Դատարանը մերժել է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը
ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է այն։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը:
Նշենք՝ օրեր առաջ ՔԿ-ն հայտնել էր, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի՝ 2009-2016-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանի, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի, ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախկին նախագահ Վիգեն Սարգսյանի, նույն ՊՈԱԿ-ի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հարություն Թադևոսյանի («Երևան-մոլ»-ի նախկին սեփականատեր) նկատմամբ:
Գործն առնչվում է Բրյուսովի անվան համալսարանի՝ 208 մլն դրամ արժեքով գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթին: Որոշումներ են կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին: