Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. Hetq
Մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագծի պատվիրման եւ ձեռքբերման ժամանակ հնարավոր հանցագործության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեում քննվող վարույթը նախաձեռնվել է պաշտոնական անփութության հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մաս)։ «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից այլ մանրամասներ չեն հայտնել։
Ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տրանսպորտի եւ մետրոյի ծրագրերի ղեկավար Տիգրան Մուշեղյանը պարզել է, որ մետրոյի նախագծման փաստաթղթերն ամբողջական չեն, իսկ նախագիծը կազմած ընկերությանը վճարվել է ավելին, քան անհրաժեշտ էր։ Հետագայում գնման պայմանագրում փոփոխություններ են կատարվել՝ աշխատանքի ծավալը փոքրացվել է, իսկ գինը՝ 1.8 միլիարդ դրամը, չի նվազեցվել։ Դրա հետևանքով Երևան համայնքը միլիոնավոր դրամների վնաս է կրել։ Պաշտոնյան դիմել էր իրավապահներին, որից հետո Դատախազության հանձնարարությամբ Քրեական ոստիկանությունը օպերատիվ գործողություններ էր սկսել քաղաքապետարանի ԾԻԳ-ում։
Դեռեւս 2025 թ․-ի նոյեմբերին քաղաքապետարանից գրավոր հարցմամբ փորձել էինք տեղեկություններ ստանալ Աջափնյակ կայարանի նախագծի գնման ընթացակարգի վերաբերյալ, սակայն մեր գրավոր հարցման պատասխանն այդպես էլ չէինք ստացել։ Հաշվի առնելով, որ քաղաքապետարանի լրատվական վարչության պաշտոնական [email protected] էլեկտրոնային փոստին ուղարկված հարցմանը, օրենքի խախտմամբ, ընթացք չէր տրվել, այս անգամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (e-request.am) միջոցով դիմեցինք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Պարզվում է՝ Երևանի քաղաքապետարանն այն եզակի կառույցն է, որին միասնական հարթակով ուղղված գրավոր նամակների ընթացքին հնարավոր չէ հետեւել e-request.am կայքով։ Փոխարենը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Մեկ պատուհան» բաժնում պետք է փնտրել նամակի ընթացքի մասին տեղեկություն։
Այս դեպքում եւս չկարողացանք մեր հարցերի պատասխանը ստանալ։ 2026 թ․-ի հունվարի 21-ի մեր հարցումը մուտքագրվել է քաղաքապետարանի քարտուղարություն, ստացել իր հերթական համարը (Դ-5719-26) եւ վերջ։ Հարցման պատասխանի համար սահմանված ժամկետն (09.02.2026) անցնելուց հետո Տիգրան Ավինյանին ուղղված մեր երկրորդ գրավոր հարցումը մնացել է անպատասխան։ Մեր հարցերը վերաբերվում էին Մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի 1.8 միլիարդ դրամ արժեցած նախագծի ձեռքբերման գնման պայմանագրում արված փոփոխություններին։
