Թուրքիայի նախագահը և Պակիստանի վարչապետը շնորհավորել են Փաշինյանին
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:
Իր շնորհավորական ուղերձում Էրդողանը նշել է. «Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում Ձեր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաջողության կապակցությամբ և մաղթում հաջողություններ երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում։
Լիահույս եմ, որ տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն հաստատելու, ինչպես նաև այս ուղղությամբ անհրաժեշտ համագործակցությունն ապահովելու Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ կկյանքի կոչվի։
Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ Ձեզ մաղթում եմ առողջություն և բարօրություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն»։
Նաև Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Պակիստանի վարչապետը։
«Պակիստանի ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ձեր վերընտրվելն արտացոլում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավատն ու վստահությունը Ձեր առաջնորդության և խաղաղ ու առաջադեմ ազգ ունենալու տեսլականի հանդեպ։
Ակնկալում եմ համագործակցություն Ձերդ Գերազանցության հետ պակիստանա-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում և ցանկանում եմ ընդգծել, որ Պակիստանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն ու կառուցողական համագործակցությանը։ Հույս ունենք, որ Ձեր պաշտոնավարման նոր ժամկետը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման առաջմղմանը։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն, ինչպես նաև առաջընթաց ու բարգավաճում Հայաստանի բարեկամ ժողովրդին։
Խնդրում եմ Ձեզ, Ձերդ Գերազանցություն, ընդունել իմ խորին հարգանքի հավաստիքը», - ասվում է ուղերձում: