, այդպես էլ իրականություն չի դառնա: Պատճառները, բնականաբար, քաղաքական են. սա հետևանք է ԼՂ խնդրի լուծված չլինելու, ինչի պատճառով Ադրբեջանը սպառնում է օդում ոչնչացնել հայկական ինքնաթիռները: Մինչդեռ նկատենք, որ դեպի ԼՂՀ չվերթները կարող էին էապես նպաստել Արցախում զբոսաշրջիկների թվի ավելացմանը, քանի որ ցամաքային ճանապարհով դեպի Ստեփանակերտ գնալն, այնուամենայնիվ, ժամանակատար է և դժվար:


Թեև մյուս կողմից, եթե իրապես գործադիր մարմինը խնդիր է դրել իր առջև զարգացնելու զբոսաշրջությունը մեր երկրում, ԼՂՀ գնալու համար կարող է օգտագործել նաև Գորիսի, Կապանի կամ Ջերմուկի օդանավակայանները, որտեղից մարդիկ մեքենայով ավելի արագ ու ավելի հեշտ կարող են հասնել Ստեփանակերտ: Բայց սա էլ, պարզվում է, առանձին խնդիր է. Ջերմուկի և Կապանի օդանավակայաններն այնպիսի անմխիթար վիճակում են, որ չեն կարող շահագործվել, իսկ Գորիսի օդանավակայանը ՊՆ ենթակայության տակ է, համարվում է ռազմական նշանակության օբյեկտ, և այնտեղով հնարավոր չէ քաղաքացիական չվերթներ իրականացնել: Արդյունքում՝ ստեղծվել է անհարմար իրավիճակ, և զբոսաշրջության համար Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը ուղևորվելը բարդություն է թելադրում: Բայց զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները չեն զլանում կրկնել, թե ամեն ինչ անում են տուրիզմի զարգացման համար»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Գործող Սահմանադրության համաձայն՝ օրեր անց լիազորությունները վայր կդնի Կարեն Կարապետյանի կառավարությունը: Կարապետյանը, ինչպես ՀՀԿ-ն նշել է մինչ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում: Սակայն հասկանալի է՝ ապագա կաբինետը որոշակի խմբագրումների, այնուամենայնիվ, կենթարկվի: Այդուհանդերձ, այս խմբագրումները թողնելով մի կողմ, եթե հետհայացք գցենք Կարեն Կարապետյանի կաբինետի գործունեության բավական սեղմ ժամկետին, ապա որոշակի ընդհանրացումների կարող ենք գալ: Ինչպես և սպասելի էր, Կարապետյանի կառավարությունը անցած 5-6 ամիսների ընթացքում հեղափոխական արդյունքների չհասավ և չէր էլ կարող հասնել:


…մյուս կողմից՝ կառավարության գործունեությունը ցույց տվեց, որ վարչապետն անսպառ էներգիա ունի, փորձում է երկրի տնտեսության բոլոր կարևոր ճյուղերի զարգացումն ապահովելու համար լուծումներ գտնել, սա փաստ է, որը դժվար է ժխտել: Այլ հարց է, թե այդ ձգտումն ինչպիսի արձագանք է ստանում, քանի որ պետք է նաև խոստովանել, որ նա իր մոտեցումներով և անգամ մտածելակերպով տարբերվում է հայաստանյան պաշտոնյաներին հատուկ բնութագրերից… Արդյոք Կարապետյանի այս «տարբեր» լինելը կարո՞ղ է որակական փոփոխությունների երաշխիք դառնալ, դժվար է ասել… Նման պայմաններում Կարեն Կարապետյանը պետք է գլխավորի առաջիկա կառավարությունը՝ այս անգամ առնվազն մինչ 2018 թվականը: Իսկ մինչ այդ, պետք է փաստել, որ առաջիկայում այլևս հնարավոր չի լինի հայաստանյան հասարակության կարծիքն ու վերաբերմունքը ձևավորել ակտիվության և գործնականության մթնոլորտ ստեղծելով, քանի որ նման վարքագիծը կարճաժամկետ էֆեկտ է ունենում:


Այս տեսանկյունից ներկա կառավարության ձեռքբերումներից մեկը հենց այդ մթնոլորտի ստեղծումն է, սակայն այն կարող է հօդս ցնդել, եթե թեկուզ նվազագույն կերպով ցանկացած քաղաքացի չզգա փոփոխությունն իր մաշկի վրա:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչեւ վերջերս Հայաստանում վիճակախաղերի (տոտալիզատորի) կազմակերպման լիցենզիա ունի 4 ընկերություն՝ Vivarobet, Totogaming, Eurofootball eu Googwin: Վերջերս հայաստանյան շուկա մուտք են գործել վրացիները՝ իրենց Adjarabet.am ապրանքանիշով, որը, մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանի ուղղակի թույլտվությամբ է տեղի ունեցել: Չի բացառվում, որ նրա ընտանիքին պատկանող BB media արտաքին գովազդի շուկան ամբողջությամբ կլանելու ծրագրերին զուգահեռ որոշվել է ներխուժել նաեւ վիճակախաղերի կազմակերպման հեշտ փող աշխատելու դաշտ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ 12 մշտական հանձնաժողովները կրճատելու քաղաքական որոշման մասին տեղեկացրել էինք։ Պարզվում է, որ հանձնաժողովները ոչ թե ուղղակի նվազեցվելու են մեկով կամ երկուսով, այլ գուցե նույնիսկ ուղիղ կեսով։ Չի բացառվում, որ VI գումարման 105 հոգանոց ԱԺ-ում ընդամենը վեց հանձնաժողով գործի։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ մշտական հանձնաժողովի կազմը պետք է արտահայտի խմբակցությունների, պատգամավորական խմբերի և դրանց կազմում չընդգրկված պատգամավորների թվական հարաբերակցությունները: Արդեն տեղեկացրել ենք, որ Եվրաինտեգրացիայի հանձնաժողովը որոշվել է միացնել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, Մարդու իրավունքների հանձնաժողովը միավորվելու է Պետաիրավական հանձնաժողովին, Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը միավորվելու է Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովին։ Կրճատման ենթակա այլ հանձնաժողովների մասին տեղեկություններ չկան։ Հայտնի է, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը որևէ հանձնաժողովի չի միավորվելու և այն գլխավորելու է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կարող է կրկին վերադառնալ իր պաշտոնին: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում նա մանդատ ստանալու համար բավարար ձայներ չի ստացել: Ազգային ժողով վերադառնալու հնարավորություն, սակայն, նրա համար կարող է ստեղծվել: Բանն այն է, որ Կոտայքի մարզում Վարդան Այվազյանը ստացել է ընդամենը 7 հազար 226 ձայն եւ հայտնվել է չորրորդ տեղում Սամվել Սանամյանից, Անդրանիկ Հարությունյանից եւ Արամ Հարությունյանից հետո: Բայց, մեր տեղեկություններով, իշխանական վերնախավում քննարկում կա, որ Սամվել Սանամյանը մնա գործադիրում, իսկ Անդրանիկ Հարությունյանը իր՝ «Գազպրոմ- Արմենիա» ընկերության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնում: Այս դեպքում արդեն Կոտայքի մարզում Հանրապետական կուսակցությանը բաժին ընկնող երկու մանդատները կհասնեն Վարդան Այվազյանին եւ Արամ Հարությունյանին: Մինչդեռ, որոշ տեղեկությունների համաձայն, Անդրանիկ Հարությունյանը պայքարում է եւ չի ցանկանում հրաժարվել մանդատից»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություներով՝ ազգային անվտանգության ծառայությունը օրերս ստացել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները: Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ հայտնաբերվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռով: Այս գործով կալանավորվել է 3 անձ, որոնց թվում է Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Դատելով կատարվող քննչական գործողությունների ընթացքից՝ պարզապես անհրաժեշտ էր ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններից առաջ կալանավորել Սամվել Բաբայանին, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում հայտնել էին գործով կալանավորվածների պաշտպանները, մարտի 24-ից մինչ օրս այդ քրեական գործով քննչական գործողություններ որպես այդպիսին չեն իրականացվում: Պարզվում է` քննչական մարմնի աշխատակիցները, չնայած գործադրվող ջանքերին, այնուամենայնիվ, չեն կարողացել գործող անձանց եւ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի խողովակի հետ կապ գտնել: Դրա համար նշանակվել է փորձաքննություն, որպեսզի պարզեն` գոնե մատնահետքեր կա՞ն «Իգլայի» վրա: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն այս գործով նշանակել է մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունն արդեն ներկայացվել է կալանավորված անձանց: Սակայն բոլոր 3-ն էլ ծանոթանալով եզրակացության հետ՝ որեւէ փաստ չեն տեսել, որը իրենց կարող է կապել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռի հետ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը, ամենայն հավանականությամբ, այլեւս չի լինի գործադիրում, եւ նրան կգործուղեն խորհրդարան: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ վարչապետ Կարեն Կարապետյանը որեւէ կերպ չի ցանկանում Արման Սահակյանին գործադիրում տեսնել, քանի որ դժգոհ է նրա աշխատանքից, ավելին՝ այդ մասին նա մի քանի անգամ արտահայտվել է ՀՀԿ ներսում: Պատահական չէ, որ կառավարության նիստերի ժամանակ էլ Կարեն Կարապետյանը պարբերաբար դիտողություններ է անում Սահակյանին: Ու հիմա, որպեսզի նրան ընդհանրապես նեղացրած չլինեն, ՀՀԿ-ում ցանկանում են խորհրդարան գործուղել, առավել եւս, երբ ԱԺ ընտրությունների ժամանակ Արման Սահակյանը, որ առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով, կարողացավ բավականին մեծ թվով ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանի թիմում տպավորված են «շեֆի» ստացած ձայներից։ Խնդիրն այն չէ, որ Ալեքսանյանը ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների առաջին եռյակում է՝ 42 հազար ձայնով, այլ որ Շենգավիթում, որն Ալեքսանյանի տիրույթում չի եղել, ավելի քան 17 հազար ձայն է ստացել։ Լֆիկի թիմում կարծում են, որ հաղթանակի հասնելու հարցում էական դեր է խաղացել կրեատիվ քարոզչությունը։ Օրինակ, պատգամավորի թեկնածուն օգնել է մի միայնակ կնոջ՝ նրա մի քանի հազար դոլարի համար կալանքի տակ գտնվող բնակարանը հանելով կալանքից, որն աննախադեպ էֆեկտ է ապահովել Ալեքսանյանի համար։ Տվյալ թաղում լուրը կայծակի արագությամբ տարածվել է, եւ նա այդ տարածքում բացարձակ հաղթանակ է տարել։ Իսկ ապրիլի 2-ից հետո «յոթ օր, յոթ գիշեր» քեֆ է կազմակերպել՝ Շենգավիթի, Մալաթիայի բնակիչների, իր համար աշխատած մարդկանց համար՝ դրանով ապահովելով հաջորդ ընտրություններում վերջիններիս անձնազոհ աշխատանքը»: