Առաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Տոնոյան
«Առաջարկ Հայաստանին» ծրագիրը միասնության մասին է և բոլոր այն անհատները, հանրային, քաղաքական գործիչները, ովքեր այս օրերին միանում են նախաձեռնությանը, նրանք չեն միանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, այլ միանում են «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը կյանքի կոչելու նախաձեռնությանը։ Այս մասին «Հանրային-քաղաքական դաշտը՝ ընտրություններին ընդառաջ» թեմայով քննարկմանը հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունն ու «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը կարողացել է դառնալ հանրային-քաղաքական կյանքի ամենաճանաչելի բրենդներից մեկը: Այդ մասին վկայում են ոչ միայն տարբեր հարցումները, այլ նաև ամենօրյա շփումները։
"Այս ամիսների ընթացքում մենք կարողացանք հանրությանը հասցնել այն մեսիջը, որ «Առաջարկ Հայաստանին»-ը ծրագիր է հենց մարդկանց կողմից ստեղծվող և մարդկանց մասին։ Սկզբունքորեն փոխվել են ծրագրի կազմման հին մոդելները։ Բոլոր քաղաքական ուժերը կարմիր գծի նման մատնանշում են միասնականության, հավաքականության անհրաժեշտության, կարևորության մասին, «Առաջարկ Հայաստանին»-ը հենց սրա մասին է",- ասաց նա։
Իվետա Տոնոյանը հիշեցրեց, որ օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր՝ վերկուսակցական քաղաքական հանրային դաշտի «Նոյան տապան» ստեղծելու գաղափարի մասին, որն «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը կյանքի կոչելու գործնական մեխանիզմը պետք է հանդիսանա։
"Առաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է",-շեշտեց Տոնոյանը: