Չեխական Tatra Trucks և Zenon Limited Liability Company ընկերությունների միջև կնքված հուշագրի համաձայն, Կոտայքի մարզում կհիմնադրվի Tatra բեռնատար մեքենաներ արտադրող գործարան:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արտաշատի ԳԳՄ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնել է, որ այս կերպ փորձում են արձագանքել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ներդրումներ ներգրավելու կոչին: «Չեխական կողմն իմ ընկերներն են: Վարչապետի հետ էլ երկար տարիներ աշխատել եմ: Ես կապող օղակն եմ»,- մանրամասնեց Հարությունյանը՝ հավելելով, որ գործարանի հիմնադրման մասին բանակցությունները սկսվել են դեռևս նոյեմբերին:
«Նոյեմբերին սկսեցինք բանակցությունները չեխական կողմի հետ: Այնուհետև անձամբ հանդիպեցի ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ: Ներկայացրեցի նրան մեր նախնական պայմանավորվածությունները: Իրանական կողմն էլ մեծ ոգևորությամբ ընդունեց լուրը՝ հաշվի առնելով եվրոպական պատժամիջոցները: Այսպիսով, մենք նաև մեծ շուկա ապահովեցինք բեռնատարների սպառման համար»,- նշեց Հարությունյանը:
Նրա խոսքով, սա այն դեպքերից է, երբ գործարքի 3 կողմն էլ՝ չեխականը, հայկականն ու իրանականը, հավասարապես ոգևորված են, և երեքն էլ կշահեն գործարանի հիմնադրումից: Հարությունյանի խոսքով, բեռնատարները փոխանակվելու են իրանական արտադրանքի հետ, որը կարող է սպառվել ինչպես հայկական շուկայում, այնպես էլ ռուսական:
«Չեխական կողմը նոր շուկա կիրացնի, իրանականը՝ նոր արտադրանքից կօգտվի, մենք էլ նոր աշխատատեղեր կստեղծենք»,- նշեց Հարությունյանն ու հավելեց, որ ծրագրի 2-րդ փուլով նախատեսում են հայաստանյան գործարանում համակցված բեռնատարներն իրացնել նաև ռուսաստանյան շուկայում՝ հաշվի առնելով նաև այնտեղ գործող պատժամիջոցները.
«Ոչ մի սանկցիա չի կարող հավերժ լինել: Մենք պետք է հասցնենք օգտվել այժմ ստեղծված իրավիճակից, քանի որ եթե կարողանանք այստեղ գործարան հիմնել ու մտնել իրանական շուկա, անգամ պատժամիջոցների վերացումից հետո համակարգը կշարունակի գործել»:
ԻԻՀ դեսպանի հետ հանդիպումից հետո Zenon ընկերությունից հայկական կողմի ներկայացուցիչներն այցելել են Չեխիա և գործակցության հուշագիր կնքել Tatra Trucks-ի հետ, ինչը բանակցությունները դրել է իրավական հիմքի վրա:
Ընտրվել է նաև գործարանի կառուցման վայրը: Անդրանիկ Հարությունյանը մանրամասնեց, որ Աբովյան քաղաքում արդեն վաղուց չգործող գործարանային տարածք կա, որը կարող է վերածվել նոր արտադրամասի:
«Չեխական ընկերության ինժեներներն այս շաբաթվա ընթացքում գալու են Հայաստան, պետք է ուսումնասիրեն շինությունը, իրենց գնահատականը տան: Եթե այն համապատասխանի իրենց ներկայացրած չափանիշներին, կանցնենք գործարանային հարթակի ստեղծմանն ու սարքավորումների տեղադրմանը»: Գործրագրի ավարտական փուլում նախատեսվում է 2000 նոր աշխատատեղի ստեղծում: