Թուրքիան արագացնում է Հայաստանի հետ սահմանի «Ալիջան» անցակետի արդիականացումը
Լուսանկարը` yesiligdir.com
Թուրքիայի իշխանություններն ակտիվացրել են Հայաստանի հետ սահմանին գտնվող «Ալիջան» անցակետի նախապատրաստական աշխատանքները, հայտնում է թուրքական YesilIgdir լրատվամիջոցը։
Իգդիրի նահանգապետ Ֆըրաթ Թաշոլարը տեղում հետևել է ենթակառուցվածքների արդիականացման ընթացքին և զննել սահմանային շինությունները՝ ընդգծելով, որ աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել սեղմ ժամկետներում։
Անցակետի վերագործարկման հիմնական նպատակն է խթանել սահմանային առևտուրը, կրճատել դեպի Կովկաս տանող լոգիստիկ ուղիները և ապահովել զբոսաշրջային շարժը։
Երկու երկրների միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ, սակայն 2021 թվականից կողմերը վերսկսել են դիվանագիտական շփումները հարաբերությունների կարգավորման նպատակով։
Ալիջան-Մարգարա կամուրջը կարճ ժամանակով բացվել էր 2023 թվականի փետրվարին՝ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխելու համար։
Թեև կողմերը պայմանավորվածություն ունեն սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելու վերաբերյալ, հստակ ժամկետներ դեռևս չեն հայտարարվել։
Հարկ է նշել, որ հայկական կողմի «Մարգարա» անցակետն արդեն իսկ լիովին պատրաստ է շահագործման, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի կեսերին ակնարկել էր երկկողմ հարաբերություններում սպասվող զարգացումների մասին։