Գազի գինը մինչև գարուն չի փոխվի. նախարարը բացառել է ռիսկերը
Լուսանկարը` usanogh.am
Հայաստանի քաղաքացիներն այս պահին բնական գազի հնարավոր թանկացման վերաբերյալ անհանգստանալու որևէ պատճառ չունեն, քանի որ Ռուսաստանի հետ գործող մատակարարման պայմանագիրն ուժի մեջ է առնվազն մինչև առաջիկա ձմռան ավարտը:
Հունիսի 11-ին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հավաստիացրել է, որ մոտ ապագայում գազի սակագնի փոփոխության հավանականությունը բացառվում է գործող պայմանագրի շնորհիվ: Միևնույն ժամանակ, գերատեսչության ղեկավարը չի հստակեցրել, թե ինչ գնային քաղաքականություն կգործի ձմռանից հետո՝ համաձայնագրի ժամկետի ավարտին։
Ըստ նախարարի՝ ռուսական կողմը պայմանագիրը միակողմանիորեն խզելու ոչ մի հիմք չունի։ Նա վստահեցրել է, որ Երևանն էներգակիրը ստանում է հաստատված ժամանակացույցով և պայմանավորված արժեքով, իսկ գործընկերների հետ աշխատանքային հարաբերությունները մնում են բնականոն հունի մեջ:
Խուդաթյանը հորդորել է արհեստականորեն չստեղծել այնպիսի տպավորություն, թե Հայաստանում ավելի են շահագրգռված գազի սակագնի բարձրացմամբ՝ հավելելով, որ իշխանությունները կառավարում են բոլոր հնարավոր ռիսկերը, և իրական պատկերը շատ ավելի կայուն է, քան հանրային ընկալումներում:
Հայաստանցի պաշտոնյայի այս հայտարարությունները հաջորդում են Մոսկվայից հնչած վերջին նախազգուշացումներին։
Մայիսի վերջին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու և Եվրամիության նման այլ տնտեսական բլոկների ուղղությամբ կողմնորոշվելու դեպքում Ռուսաստանը կդադարեցնի արտոնությունների տրամադրումը և Հայաստանին գազ կվաճառի բացառապես շուկայական գներով: