23.11.2024
Ասոցիացիայի համաձայնագրի շատ դրույթներ տեղ կգտնեն Հայաստան-ԵՄ նոր պայմանագրում
prev Նախորդ նորություն

Գերմանիայի դեսպան. Հայաստան-ԵՄ տնտեսական համագործակցության հնարավորությունները սպառված չեն

Հայաստանի և Եվրամիության տնտեսական համագործակցության հնարավորությունները սպառված չեն, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:

Դեսպանը նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի առաջատար երկրներից մեկի՝ Գերմանիայի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա ընթացքում ավելացել է 18%-ով՝ հասնելով 235 միլիոն եվրո: Դիվանագետի խոսքով, այդ ցուցանիշը ցույց է տալիս կողմերի մոտ ցանկության և հնարավորության առկայությունն ավելացնել համագործակցությունը: Դեսպանը, սակայն դժվարացել է որևէ կանախատեսումներ անել այն կոնկրետ ոլորտների ու ուղղությունների մասով, որոնք ներառվելու են Երևանի և Բրյուսելի միջև ստորագրվելիք փաստաթղթում:

Մորելը դժվարացել է պատասխանել լրագրողի այն հարցին, թե ինչու Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընտրություն կատարելիս Հայաստանը կարողացավ զերծ մնալ արյունահեղությունից, իսկ Ուկրաինան՝ ոչ: «Չեմ կարծում, որ ես այն մարդն եմ, ով կարող է ամենալավ կերպով պատասխանել այդ հարցին», - նշել է նա և խորհուրդ է տվել այդ հարցով դիմել Հայաստանում ՌԴ դեսպանին՝ դրանով հասկացնել տալով, որ Արևելյան գործընկերության ապագան մեծամասամբ կախված է Մոսկվայից:

Նա նաև կրկնել է եվրոպացի դիվանագետների կողմից բազմաթիվ անգամ հնչեցված այն միտքը, որ ԵՄ-ի և արևելյան գործընկերների միջև հարաբերությունները պետք է տարբերակված լինեն: «Վիլնյուսի 2013թ.-ի գագաթաժողովից Բրյուսելը անհրաժեշտ դասեր է քաղել», - նշել է դեսպանը:

Նրա խոսքով, եթե Ադրբեջանի սպասելիքները ԵՄ-ից սահմանափակվում են տնտեսական արդիականացմամբ, ապա Հայաստանը դիտարկում է Եվրոպական Միության հետ հարաբերությունները որպես ժողովրդավարական բարեփոխումների շարունակական իրականացման հնարավորություն:

Հիշեցնենք, որ չնայած 2013թ.-ի Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի ընթացքում Հայաստանը չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշման պատճառով, երկու տարի անց Երևանը և Բրյուսելը պատրաստվում են նոր պայմանագիր ստորագրել: Այն հիմնված է լինելու Ասոցացման համաձայնագրի վրա, սակայն հաշվի առնելով նոր իրողությունները՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված:

Ինչպես մինչ այդ հայտնել էր Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը քննարկումների արդյունքում որոշում է կայացվել սկսել Հայաստանի հետ բանակցություններ՝ նոր պայմանագիր ստորագրելու համար:

«Բրյուսելը արդեն դիմել է Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ բանակցությունների մանդատ ստանալու համար: Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում նախանշվել են այն ոլորտները, որոնց շրջանակներում էլ երկխոսելու են ՀՀ և ԵՄ: Խոսքը գնում է վիզային ռեժիմի դյուրացման, քաղավիացիայի ոլորտում համագործակցության, տնտեսական մրցակցության, թափանցիկության, ներդրումների, ծառայությունների, առևտրի և այլն», - նշել է Մելքոնյանը և հավելել, որ նոր համաձայնագիրն իր մեջ չի ներառելու մաքսային կարգավորման և ԵՄ-ի հետ ազատ առևտրի ստեղծման կետերը: