25.11.2024
Նիկոլ Փաշինյանը՝ Ելք դաշինքի քաղաքապետի թեկնածու
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Որտեղ մենք միջամտում ենք, այնտեղ շահույթ կա, որտեղ չենք միջամտում՝ չկա

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրով նախատեսվում է մասնավորեցնել պետական բաժնեմաս ունեցող 41 առևտրային կազմակերպություն: Այս մասին հայտարարվել է վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած ախորհրդակցությոան ժամանակ:

Խորհրդակցության ընթացքում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության վերլուծություն: Նշվել է, որ 2015-ին ֆինանսատնտեսագիտական վերլուծության ենթարկված 194 կազմակերպությունների ըստ ակտիվների միջին շահութաբերությունը կազմել է ընդամենը 1,2 տոկոս, ակտիվների մեծությունը՝ 752 մլրդ 225 մլն 558 հազար դրամ, շահույթի ընդհանուր ծավալը՝ 8 մլրդ 947 մլն 800 հազար դրամ: Եթե կազմակերպություններն առաջիկայում աշխատեն բանկային վերաֆինանսավորման 6 տոկոս շահութաբերությամբ, ապա շահույթի ծավալը կկազմի 45 մլրդ դրամ:

Վարչապետ Կարապետյանը նկատել է, որ շահութաբերության բարձր ցուցանիշներ արձանագրած ձեռնարկությունները հիմնականում պետպատվեր ստացողներն են.


«Այս վիճակագրության մեջ մի պարզ ճշմարտություն կա. որտեղ մենք միջամտում ենք, այնտեղ շահույթ կա, որտեղ չենք միջամտում, շահույթ չկա: Անհրաժեշտ է շահութաբերության ցուցանիշը բարձրացնել: Այն, որ ներկայիս միջին շահութաբերությունը շատ ցածր է, չի նշանակում, որ պետք է առաջ գնանք 6 տոկոս շահութաբերությամբ: Յուրաքանչյուր նախարար պետք է ուսումնասիրի իր ենթակայությամբ գործող հիմնարկների վերջին երեք տարիների գործունեությունը: Այն ղեկավարը, ով անհույս է՝ պետք է հեռացնել, իսկ նա, ով ներկայացնում է նորմալ ծրագիր՝ ավանսով պետք է նորից նշանակել: Նախարարները պետք է հստակ յուրաքանչյուր ձեռնարկության վերաբերյալ ներկայացնեն առաջարկություն: Վերլուծությամբ պետք է հասկանանք, թե 197 ձեռնարկությունից որոնք ենք սեփականաշնորհում, քանի տնօրենի ենք ժամանակ տալիս: Յուրաքանչյուր ձեռնարկության վերաբերյալ ինձ պետք է ներկայացնեք կանխատեսում, թե ինչ ենք անելու դրա հետ, նաև հանդես գաք վարչական, իրավական, բիզնես առաջարկներով»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Ըստ այդմ, կառավարության ղեկավարը հանձնարարել է սահմանել հստակ ժամանակացույց, ըստ որի նախարարներն անհատական կարգով պետք է ներկայացնեն իրենց համակարգման ոլորտում գտնվող պետական մասնակցությամբ ձեռնարկությունների գործունեության վերլուծություն և առաջարկություններ: