VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում թիվ 1 թեման ԱԺ նախագահի, փոխնախագահի հարցն է: Սերժ Սարգսյանը դեռ որեւէ բան չի ասել, ՀՀԿ-ականներն ասում են՝ ժամանակ կա։ Քննարկվող թեկնածուներից մեկը ՀՀԿ-ին 44 հազար 255 ձայն բերած Կարեն Կարապետյանն է։ Այս դեպքում կունենանք «ԿԿ»-ների կառավարություն՝ վարչապետ եւ ԱԺ նախագահ։ Սակայն հնարավոր է Կարապետյանը չցանկանա դառնել ԱԺ նախագահ, նկրտումներ ունի ընտրություններում քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը, բայց հավանական է՝ նա զբաղեցնի ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը։ ԱԺ փոխնախագահներից մեկը կին պետք է լինի, ՀՀԿ-ում այս հարցում եւս չեն կողմնորոշվել, խոսվում է, որ հնարավոր է պոստը տան կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՅԴ-ին, սակայն ՀՅԴ կին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը շատ անփորձ է։ Երրորդ փոխնախագահը կլինի ընդդիմությունից, ըստ ամենայնի՝ Իշխան Զաքարյանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության խայտառակ պարտությունից հետո նրան պատկանող Հ3 հեռուստաընկերությունում շատ լուրջ կրճատումներ են սկսվել։ Արթուր Բաղդասարյանին սեփական հեռուստատեսությունում արված հսկա ներդրումներն էլ չօգնեցին ԱԺ անցնել։ Նրա արատավորված հեղինակությանը չօգնեց անգամ մի ամբողջ հեռուստաընկերություն: Հիասթափվելով դառը իրականությունից՝ Արթուր Բաղդասարյանը որոշել է չորս աշխատող պահել ամբողջ հեռուստաըներությունում: Մնացածին հեռացնում է»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Երեւանի ավագանու ընտրությունների առաջադրումների 7-րդ օրն է, բայց ԿԸՀ-ն դեռ որեւէ դիմում չի ստացել: Կուսակցություններից ու դաշինքներից որեւէ մեկը այդ ընտրություններին մասնակցելու անգամ հայտարարություն դեռ չի արել: Երեկ փորձեցինք Հանրապետական կուսակցությունից ճշտել, թե ավագանու իրենց ցուցակն իսկապե՞ս նորից գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է գլխավորելու, այսինքն քաղաքապետի թեկնածուն նորի՞ց նա է լինելու: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը պատասխանեց, որ այս անգամ էլ նա կլինի քաղաքապետի իրենց թեկնածուն, բայց այդ որոշումը կկայացնեն գործադիր մարմնի վաղվա նիստում: «Մի շտապեք, սահմանված ժամկետում մեր դիմումը ԿԸՀ կներկայացնենք»,- ասաց նա: Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 9-ն է: Այդ օրը նաեւ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփման վերջնաժամկետն է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործը փակուղի է մտել: Մարտի 24-ից նախաքննություն իրականացնող մարմինը որեւէ քննչական գործողություն չի իրականացնում: Ավելին՝ մինչ օրս գործով ընդամենը մեկ անձ է ցուցմունք տվել կալանավորված անձանց դեմ, մյուսները որեւէ ցուցմունք չեն տվել: Նրանց դեմ ցուցմունք տվող անձի ինքնությունը ԱԱԾ-ն դեռ գաղտնի է պահում: Ինչ վերաբերում է այս գործով գաղտնալսումներին, որոնք ըստ էության հիմք են դարձել, որպեսզի իրավապահները կալանավորեն վերոնշյալ անձանց, ապա այնտեղ էլ կոնկրետ փաստեր չկան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ ձայնագրությունների մեջ ընդհանրապես զենքի մասին խոսք չի եղել: Սակայն քննիչներն ասել են, թե իրենք ենթադրում են, որ ինչ խոսել են՝ հենց հրթիռի մասին է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը կմասնակցի նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին: Այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են, թե ով է լինելու քաղաքապետի՝ ԲՀԿ-ի թեկնածուն: Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե քաղաքապետի թեկնածուն լինելու է Արման Վարդանյանը: Սակայն հիմա հստակ է, որ նրա թեկնածությունը չի հաստատվել: Հիմա քննարկումներ են գնում, եւ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում՝ այդ թեկնածուն լինի գործարար Խաչատուր Սուքիասյանը: Նա խորհրդարանական ընտրություններին եւս պետք է մասնակցեր «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, սակայն վերջին պահին հայտարարեց, որ առհասարակ չի մասնակցում ընտրություններին»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ»-ին տեղեկություններ են հասել, որ Գյումրիում թեեւ ընտրակաշառքի համար սահմանված արժեքը եղել է 10 հազար դրամը, սակայն եղել են թեկնածուներ, որ խոստացել են 15, բայց հինգ հազարը՝ ընտրությունից հետո վճարելու նախապայմանով: Մեր աղբյուրն այսպես մեկնաբանեց այդ տեղեկությունները. «Նրանք, ովքեր նորմալ նկարած ներկայացրել են նկարներ, որտեղ հստակ երեւացել է այն, ինչ պետք է երեւար, իրենց գումարները տրվել են: Չի տրվել նրանց, ովքեր կասկածելի կամ միեւնույն նկարած նկարն են ներկայացրել: Օրինակ, եթե նկարը խավար է եղել, նրանց 5000 չի տրվել»:
Մեկնաբանելով ՀՀԿ-ական թեկնածուների բաժանած ընտրակաշառքի մասին խոսակցությունները, ՀՀԿ-ի Շիրակի շտաբի ղեկավար Սամվել Նիկոյանը մեր թղթակցին ասել է. «Դուք լսել եք միայն ՀՀԿ-ակա՞ն թեկնածուների մասին: Մամուլում գրվեց, որ գրեթե բոլոր կուսակցությունների թեկնածուներն ընտրակաշառք են բաժանում: Ես կարծում եմ, որ եթե բոլոր կողմերից նման հրապարակումներ եղան, դա կարող է ինչ-որ ճշմարտություն պարունակի իր մեջ»: Հարցին՝ լսե՞լ եք, որ ՀՀԿ-ի թեկնածուները ընտրությունից հետո հրաժարվում են տալ խոստացած ընտրակաշառքը, Նիկոյանը պատասխանել է. «Ես լսել եմ բոլորի վերաբերյալ, եթե Դուք սեւեռված եք միայն մի ուղղությամբ, սխալ տեղ եք զանգել: Գիտեք, որ ավելի շատ բաժանողներ են եղել, չգիտե՞ք դրա մասին»:
«Փաստ» թերթը գրում է. «Չնայած ընտրություններում ստացած փոքր ձայներին ու հայտարարությանը, թե «ապրիլի 2–ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը եւս մեկ մեծ հետքայլ արձանագրեց, եւ սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առեւտուր եւ իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն», ՕՐՕ–ն դուրս չի գա փողոց ու իր համակիրների հետ չի գնա փողոցային պայքարի: Երեկ կայացել է ՕՐՕ–ի հետընտրական ժողովը, որի ընթացքում ՕՐՕ–ի ղեկավարները՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը ներկաներին բացատրել են, որ այս պահին փողոցային պայքարի իմաստ չկա: Ասել է թե՝ հետընտրական պայքար չի լինի, ՕՐՕ–ն փողոց դուրս չի գա: Հավաքի ժամանակ հնչել է նաեւ կարծիք, թե «մարդիկ իրենց ձայնը ծախել են իշխանությանը, ի՞նչ պայքարենք»:
Մինչդեռ նախօրեի հայտարարության մեջ ՕՐՕ–ն հայտարարել է. «Փոփոխություններն անխուսափելի են, եւ մենք լինելու ենք այդ փոփոխություններին տանող գործընթացների առաջին շարքերում»: Իրականում չի բացառվում, որ ՕՐՕ–ն փողոցային պայքարի չգնալու այլ պատճառ ունի. թերեւս ՕՐՕ–ում վախենում են քիչ մարդ հավաքել հրապարակում ու, այսպես ասած, խայտառակ լինել: Մեկ–երկու սակավաթիվ ու մարող հավաք, եւ ՕՐՕ–ն արագ կսպառի Սերժ Սարգսյանի իշխանությանը միակ արմատական ընդդիմադիրի իր դերը: Իսկ այլ դերակատարություն այս պահին դաշինքը չի կարող ստանձնել: Միեւնույն ժամանակ «Փաստին» հասած տեղեկություններով, ՕՐՕ–ի ղեկավարներն ասել են, որ դաշինքը չի առանձնանա, կշարունակի համատեղ պայքարը եւ որ այժմ դաշինքի հիմնական խնդիրը ընդդիմությունը կոնսոլիդացնելն է ու ներսից ուժեղանալը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսպիսով, ունենք իրավիճակ, երբ ՀՀԿ-ն ներկայացել է, այսպես ասած, բյուրեղյա ցուցակով, նոր ցուցանակով, նոր դեմքերով, բայց խորհրդարանում է հայտնվել հների կամ, այսպես ասած, ՀՀԿ-ի «80-ականների զենքերի»` ռեյտինգային թեկնածուների, օդիոզ դեմքերի շնորհիվ: ՀՀԿ-ն «հաղթել» է, եւ այժմ պետք է սկսվի հաղթական «ավարի» բաժանումը: Անգամ նրանք, ովքեր դուրս են մնացել, պետք է ստանան իրենց բաժինը կամ առնվազն ակնկալեն, հայացքով գոնե, որով ամեն անգամ կնայեն Սերժ Սարգսյանին: Ի վերջո, նրանք պարտվել են իրենց իսկ կուսակիցների հետ արդար «մարտում», բայց չէ՞ որ ձայն են բերել ՀՀԿ-ին՝ կուսակցությանը: Դրան զուգահեռ՝ ՀՀԿ նոր դեմքերը կամ, այսպես ասած, նոր թիմը հավակնում է իշխանության: Ստացվում է, որ հին «զենքերը» նորերին բերում են իշխանության: Ինչո՞ւ: Միամի՞տ են, թե՞ դրա դիմաց ստանալու են չափազանց թանկ փոխհատուցում…
ՀՀԿ-ում իսկապես առաջանում է հետաքրքրական իրավիճակ՝ ով է տանելու հաղթանակի դափնին: Ակնհայտ է մի բան, որ գործնականում անհնար է կոմպրոմիսը, եթե դրված է համակարգային բարեփոխումների խնդիր: Այսինքն՝ չեն կարող լինել բարեփոխումներ, եթե «80-ականների զենքը» դուրս չի գրվում իշխանությունից: Եթե իշխանության մեջ շարունակվում է նորի եւ հնի խաղաղ գոյակցությունը, ապա դա կնշանակի, որ լճացումն է շարունակվելու, պարզապես լճի մեջ մի քիչ նոր ջուր կավելացնեն, որ ճահճացում չսկսվի: Իսկ Կարեն Կարապետյանն, օրինակ, կգնա՞ նման կոմպրոմիսի: Թե՞ որոշողը լինելու է Սերժ Սարգսյանը, եւ նա ուրախ կլինի, եթե Կարապետյանը կոմպրոմիսի չգնա: Այդ դեպքում նրան կրկին կճանապարհեն Ռուսաստան, իսկ մինչեւ 2022 թվական մի նոր բան հաստատ կմտածեն: Առավել եւս, որ կարծես թե ընդդիմադիր դաշտում նոր բան մտածող չկա»: