Վրաց իրավապահները «Իգլա»-ի գործով ՀՀ քաղաքացի են ձերբակալել
Վրաստանի Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են Հայաստան «Իգլա» բերելու գործով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից հետախուզվող 40-ամյա ՀՀ քաղաքացու:
Հայաստանի իրավապահ մարմինների գրության հիման վրա մարտի 27-ին, Թբիլիսիի Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցում՝ Գինու բլուր խաչմերուկում ձերբակալվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետով և 235.1 հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով հետախուզվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ 1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ն:
Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին ասել էր, որ հայկական սահմանային անցակետում Հայաստանի երեք քաղաքացիների ձերբակալման գործով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կապի մեջ է հայաստանյան իր գործընկերների հետ:
Հիշեցնենք, մարտի 22-ին ԱԱԾ-ն հանդես եկավ հաղորդագրությամբ, որում նշված էր, որ Սամվել Բաբայանը, ինչպես նաև երկու այլ քաղաքացիներ ձերբակալվել են նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ռազմամթերքի մաքսանենգության համար: Սամվել Բաբայանին և նրա հանցակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ հարցաքննության ընթացքում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւ մյուս կալանավորվածները ընդունել են իրենց առնչությունը «Իգլա»-ի արձակման խողովակ և «9М39» տեսակի հրթիռի ապօրինի շրջանառությանը եւ տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ: