ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին և հետախուզության հարցերի հանձնաժողովների նախագահները և բարձրաստիճան անդամները միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 գործընկերներին՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանության տարելիցն իր ապրիլքսանչորսյան հայտարարությունում: Այս մասին, հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին, հայտնում է tert.am-ը:
Նախագահին ուղղված նամակին միացածները կոչ են անում «հիշատակել ապրիլի 24-ը որպես ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հիշատակի օր» և նշում, որ «հիշատակելով Հայոց ցեղասպանությունը՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կանխելու ապագա վայրագությունները»:
«Մենք միանում ենք Կոնգրեսի անդամներին՝ նախագահ Թրամփին կոչ անելով մերժել Թուրքիայի լռեցնելու քաղաքականությունը և ընդունել Հայոց ցեղասպանության հարցում ազնիվ դիրքորոշում»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նա նշել է, որ վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ-ն դադարի ձևավորել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկրի ազգային քաղաքականությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանի «ավելի ու ավելի բռնատիրական դարձող և հակաամերիկյան ռեժիմի միջոցով»:
Կոչ անելով նախագահ Թրամփին պատշաճ կերպով հիշատակել ապրիլի 24-ը՝ նամակին միացածները շեշտել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ-ի նախկին փորձը, այդ թվում՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի և Դուայթ Դևիդ Էյզենհաուերի վարչակազմերի կողմից:
Նամակում հիշատակվում են նաև Օսմանյան կայսրության վարած ցեղասպանության քաղաքականության թիրախում հայտնված և հետապնդումների ենթարկված քրիստոնյա ազգերը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսում օրերս կայացած Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում սենատոր Էդ Մարքին իր ելույթը սկսել էր՝ ասելով. «Ճշմարտությունն ասելու համար միշտ հարմար ժամանակ է»։
Դոնալդ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին է խոսել նաև ազդեցիկ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, ում հավաքվածները հատուկ ողջույնի են արժանացրել։ «Այս նախագահը որևէ խոստում չի տվել, նրա շուրջ դիվանագետներ և զինվորականներ չեն, որոնք կընդդիմանային Հայոց ցեղասպանության ճանաչմանը, և միգուցե դա կօգնի: Մենք պետք է համոզենք նրան, որ դա ճիշտ քայլ է, իսկ դա այդպես է, քանի որ մենք չենք կարող աշխարհի առաջատարը համարվել, եթե տարբերակենք, թե որ ցեղասպանությունները պիտի ճանաչենք, որոնք՝ ոչ»,- ասել էր նա։