Սեմյոն Բաղդասարով. ԱՄՆ-ը և Թուրքիան օգտագործելու են օդուժն Ասադի դեմ
ԱՄՆ-ը և Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայի ընդդիմությանը օդից աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Խոսքը գնում է այն ջոկատների մասին, որոնց Վաշինգտոնը և Անկարան փետրվարից համաձայնվել են մարզել՝ Իսլամական պետության դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ինչը Սիրիայի իշխանությունները գնահատել են որպես ագրեսիայի ակտ:
Ռազմական փորձագետ Անատոլի Նեսմիյանը նշել է, որ այս պահի դրությամբ Իսլամական պետությունը վերահսկում է Սիրիայի տարածքի գրեթե կեսը, իսկ հնագույն Պալմիրայի գրավումը՝ իսլամիստների լուրջ հաղթանակն է: Դեյր-էզ-Զորում գտնվող սիրիական ԶՈւ-րի խմբավորումը փաստորեն հայտնվել է օպերատիվ շրջափակման մեջ և խզվել է նրա կապը հիմնական ուժերի հետ: Մարտի վերջին Ջեբհատ ան-Նուսրայի ուժերը գրավել են 100.000-ոց Իդլիբ քաղաքը:
Նրա խոսքով, միակ վայրը Սիրիայում, որտեղ որոշակի հաջողություններ կան Լիբանանի հետ սահմանակից Կալամուն շրջանն է: Այնտեղ շրջափակված խմբավորումն աստիճանաբար լքում է գրաված տարածքը: Այդ մասին փոխանցում է svpressa.ru կայքը:
Փորձագետը նշել է, որ Բաշար Ասադի կողմնակիցների բարոյական վիճակը բավականին ծանր է, երկրի տնտեսությունը գրեթե ամբողջովին կազմաքանդված է, գյուղատնտեսությունը դեռևս շնչում է միայն Լաթաքիայում: Պատերազմը արդեն ընթանում է 5-րդ տարին, իսկ ԱՄՆ-ը անպայման կփորձի վերջնականապես տապալել Ասադին:
Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը նշել է, որ ԱՄՆ-ը և Թուրքիան օգտագործելու են ավիացիան Բաշար Ասադի ռեժիմի դեմ:
«Թուրքիան և ԱՄՆ-ը կարողացել են հավաքել կոալիցիա՝ Ջեյշ ալ-Ֆաթեհը, որի մեջ են մտնում մի շարք կառույցներ՝ Սիրիայի ազատ բանակը և Ջաբհատ ան-Նուսրան: Կոալիցիայի թվաքանակը հասնում է 25-30.000 մարդ: Հենց այդ կոալիցիային էլ ամերիկացիները և թուրքերը պատրաստվում են աջակցել օդից: Իսկ հաշվի առնելով, որ նրանք պայքարում են Ասադի դեմ, պարզ է, թե ում դեմ է օգտագործվելու թուրքերի և ամերիկացիների ավիացիան», - նշել է Բաղդասարովը:
Նրա խոսքով, Սիրիան այլևս երբեք չի վերականգնվի որպես միասնական պետություն: «Կարծում եմ, որ Ասադի թիմն այժմ մտածում է ալևիական առանձին պետության ստեղծման մասին, որը գոյություն է ունեցել 1930-ական թթ.-ին, որի մեջ կմտեն Լաթակիայից բացի նաև Հալեպը և Դամասկոսը: Սակայն հարց է, թե ինչպես սիրիացիները կկարողանան ապահովել լոգիստիկան և պահպանել այդ քաղաքները: Նրանց մնում է միայն պայքարել, քանի որ հակառակ պարագայում նրանց բոլորին կկոտորեն»:
Ըստ նրա, եթե Ասադին տապալեն, տարածաշրջանում կուժեղանան ԱՄՆ-ի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի դիրքերը: Օրինակ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երազում է, որպեսզի Սիրիայում իշխանության գան «Մուսուլման-եղբայրները», որոնք իրենց հայացքները կուղղեն դեպի Թուրքիա և այնտեղ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: