VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ո՛չ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, ո՛չ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» կարծես թե որոշել են ընտրություններից հետո չընդգրկվել կոալիցիայի մեջ և սպասելու են մինչև 2018-ի ապրիլի 9-ը։ ՀՅԴ-ն այդպիսի խնդիր չունի և Սերժ Սարգսյանի հրավերով Դաշնակցությունը մաս կկազմի նոր կառավարությանը։ ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի կոալիցիայում ընդգրկվելուն դեմ է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց երկուսն էլ հասկանում են, որ 2018-ի ապրիլի 9-ից նոր Սահմանադրության համաձայն՝ Կարեն Կարապետյանը բնակության տեղեկանքի խնդիր ունի և գրեթե վստահ են, որ նա չի կարող դառնալ վարչապետ, ուստի ակնկալում են, որ եթե վարչապետի պաշտոնը ստանձնի Սերժ Սարգսյանը՝ իրենք անպայման կհրավիրվեն մաս կազմելու նրա գլխավորած կառավարության։ Սերժ Սարգսյանը, կարծես, երկու ուժերին էլ պատրաստ է դիտարկել 2018-ից հետո, թեև հակված է ՀՀԿ-ի համար 50 պլյուս տեղ ապահովել նոր ԱԺ-ում։ Միևնույն ժամանակ երկու ուժերի համար էլ էական հարց կա։ Այս տարի՝ մինչև հունիս ամիսը, երկու ուժերը պետք է ՀՀ երրորդ քաղաքում՝ Վանաձորում՝ որպես առաջին քայլ կոալիցիայի մաս կազմելուց առաջ պետք է մասնակցեն ավագանու նիստերին և քվորում ապահովեն։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ դեսպանատունը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր է՝ անցանկալի անձանց ևս մեկ «սև ցուցակ» պատրաստի։ Ընդ որում՝ ցուցակում կարող են հայտնվել ոչ միայն ընտրությունների բնականոն ընթացքը խաթարող քրեական տարրերը, այլև ընտրություններին մասնակից ռեյտինգային թեկնածուները, որոնց վերաբերյալ բազում ապացույցներ են շրջանառվում ընտրակաշառքի և տարբեր բռնությունների մասին։ Դրանց թվում են՝ Միհրան Պողոսյանը, Արման (Գալուստի) Սահակյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս), Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադը), Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ), Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց), ովքեր Մարտի 1-ի իրադարձություններից հետո արդեն մեկ այլ սև ցուցակում են, և 2008 թվականից ի վեր չեն կարողանում այցելել այդ երկիր։ Չի բացառվում, որ այդպիսի ցուցակ պատրաստի նաև ԵՄ-ն։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ-ից դուրս եկած Հովիկ Աբրահամյանը փորձում է այնքան էլ մեկուսացված կյանքով չապրել։ Տեղեկություն կա, որ «վտակվելուց» հետո մեկ անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, երբեմն-երբեմն հեռախոսազրույց է ունենում Գալուստ Գրիգորիչի հետ: Չնայած հակառակ պնդումները եւս կան. Արփինե Հովհաննիսյանի դեմ վերջին դեմարշն էլ լավատեղյակները հենց Հովիկ Աբրահամյանի «ձեռի գործն» են համարում: Բոլոր դեպքերում, Աբրահամյանին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ «հին գվարդիան», նրանց հետ նաեւ Հովիկ Աբրահամյանը, ցանկանում են, որ 2018-ին Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, ոչ թե Կարեն Կարապետյանը, եւ նրանց հիմնական դեմարշը Կարեն Կարապետյանի դեմ է: Ի դեպ, այդ դեմարշին չի մասնակցում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ասում են` նա խաղում է Կարեն Կարապետյանի կողմից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ Մհեր Սեդրակյանենց օջախում հավաքվել են որդու` Դավիթի մտերիմ ընկերները` իրենց կանանց հետ, հրաժեշտ տալու Կանադա, ըստ ամենայնի, մշտական բնակության մեկնող Դավիթին, ով վերջերս է հրաժարական տվել կադաստրի պետի տեղակալի պաշտոնից` հոր եւ իրենց ընտանիքի նկատմամբ սկսված «վհուկների որսի» պատճառով: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Թոխմախի Մհերի մանկապարտեզի վարիչ դուստրն էր հրաժարական տվել: Ըստ մասնակիցների` «Մհեր ձյաձյայի տրամադրությունը հեչ բանի նման չէր»: Ի դեպ, այս արշավանքը Թոխմախի «վոտչինայի» նկատմամբ սկսվել է դեռ ընտրություններից առաջ, երբ «համապատասխանները» նախագահականին զեկուցել են, որ Մհեր Սեդրակյանը որոշ «բարձրաձայնումներ» է անում ՀՀԿ-ի ու նրա լիդերի մասին»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բոլոր քաղաքական ուժերը պետք է իրենց համաձայնությունը տային, ինչը չեն արել»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովը՝ անդրադառնալով ընտրությունների օրը ապրիլից 2-ից տեղափոխելու հնարավորությանը: Կիրակի օրը Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կոչ էր արել ընտրություններին մասնակից դաշինքներին եւ կուսակցություններին՝ համաձայնության գալ եւ առաջարկել իշխանությանը՝ ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ը: Մեր հարցին, թե միգուցե իշխանություննե՞ր նման նախաձեռնությամբ հանդես գան, հատկապես որ Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմը նկատի ունենալով՝ չէր բացառել 4-5 օրով հետաձգելը: «ՀՀԿ-ն իր կարծիքն ասել է ամիսներ առաջ եւ մեր կարծիքը մնում է նույնը՝ եթե բոլոր քաղաքական ուժերը գտնեն, որ պետք է օրը փոխվի, մենք պատրաստ ենք քննարկել: Փոխողը մենք չենք, պետական լիազոր մարմինն է: Այսօր արդեն ԿԸՀ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ»,- հավելեց Շարմազանովը: «Ընտրությունների օրը նշանակված է, մենք այդ հաշվարկով իրականացնում ենք մեր գործառույթները»,- ասել էր Մուկուչյանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի գիշերը հերթական նախընտրական զինված միջադեպն է գրանցվել: Այս անգամ թիրախում եղել են Արագածոտնի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից Լյովա Խաչատրյանի կողմնակիցները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դանակահարվածներից մեկը Լյովա Խաչատրյանի սանիկն է՝ 32-ամյա Արամ Ասատրյանը, որը Ապարանի տարածաշրջանի Քուչակ գյուղում Խաչատրյանի նախընտրական շտաբի պետն է: Արամ Ասատրյանին ծանր վիճակում տեղափոխել են Երեւան, հիվանդանոցում 2 անգամ վիրահատել են` փայծաղն ու երիկամը: Դանակահարվել է նաեւ Խաչատրյանի կողմնակիցներից 24-ամյա Մանուկ Հովսեփյանը. նրա վիճակը համեմատաբար լավ է, եւ գտնվում է Ապարանի հիվանդանոցում: ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից պատգամավոր Արագած Ախոյանը իրենց մարզում կատարվածի մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Միջադեպը եղել է «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից Լյովա Խաչատրյանի շտաբի անդամի եւ Սեդրակ Առուստամյանի (նույն մարզում ռեյտինգային կարգով առաջադրվել է Ս. Առուստամյանի դուստրը՝ Նորա Առուստամյանը) շտաբի անդամի միջեւ. պատճառը ռեյտինգային խնդիրներն են, ինչ-որ հեռախոսով չեն հասկացել, իրար հետո հանդիպել են»,- ասաց պատգամավոր Ախոյանը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ հայր ու որդի են եղել բարիկադի տարբեր կողմերում. հայրը Խաչատրյանի կողմնակիցն է, իսկ որդին` Առուստամյանի: Վիճաբանությունը եղել է Շենահան եւ Հարթավան գյուղերի խաչմերուկում՝ բենզալցակայանի մոտ, որտեղ եւ Լ. Խաչատրյանի կողմնակիցներին դանակահարել են: Ընդ որում, Խաչատրյանի շտաբի անդամները եղել են երեք հոգով, մյուս կողմը՝ մոտ տասը հոգով: Հատկանշական է այն փաստը, որ այս միջադեպի մասին ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ նախընտրական շտաբները որեւէ տեղեկություն չէին տարածել, եւ եթե չլիներ լրատվամիջոցներով ինֆորմացիոն արտահոսքը, միգուցե կատարվածը ծածկադմփոց արվեր: Չնայած, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով, իրավապահներին հրահանգված է ամեն կերպ «փակել» միջադեպը՝ առանց քաղաքական աստառ տալու»: