24.11.2024
Վրաց իրավապահները «Իգլա»-ի գործով ՀՀ քաղաքացի են ձերբակալել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ինչո՞ւ է ՀՀ մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին և ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բանակից հափշտակության հերթական դեպքն է բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՊՆ N զորամասի իրային, պարենային եւ վառելիքաքսուկային նյութերի ծառայության պետ, կոչումով կապիտան Հայկ Խաչատրյանը 2015-2016թթ ընթացքում զինվորական համազգեստներ ու կոշիկներ է հափշտակել: Խաչատրյանը պահեստից վերցրել է մոտ 114 հազար դրամի 20 լրակազմ բամբակյա կեպիով կոստյում եւ այն 200 հազար դրամով վաճառել ՀՀ ՊՆ զորամասերից մեկի իրային ծառայության պետ, կապիտան Ժորա Հովհաննիսյանին: Բացի այդ՝ նա պահեստից հափշտակել է 183 հազար 200 դրամի 20 զույգ ճտքավոր կոշիկ, որոնք, սակայն, վաճառել է Երեւանի «Վերնիսաժ»-ում: Այդ արարքի համար նա դատապարտվել է պայմանական ազատազրկման: Իսկ Ժորա Հովհաննիսյանն էլ գողացված իրեր ձեռք բերելու համար դատապարտվել է 200 հազար դրամ տուգանքի: Հիշեցնենք՝ այս ամենը տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախարար եղած տարիներին»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանությունները իրավապահ համակարգի հետ քննարկել են Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքից նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ինչ-որ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու հարցը: Օհանյանի անունը, հայտնի է, որ շրջանառվում է Նորքի զինված խմբի գործունեության շրջանակներում: Բայց մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Օհանյանի ներգրավումը պայմանավորված կլինի նրա վարքագծով. եթե նա նույնպես Սամվել Բաբայանի նման կոշտ հայտարարություններ ու դիրքորոշում որդեգրի, ապա նրա ներգրավումն անխուսափելի կլինի: Սեյրան Օհանյանին անձամբ որեւէ գործում ներգրավելուն խոչընդոտում է եւս մի հանգամանք՝ նա գրանցված պատգամավորի թեկնածու է եւ ունի որոշակի անձեռնմխելիություն: Եվ եթե նրան հանցագործություն կատարելու պահին չեն բռնել, ապա պարզապես կասկածելով՝ միանգամից չեն կարող ձերբակալել, ինչպես դա արեցին Բաբայանի դեպքում: ԸՕ-ի համաձայն՝ գրանցված թեկնածուի դեպքում քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ: Առանց դրա նա չի կարող զրկվել ազատությունից: Իսկ ԿԸՀ-ն նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Իշխանություններն առայժմ չեն ցանկանում ԿԸՀ-ին նման որոշում կայացնելու փորձության ենթարկել»:


«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի իրավունքն է՝ որոշել՝ մասնակցե՞լ այդ զորավարժություններին, թե՞ ոչ։ Չեմ կարծում, թե սա Մոսկվայի հետ քննարկված որոշում չէ, քանի որ ՀՀ Պաշտպանության նորանշանակ նախարարն իր նշանակումից անմիջապես հետո եղել է ինչպես՝ Մոսկվայում, այնպես էլ՝ Թբիլիսիում, բավականին հագեցած այցերով, Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ վերջերս, որից հետո եղել է նաեւ Ռուսաստանում։ Կարծում եմ՝ այդ այցերի ընթացքում էլ այս հարցերը քննարկվել եւ հստակեցվել են։ Չեմ կարծում` Երեւանն անտեղյակ լինի, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին ՀՀ մասնակցության մասին տեղեկությանը՝ այս մասին է ասել ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը։


Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին էլ ասել է՝ եթե Հայաստանը խորացնում է Մոսկվայի հետ ռազմական հարաբերությունները՝ զուգահեռաբար համաձայնագիր նախաստորագրելով Բրյուսելի հետ, մասնակցելով ՆԱՏՕ-ի զորավարժության, նշանակում է՝ կարողացել է լեզու գտնել Մոսկվայի հետ եւ երաշխիքներ տալ, որ Հայաստանը չի անցնի կարմիր գիծը, քանի որ իսկապես տպավորություն է, որ Հայաստանը բավականին ազատ է գործում Արեւմուտքի հետ, այնինչ հայտնի է, թե ինչպես է գործում պուտինյան քաղաքականությունը։ «Ինձ համար դրական անակնկալ էր Հայաստանի մասնակցության լուրը, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանն է՛լ ավելի է խորացրել իր ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Այս ֆոնին տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանը չի կարողանալու շարունակել Արեւմուտքի հետ նույնիսկ ամենափոքր համագործակցությունները հաջողել, ինչպիսին Ասոցացման համաձայնագիրն էր»,- ասել է նա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Իգլայի» գործը միակը չէ, որ հարուցված է Սամվել Բաբայանի դեմ: Բանն այն է, որ ամիսներ առաջ նա հաղորդում էր ներկայացրել մեկի դեմ՝ նշելով, թե վերջինս առանց իր գիտության վաճառել է իր տունը եւ գումարը չի տվել: Մոտ կես տարի տեւած քննությամբ իրավապահները պարզել են, որ նման բան չկա, գործը կարճել են, փոխարենը Արցախի հերոսի դեմ այս տարվա փետրվարին գործ են հարուցել՝ սուտ մատնություն, ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով, այն է՝ հանցագործության մասին սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Տեղեկությունը ճշտելու համար մենք հարցում էինք ուղարկել Գլխավոր դատախազություն, որտեղից պատասխանն ուշանում է: Կփորձենք մանրամասներ իմանալ նախաքննություն իրականացնող մարմնից»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Եվրոպա–Թուրքիա հակամարտությունը գնալով սրվում է` աստիճանաբար ձեռք բերելով նաև կրոնական բաղադրիչ: «ԵՄ անդամ երկրների ղեկավարները հանդիպել են Վատիկանում: Սա ի՞նչ է նշանակում, ինչո՞ւ հենց Վատիկանում: Հռոմի պապն այդ երբվանի՞ց է ԵՄ անդամ: Այդ խաչակիր դաշինքն ի վերջո իր դեմքը ցույց տվեց: Թուրքիային թույլ չեն տալիս մտնել ԵՄ, քանի որ մահմեդական ենք»,– հայտարարել է Էրդողանը:


Բայց խնդիրը միայն Էրդողանի այս հայտարարությունը չէ: Իրականում այս կոնֆլիկտը և ԵՄ անդամ երկրների կողմից Թուրքիայի նկատմամբ կեցվածքը շատ բանով պայմանավորված է Եվրոպայի քրիստոնյա գոյությունն ապահովելու և պաշտպանելու անհանգստությամբ նաև: Կա խիստ մտահոգիչ վիճակագրություն Եվրոպայում դեմոգրաֆիկ պատկերի առնչությամբ: Համաձայն կատարված վերլուծությունների` որպեսզի ազգն ապրի ավելի քան 25 տարի, մեկ ընտանիքին բաժին ընկնող ծնելիության գործակիցը պետք է լինի 2,11: Եթե գործակիցը ցածր է, ազգը ոչնչանում է: Պատմությունը վկայում է, որ 1,9 գործակցի դեպքում որևէ ազգ չի կարողացել գոյությունը պահպանել: ԵՄ տարածքում ծնելիության գործակիցը միջին հաշվով 1,38 է, այսինքն` մեկ ընտանիքին բաժին է ընկնում 1,38 երեխա: Մասնավորապես , Ֆրանիսայում 1,8 է, Մեծ Բրիտանիայում` 1,6, Հունաստանում` 1,3, Իտալիայում` 1,2, Իսպանիայում` 1,1 և այլն: Այս տվյալները վկայում են, որ տարիների ընթացքում այն Եվրոպան, որը մենք գիտենք, կդադարի գոյություն ունենալ:


Այս ամենով հանդերձ, Եվրոպայի բնակչությունը չի նվազում: Ու դա տեղի է ունենում ներգաղթի հաշվին: Ըստ նույն այդ վիճակագրության, 1990 թ. ի վեր Եվրոպայի բնակչության աճը 90%–ով տեղի է ունենում իսլամական միգրացիայի հաշվին: Այսօր Եվրոպայում մահմեդականների թիվը և նրանց աճի տեմպերը խիստ մտահոգիչ են: Խոսենք թվերով: Ֆրանսիայում մինչև 20 տարեկան անձանց 30%–ը մուսուլման է: Փարիզում, Նիցցայում, Մարսելում և այլ մեծ քաղաքներում այդ տոկոսը հասել է մինչև 45: 2027 թ. յուրաքանչյուր 5–րդ ֆրանսիացին կլինի մահմեդական: Հոլանդիայում նորածինների 50% արաբ/մուսուլման է: Իսկ դա նշանակում է, որ 15 տարի հետո հոլանդացիների կեսը կլինի մահմեդական: Բելգիայի բնակչության 25%–ը և նորածինների 50%–ը մահմեդական է: Բելգիայի կառավարությունը հաստատել է, որ 2025 թ. Եվրոպայի երեխաների 1/3 կլինեն մուսուլմաններ: Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ գերմանացիների ծնելիության նվազումն այլևս կանգնեցնել հնարավոր չէ: Գործընթացն անշրջելի է: Ուստի 2025 թ. Գերմանիան կվերածվի իսլամական պետության:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից «վտակվելու» բուն պատճառը եղել է այն, որ վերջինս «ակնհայտվել» է ՕՐՕ դաշինքը «համակարգելու»-մոդերացնելու, «Ծառուկյան» դաշինքին այն կցելու գործում, ինչի անթույլատրելիության մասին բարձր մակարդակով նրան զգուշացրել են: «Ակնհայտվելուց» մեկի շաբաթ հետո Հովիկ Աբրահամյանը ստիպված է եղել դիմում գրել, դուրս գալ ՀՀԿ-ից: Նույն աղբյուրների փոխանցմամբ, ՕՐՕ-ի «համակարգումը» ոչ այնքան խորհրդարան մտնելու, որքան հետընտրական զարգացումների նպատակ է հետանդել, սակայն Սամվել Բաբայանի «վաղաժամ» մեկուսացումը փաստացի վիժեցրեց նաեւ պլան «բ»-ն: «Համակարգողները» այս օրերին աշխատում են պլան «գ»-ի վրա»:


«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, հանդիպում է խնդրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Առաջարկը չի մերժվել, այսօր կամ վաղը Սամվել Կարապետյանը Աբրահամյանների տանը ճաշի է հրավիրված, որի ժամանակ խոսելու են հետագա հնարավոր համագործակցության և ներքաղաքական դասավորությունների շուրջ։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը Արգամ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքի քավորն է: Սամվել Կարապետյանը մեծապես նպաստում է վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքերի ամրացմանը։ Այս այցը հենց այդ շրջանակներում է։