9.10.2025
Փաշինյանն ու Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Կառավարությունն ընդլայնում է Արցախից տեղահանվածների համար աջակցության ծրագիրը

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Կառավարությունը գրեթե կրկնապատկում է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված զբաղվածության աջակցության ամենապահանջված բաղադրիչներից մեկի շահառուների թիվը։ Այսօր՝ հոկտեմբերի 9-ին կայացված որոշմամբ, աշխատանքային փորձ ձեռք բերելու և աշխատանքի տեղավորման հնարավորությունից կկարողանա օգտվել 800 քաղաքացի՝ նախկին 430-ի փոխարեն, ինչը կարևոր քայլ է նրանց՝ աշխատաշուկայում ինտեգրվելու համար։


Գործադիրի այսօրվա նիստում հավանության է արժանացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով ընդլայնվում են տեղահանվածների զբաղվածության հնարավորությունները։ Հաշվի առնելով աշխատանքային փորձի ձեռքբերման ուղղության նկատմամբ առկա մեծ պահանջարկը՝ որոշվել է ավելացնել տրամադրվող ֆինանսական միջոցները՝ միջոցառման տարեկան գումարների միջհոդվածային վերաբաշխման միջոցով։


2025 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ ծրագրի տարբեր բաղադրիչներից արդեն իսկ օգտվել է 633 անձ, ինչի համար պետական բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվել է 439 մլն դրամ։ Նախարարությունից հիշեցնում են, որ զբաղվածության ապահովման ծրագիրը շահառուներին առաջարկում է աջակցության մի քանի տարբերակ՝ մասնագիտական ուսուցում՝ հետագա աշխատանքի տեղավորմամբ, աշխատանքային փորձի ձեռքբերում գործատուի մոտ, կամ այս երկու բաղադրիչների համատեղում։


Ծրագրից օգտվելու համար և՛ գործատուները, և՛ Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Իզվեստիա
09.10.2025
«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի մասին չէ». ԱԳՆ-ն հստակեցնում է պաշտոնական դիրքորոշումը