9.10.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Աջակցություն խաղողագործությանը. մթերողները կստանան մինչև 50% բյուջետային երաշխիք

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Խաղողի աննախադեպ բերքի պայմաններում կառավարությունը ոլորտին աջակցելու նոր գործիք է ներդնում։ Այսօրվա նիստում որոշվել է խաղողի մթերման համար ներգրավվող վարկերի գծով տրամադրել մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք։ Այս քայլը նպատակ ունի ապահովել ամբողջ բերքի անխափան մթերումը ֆերմերներից։


Ինչպես նիստի ընթացքում ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, երաշխիքը կտրամադրվի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում տրամադրված վարկերի համար, սակայն դրա չափը չի կարող գերազանցել 2024 թվականին ընկերության կողմից արտահանված արտադրանքի արժեքը։ Նախարարը հստակեցրեց, որ բյուջետային երաշխիքները տրվում են մինչև 27 ամիս մարման ժամկետով՝ առանց ապահովման լրացուցիչ միջոցների։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ մթերողների և խաղողագործների միջև պայմանագրերի կնքման ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը, ինչը թույլ կտա ավելի շատ ընկերությունների օգտվել ծրագրից։


Աջակցության անհրաժեշտությունը, ըստ նախարարի, պայմանավորված է այս տարվա առատ բերքով։ «Ընթացիկ տարում արտադրված խաղողի համախառն բերքը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը», - ասաց նա։


Գևորգ Պապոյանը նշեց, որ օգոստոսի վերջին մեկնարկած մթերումներն իրականացվում են շուրջ 50 կետերում։ Արդեն իսկ մթերվել է մոտ 167 հազար տոննա խաղող՝ նախորդ տարվա նույն օրվա 147 հազար տոննայի դիմաց։ Նախարարի խոսքով՝ այս տարի ընդհանուր առմամբ նախատեսվում է մթերել մինչև 200 հազար տոննա խաղող։

Լուսանկարը` agroexpert.press
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Իզվեստիա
09.10.2025
«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի մասին չէ». ԱԳՆ-ն հստակեցնում է պաշտոնական դիրքորոշումը