7.03.2026
Խամենեիի ժառանգորդը Թրամփի աշխարհաքաղաքական հաշվարկներում
prev Նախորդ նորություն

Փորձում են վերակենդանացնել «Խեղճ Նիկոլի» կերպարը. քաղտեխնոլոգ (հարցազրույց)

Լուսանկարը` 24news.am
Լուսանկարը` 24news.am

Ներկայացնում ենք VERELQ-ի հարցազրույցը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի նախընտրական ներկայիս իրավիճակը, քաղաքական հիմնական ուժերի դիրքավորումը, խորհրդարանական ընտրություններում հնարավոր կոալիցիոն սցենարները, ինչպես նաև իշխանության կողմից կիրառվող նոր PR տեխնոլոգիաներն ու հանրային տրամադրությունները։



 


Լուսանկարում Վիգեն Հակոբյանն է


Նախընտրական դասավորվածությունը և իշխանական ճամբարը


VERELQ: Որպեսզի ժամանակ չկորցնենք, միանգամից անցնենք բուն թեմային: Կարելի է ասել, որ հայտնի քաղաքական ուժերն ընտրություններից առաջ արդեն որոշակիորեն դիրքավորվել են: Ձեր կարծիքով՝ այս պահին ի՞նչ նախընտրական իրավիճակ ունենք թե՛ քաղաքական ուժերի դիրքավորման, թե՛ հանրային տրամադրությունների տեսանկյունից:


Վիգեն Հակոբյան: Կարծում եմ՝ եթե խոսքը վերաբերում է իշխանությանը, ապա հիմնական վարչական ռեսուրսը, բնականաբար, կենտրոնացված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում: Վստահ չեմ, որ նրանք հենց այդ անվամբ են հանդես գալու, քանի որ այդ բրենդն արդեն իսկ խնդիրներ է ստեղծում իշխանության համար: Ավելի հավանական է, որ ընտրությունների գնան նոր անվանմամբ, օրինակ՝ «Իրական Հայաստան» կամ նմանատիպ մեկ այլ բրենդով:


Ընդհանուր առմամբ, իշխանական դաշտում ևս մի քանի ուժ հանդես կգա տարբեր անունների տակ՝ երբեմն անգամ ներկայանալով որպես ընդդիմադիր: Սակայն, ըստ իս, անցողիկ շեմը հաղթահարելու իրական հնարավորություն ունի ընդամենը մեկ-երկու ուժ: Չեմ բացառում, որ դա վերաբերում է հատկապես «Հանրապետություն» կուսակցությանը, որը կփորձի գրավել արևմտամետ կամ պրոամերիկյան տրամադրվածություն ունեցող զանգվածի ձայները: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ այս ուժը տիրապետում է նաև որոշակի վարչական ռեսուրսի թե՛ Երևանում, թե՛ որոշ մարզերում: Այս առումով, իշխանական կամ նրան հարող թևում հիմնական շանսեր ունեցող ուժերն են «Քաղաքացիական պայմանագիրը» (կամ նրա իրավահաջորդ բրենդը) և «Հանրապետությունը»:


VERELQ: «Հանրապետությունը» կարո՞ղ է որպես ընդդիմադիր ուժ հանդես գալով՝ խաղալ սպոյլերի դեր:


Վիգեն Հակոբյան: Այո, միանշանակ կփորձեն նման բան անել: Թե որքանով դա կհաջողվի՝ այլ հարց է: Այս տարիների ընթացքում «Հանրապետություն» կուսակցությունը բացահայտել է իր իրական դեմքը, և դժվար թե հանրության շրջանում այդ հնարքն անցնի: Նրանք կարող են փոքր-ինչ ավելի ռադիկալ դիրքորոշում որդեգրել, քննադատել իշխանությանը՝ պնդելով, թե վերջինս պետք է ավելի կոշտ լինի արտաքին և ներքին քաղաքականության մեջ, օրինակ՝ պրոռուսական ուժերի նկատմամբ: Այդ տեսանկյունից նրանք կարող են ներկայանալ որպես արմատական ընդդիմություն, բայց իրենց էությամբ դասական սպոյլեր են: Հիշենք Երևանի ավագանու ընտրությունները, երբ նրանք, ըստ էության, բացահայտ աջակցեցին գործող իշխանություններին:


VERELQ: Այո, նույնիսկ կոալիցիա կազմելով նրանց հետ:


Վիգեն Հակոբյան: Ճիշտ այդպես՝ ուղղակի կոալիցիա ձևավորելով:


Ընդդիմադիր դաշտի չորս հիմնական բևեռները


VERELQ: Խոսենք ընդդիմադիր դաշտի մասին: Ի՞նչ է կատարվում այնտեղ: 


Վիգեն Հակոբյան: Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, ապա այստեղ արդեն ուրվագծվում են չորս խոշոր ուժային կենտրոններ, որոնք հանդես են գալիս տարբեր ձևաչափերով: Ոմանք կմասնակցեն որպես դաշինք, ոմանք՝ որպես առանձին կուսակցություն:


Առաջինը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է, որը ձևավորվել է Սամվել Կարապետյանի շուրջ՝ համանուն շարժման հենքի վրա:


Երկրորդը «Հայաստան» դաշինքն է՝ ամենայն հավանականությամբ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Թեպետ դեռ պաշտոնապես չեն հայտարարել ցուցակը գլխավորողի անունը, սակայն այստեղ առանձնապես կասկած չկա:


Երրորդը Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանն» է: Թեև այն իր էությամբ դաշինքային գաղափարախոսություն ունի (ներառելով այլ ուժերի ներկայացուցիչների, օրինակ՝ Հրանտ Բագրատյանին, Արամ Գ. Սարգսյանին և «Միասին» շարժման որոշ անդամների), բայց էլեկտորալ և մարտավարական նպատակահարմարությունից ելնելով՝ հավանաբար հանդես կգան մեկ միասնական անվան տակ:


Չորրորդ ուժը Արման Թաթոյանի գլխավորած շարժումն է, որը նույնպես դաշինքային տրամաբանություն կունենա: Այնտեղ ներգրավված կլինեն ինչպես հայտնի ուժեր («Շանթ» դաշինք, «Հայաքվե»), այնպես էլ հայտնի անհատներ՝ լրագրողներ և հասարակական գործիչներ:


Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մասնակցության հարցն առայժմ բաց է: Նրանք իրենց որոշումը կհայտնեն ամսի 4-ին, բայց ենթադրելի է, որ կարող են ընդհանրապես չմասնակցել: Դրա փոխարեն, ըստ իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանի հայտարարությունների, կփորձեն մթնոլորտ ձևավորել իրական հաղթելու շանսեր ունեցող ուժերի համար՝ շեշտը դնելով իշխանափոխության (իմպիչմենտի) վրա, ընդ որում՝ ոչ միայն խորհրդարանական գործընթացով, այլև դրան զուգահեռ՝ փողոցային պայքարի միջոցով:


Կոալիցիոն հնարավոր սցենարները


VERELQ: Հիմա այսպիսի միտում կա. ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դժվար թե որևէ քաղաքական ուժ՝ լինի իշխանական, թե ընդդիմադիր, կարողանա միայնակ հաղթահարել 50+1 տոկոսի շեմը: Այսինքն՝ ընտրությունների վերջնարդյունքն անկանխատեսելի՞ է:


Վիգեն Հակոբյան: Այո, պայքարը բավականին թեժ է լինելու: Եթե արտաքին էական ազդեցություններ և կտրուկ փոփոխություններ չլինեն, ամենայն հավանականությամբ մենք կկանգնենք կոալիցիոն կառավարություն ձևավորելու անհրաժեշտության առաջ: Եթե ընդդիմադիր ուժերն անցնեն խորհրդարան և նրանց ընդհանուր ձայները բավարարեն կոալիցիա կազմելու համար, ապա կստեղծվի այն իրավիճակը, որն իշխանությունն անվանում է «Գյումրի 2»:


VERELQ: Այդ պատճառո՞վ է իշխանությունը պարբերաբար կրկնում, որ նման տարբերակ չի կրկնվելու. նրանք տեսնում են այդ վտանգը:


Վիգեն Հակոբյան: Միանշանակ տեսնում են, և քաղտեխնոլոգիական տեսանկյունից դա իրենց լուրջ սխալն էր: Շարունակաբար խոսելով այդ մասին՝ նրանք հանրությանը համոզեցին, որ «Գյումրու սցենարն» իսկապես իրատեսական է: Նրանց նպատակն էր ցույց տալ, թե իբր ձևավորվելու է «օլիգարխների և Ռոբերտ Քոչարյանի բլոկ», սակայն արդյունքում անուղղակիորեն ընդգծեցին իրենց իսկ պարտության հնարավորությունը: Հիմա փորձում են հետ կանգնել այդ հռետորաբանությունից՝ վստահեցնելով, որ հաղթելու են 50+1 տոկոսով: Բայց մյուս կողմից, եթե իշխանությունը չհավաքի բավարար ձայներ, ապա կփորձի իր սպոյլերների օգնությամբ իրագործել «Երևան 2» սցենարը:


Ամեն դեպքում, հավաքական ընդդիմությունը ռազմավարական առումով լուրջ շանսեր ունի: Կա մի հստակ բանաձև. եթե իշխանության համար վերարտադրվելը գոյաբանական խնդիր է, և նրանք կաշկանդված չեն կարմիր գծերով, ապա ընդդիմությունը կհաղթի միայն այն դեպքում, երբ այս պայքարը նաև իր համար դառնա կենաց-մահու հարց:


VERELQ: Այսինքն՝ պետք է մինչև վերջ գնան և «իրենց կաշին դնեն այս խաղի մեջ»:


Վիգեն Հակոբյան: Այո, մինչև վերջ: Նրանք պետք է օգտագործեն իրենց ողջ ռեսուրսը, կամքն ու կապերը՝ պայքարելով նույն վճռականությամբ, ինչպես դա անելու է իշխանությունը:


VERELQ: Նպատակը պետք է լինի ոչ թե պարզապես մանդատ ստանալը, այլ իշխանափոխությունը:


Վիգեն Հակոբյան: Միանշանակ: Գլխավոր նպատակը պետք է լինի համատեղ ուժերով գործող իշխանության հեռացումը:


PR տեխնոլոգիաներ. «Խեղճ Նիկոլի» կերպարի վերադարձը


VERELQ: Եվ վերջին հարցը: Քանի որ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ բաժանման լուրերը հանրայնացվել են հենց իշխանական տիրույթից, արդյո՞ք դա կարող է որևէ դրական կամ բացասական ազդեցություն ունենալ նրանց իմիջի վրա:


Վիգեն Հակոբյան: Չեմ ցանկանում կենտրոնանալ այդ լուրերի իսկության վրա, թեև անձամբ կարծում եմ, որ այդ ընտանիքում խնդիրներն իրական են: Սակայն փաստն այն է, որ իշխանությունը փորձում է այս իրավիճակից քաղաքական դիվիդենտներ շահել: Նախ՝ փորձ է արվում Աննա Հակոբյանի խիստ բացասական վարկանիշը (որը, ըստ որոշ հարցումների, ավելի բարձր է, քան Փաշինյանինը) տարանջատել Նիկոլ Փաշինյանի իմիջից, գոնե ընտրություններից առաջ:


Երկրորդ՝ ակնհայտորեն փորձում են վերակենդանացնել հասարակ ժողովրդի ծոցից դուրս եկած «Խեղճ Նիկոլի» կերպարը: 2024 թվականին նրանք փորձեցին կերտել «Ուժեղ Նիկոլի» կերպար. հիշո՞ւմ եք կախիչների հայտնի պատմությունը, երբ նա գնում և ցուցադրաբար աշխատանքից ազատում էր մարդկանց, փոխեց ուժային կառույցների ղեկավարներին՝ փորձելով հանդես գալ «տանտիրոջ» դիրքերից: Սակայն դա էական էլեկտորալ օգուտ չտվեց:


VERELQ: Այսինքն՝ հիմա փորձում են կարեկցա՞նք առաջացնել:


Վիգեն Հակոբյան: Այո: Նորից առաջ է մղվում այն կերպարը, որին իբր բոլորը խաբում են, բոլորը դեմ են, բայց նա միայնակ պայքարում է:


VERELQ: Դրա համար էլ ցուցադրվում է սովորական մարդկանց պես «պերաշկի» ուտելը և այլն:


Վիգեն Հակոբյան: Ճիշտ այդպես՝ «պերաշկի» և եգիպտացորեն ուտելը: Սրանք հետևողականորեն արվող քաղտեխնոլոգիական և PR քայլեր են (հեծանիվ վարել, ձվածեղ սարքել): Այլ հարց է, թե դա հասարակության կողմից որքանով է ընկալվում: Փորձը ցույց է տալիս, որ սրանք շատ կարճաժամկետ էֆեկտ են ունենում: Արդեն իսկ տեսնում ենք, որ բաժանման թեման գրեթե մոռացվել է:


VERELQ: Գուցե դա պայմանավորված էր նաև օբյեկտիվ իրադարձություններով, քանի որ հարևան Իրանի շուրջ լարվածությունն աճեց, և ավելի գլոբալ թեմաները ստվերեցին այս տեղեկատվությունը:


Վիգեն Հակոբյան: Այդ գործոնը նույնպես կար, բայց չեմ կարծում, թե առանց դրա այդ թեման երկար կապրեր: Հասարակության հավատն այդ ընտանիքի անդամների հանդեպ բավականին ցածր է: Շատերը միանգամից ընկալեցին դա որպես հերթական շոու և ուղղակի անցան առաջ՝ առանձնապես չխորանալով դրա մեջ: