9.03.2026
ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է սկսել նաև Էկվադորում
prev Նախորդ նորություն

Պուտինը շնորհավորել է Իրանի նոր գերագույն առաջնորդին

Լուսանկարը` RBK
Լուսանկարը` RBK

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական ուղերձով շնորհավորել է Իրանի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։ Կրեմլի ղեկավարը վերահաստատել է Մոսկվայի անփոփոխ աջակցությունն ու համերաշխությունը Թեհրանին՝ երկրի համար արտաքին մարտահրավերներով լի այս բարդ ժամանակաշրջանում։


Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում ՌԴ նախագահն ընդգծել է, որ արտաքին զինված ագրեսիային դիմակայելու ներկայիս պայմաններում Իսլամական Հանրապետության ղեկավարի պաշտոնը պահանջելու է մեծ արիություն և անձնվիրություն: Պուտինը համոզմունք է հայտնել, որ Մոջթաբա Խամենեին պատվով կշարունակի իր հոր գործը՝ համախմբելով իրանական ժողովրդին ծանր փորձությունների առջև, և վստահեցրել է, որ Ռուսաստանը կմնա Իրանի հուսալի գործընկերը:


Նոր գերագույն առաջնորդի ընտրությունը Փորձագետների խորհրդի կողմից կայացվել էր դեռևս մարտի 8-ի առավոտյան։ Թեև խորհրդի անդամ Մոհամմադ Մեհդի Միրբաղերին հայտնել էր կոնսենսուսի հասնելու մասին, նոր ղեկավարի անունը պաշտոնապես հրապարակվեց միայն կեսգիշերից հետո։ «The New York Times» պարբերականի տվյալներով՝ Թեհրանը հետաձգում էր իրավահաջորդի նշանակման մասին հայտարարությունը՝ ելնելով անվտանգության խիստ նկատառումներից:


Ամերիկյան պարբերականը 56-ամյա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին բնութագրում է որպես խորհրդավոր, սակայն խիստ ազդեցիկ քաղաքական գործչի, որի նշանակումը ենթադրում է Իրանում կոշտ և պահպանողական կառավարման գծի անխափան շարունակություն։ Նա Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի երկրորդ որդին է։ Վերջինս երկիրը ղեկավարում էր 1989 թվականից ի վեր՝ գրեթե 37 տարի, և սպանվել էր Իրանի տարածքում ԱՄՆ-ի կողմից իրականացված ռազմական գործողության հետևանքով: