Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հարցը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում առանձնազրույց է ունեցել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցերը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է Տաջիկստանի հետ բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու հետագա քայլերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններին և տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը, TRIPP նախագծի և «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացմանը:
Էմոմալի Ռահմոնը ողջունել է Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և հայտնել իր երկրի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում: