11.06.2026
Աննախադեպ տեղումներ Գյումրիում. քաղաքի որոշ հատվածներ դարձել են անանցանելի
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ազդարարել է «նոր որակի պետություն» կառուցելու մեկնարկը

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններին հաջորդած կառավարության անդրանիկ նիստում ազդարարել է նոր ռազմավարական ծրագրի մշակման մեկնարկը։ Գլխավոր նպատակը «նոր որակի պետության» կառուցումն է, որի առանցքում քաղաքացու անվտանգության, ազատության և բարեկեցության ապահովումն է։


Հունիսի 11-ին կայացած նիստում շնորհավորելով գործադիրի անդամներին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ի տարբերություն նախորդ երկու դեպքերի, երբ կաբինետը ձևավորվում էր արտահերթ ընտրությունների արդյունքում, այժմ բավարար ժամանակ կա կառուցվածքային և ծրագրային հարցերը հանգիստ պլանավորելու համար։ Նոր ծրագրի շուրջ աշխատանքներն արդեն սկսվել են և կշարունակվեն կառավարության նոր կազմի վերջնական ձևավորումից հետո։


Վարչապետը հատուկ ուշադրություն է դարձրել նախորդ տարիներին կատարված աշխատանքի համապարփակ վերլուծության անհրաժեշտությանը։ Նրա խոսքով՝ պետք է հստակ արձանագրել, թե որ ուղղություններով է հարկավոր մեծացնել ջանքերը, որ նախաձեռնություններից արժե հրաժարվել և որտեղ են արդյունքները դեռևս անբավարար։


Ամենօրյա աշխատանքն առավել արդյունավետ և թիրախային դարձնելու նպատակով Փաշինյանն առաջարկել է նոր փաստաթղթում առանձնացնել հստակ առաջնահերթություններ և անգամ սահմանել «առաջնահերթությունների առաջնահերթություններ»։


Նկատելով, որ ցանկացած ռազմավարություն պետք է լինի ճկուն և արագ համապատասխանի փոփոխվող մարտահրավերներին՝ վարչապետը հիշեցրել է նախորդ ծրագրի գլխավոր թիրախի՝ խաղաղության օրակարգի մասին, որի ուղղությամբ կառավարությունը կարողացել է արդյունքներ գրանցել։


Ամփոփելով խոսքը՝ նա հավելել է, որ սկսվող նոր փուլի հիմնական առանձնահատկությունը ոչ թե կտրուկ ու անսպասելի փոփոխություններն են, այլ արդեն իսկ մեկնարկած աշխատանքների անխափան շարունակականությունն ու արդյունավետության շեշտակի բարձրացումը։

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
Հաջորդ նորություն next