«Զվարթնոց»-ի լայնածավալ ընդլայնման համար կներդրվի 500 մլն դոլար
Լուսանկարը` Economy of Armenia
«Armenia International Airports»-ի գլխավոր տնօրենը Forbes-ի նոր համարում պատմել է, որ վերջին երկու տարվա ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը գերազանցել է բոլոր կանխատեսումները՝ հասնելով տարեկան ավելի քան 5,5 միլիոն մարդու, մինչդեռ տերմինալն ի սկզբանե նախատեսված է եղել 3-4 միլիոնի համար։
Մարսելո Վենդեի խոսքով՝ ապագա աճին համապատասխանելու համար Երևանի օդանավակայանը նախատեսում է լայնածավալ ընդլայնում։ Առաջիկա տասը տարվա ընթացքում կկառուցվի նոր տերմինալ, իսկ օդանավակայանի տարածքը կկրկնապատկվի։ Նախագծում կներդրվի շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլար։
Վենդեի հաղորդմամբ՝ նստեցման դարպասների թիվը 6-ից կհասնի 16-ի, իսկ ժամանման, անձնագրային և մաքսային հսկողության գոտիները կընդլայնվեն ավելի քան երկու անգամ։ Բացի այդ, կհայտնվեն նոր սպասասրահներ, կընդարձակվի ավտոկայանատեղին և կբարելավվի հասարակական տրանսպորտի հետ կապը։
Նախատեսվող նորամուծությունների թվում են անձնագրային ավտոմատացված հսկողության համակարգերի և անձնագրերի նոր կենսաչափական համակարգի ներդրումը, ինչը կհեշտացնի Հայաստանի քաղաքացիների ճամփորդությունները՝ հատկապես դեպի Եվրոպա։
Նպատակն է «Զվարթնոցը» դարձնել մրցունակ տարածաշրջանային տրանսպորտային հանգույց (հաբ)։
Վենդեն ընդգծել է, որ նոր ավիաընկերություններ և երթուղիներ ներգրավելու համար ընկերությունը սերտորեն համագործակցում է կառավարության հետ և կազմակերպում ոլորտային միջոցառումներ։ Օրինակ՝ Wizz Air-ն արդեն Երևանում բացել է իր բազան՝ երկու օդանավով, ինչը կընդլայնի դեպի Եվրոպա ուղղությունների ցանկը։
Բանակցություններ են ընթանում նաև ավիափոխադրողների հետ՝ Հնդկաստանի, Չինաստանի և Մերձավոր Արևելքի ուղղությամբ թռիչքներ բացելու համար, իսկ Երևանը դիրքավորվում է որպես հարմար տարանցիկ կետ Եվրոպայի և Ասիայի միջև։
«Armenia International Airports»-ը հանդիսանում է արգենտինական «Corporación América Airports» կոնգլոմերատի դուստր ընկերությունը, որը պատկանում է Էդուարդո Էռնեկյանին։