VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
"Հրապարակ" օրաթերթը գրում է. Իշխանության ներսում շրջանառվող տեղեկության համաձայն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը: Հիշեցնենք, որ ռուսական կողմը փորձում է Սյունիքում հյուպատոսություն բացել դեռեւս 2023 թվականից։ Մինչդեռ 2022-ից Կապանում հյուպատոսություն ունի նաեւ Իրանը, մոտ օրերս էլ Ֆրանսիայի հյուպատոսություն է բացվելու Գորիսում։ Չնայած ռուսական կողմը հայտարարել է, որ մինչեւ մայիսի վերջ կլինի կոնկրետ պայմանավորվածություն, սակայն մեր աղբյուրներն ասում են՝ ամեն ինչ արվելու է, որ հյուպատոսությունը չբացվի։ Երեկ կապանցի ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը մեր հարցին, թե ինչու է ձգվում բացումը, աբսուրդ պատասխան տվեց, թե խնդիրը համայնքապետի դաշտում է՝ տարածքի խնդիրը չի լուծվում, հյուպատոսության համար տարածք են ման գալիս, ինչն էլ ձգձգման պատճառն է։
"Հրապարակ" օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Տիգրան Վարդապետյանը, որը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրն է, աշխատանքից ազատվել է։ Նորք-Մարաշի վարչական ղեկավար Միքայել Օհանյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նա սեփական դիմումի համաձայն է ազատվել՝ 15-20 օր առաջ, տեղափոխվել է մասնավոր ոլորտ։ Տիգրան Վարդապետյանի փոխարեն նշանակվել է Արթուր Մաղաքյանը, որի մասին թաղապետն ասաց՝ մոտ օրերս կայքում կենսագրությունը կհրապարակվի։ Նշենք, որ Տիգրան Վարդապետյանը 2021-2022թթ․ աշխատել է «Մենեջմենթ սիսթեմզ ինթերնեշնլ»-ում (ԱՄՆ ՄԶԳ)` որպես փորձագետ (Սյունիքի մարզ): 2022-ին նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ, երբ քույրը Փաշինյանի օգնականն էր։ Իսկ երբ Աննա Վարդապետյանը նշանակվեց գլխավոր դատախազ, եղբայրն էլ սինքրոն առաջխաղացում ունեցավ՝ նշանակվելով թաղապետի տեղակալ:
"Հրապարակ" օրաթերթը գրում է. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով, սակայն մերժում է ստացել, բայց նորից է փորձում՝ հույս ունենալով, որ գոնե մի հարցում օգտակար կլինի պետությանը՝ մինչեւ Հայաստան վերադառնալը։ Գրել ենք, որ Մակունցի ձախողումը սկսվել է նշանակման օրվանից, երբ հայ համայնքի հետ չկարողացավ լեզու գտնել։ Եվ առավել խորացավ այն ժամանակ, երբ Բայդեն-Թրամփ մրցապայքարի ժամանակ բացառապես Բայդենի թիմի հետ էր շփվում՝ վստահ, որ Քամալա Հարիսն է հաղթելու։ Եվս մի կիքս էլ տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Վենսի եւ Փաշինյանի հայտնի հանդիպման ժամանակ, երբ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Փաշինյանը տեղեկացել է, որ այդ կարճատեւ հանդիպումը ոչ թե Մակունցն է կազմակերպել, այլ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քուինը, բայց Մակունցը փորձել է սեփականացնել այդ «հաջողությունը»։ Հիմա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի «շնորհիվ» մեր հարաբերություններն այնքան են փչացել Թրամփի վարչակազմի հետ, որ ստիպված են կես միլիոն դոլար ծախսել՝ պրոֆեսիոնալ լոբբիստներ վարձել։ Իսկ Մակունցը, չնայած ջանքերին՝ գործուղումը երկարաձգելու, օգոստոսին հետ է կանչվում Հայաստան։ Մենք գրել էինք, որ այդ տեղի վրա աչք ունի ներկայիս սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, սակայն ասում են՝ Փաշինյանը փնտրում է հմուտ դիվանագետ՝ հասկանալով, որ ԱՄՆ վարչակարգի հետ աշխատանքն ամեն դիլետանտի խելքի բանը չէ։
"Հրապարակ" օրաթերթը գրում է. Գրել ենք, որ «Արթուն ենք» նախաձեռնության իմպիչմենտի գործընթացի ամենահավանական թեկնածուն ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է, որի անունը վերջին օրերին քննարկվում է։ Երրորդ նախագահի թիմի համար Վանեցյանը կարծես ընդունելի թեկնածու է, մինչդեռ երկրորդ նախագահը շարունակում է թերահավատորեն մոտենալ բուն գործընթացին եւ Իշխան Սաղաթելյանի միջոցով Վանեցյանին որոշ մեսիջներ է փոխանցել, որ պետք չէ մտնել անհեռանկարային մի գործընթացի մեջ, որի ելքն ի սկզբանե կանխորոշված է։ Միեւնույն ժամանակ ասել է, որ եթե Վանեցյանը կարողանա ութ պատգամավորի ստորագրություն հավաքել իր թեկնածության շուրջ, իր խմբակցության 28 պատգամավորի աջակցությունը կստանա։ Բացի այդ՝ վստահեցրել է, որ Վանեցյանը բավականին բարձր վարկանիշ ունի եւ ճիշտ կլինի՝ պատրաստվի հաջորդ ընտրություններին, հատկապես որ, եթե մտնի իմպիչմենտի գործընթացի մեջ, ինքը չի կարող երաշխավորել, որ իր թիմը չի քննադատի Վանեցյանին։
Տեղեկացանք նաեւ, որ Արթուր Վանեցյանը մեկնել է Մոսկվա, մտերիմները վստահեցնում են, որ գնացել է մոսկվաբնակ եղբոր հետ խորհրդակցելու՝ իր առաջադրման մասին, եւ վերադառնալու է մայիսի 31-ին։ Քաղաքական շրջանակները չեն բացառում, որ նա ուղեւորության ընթացքում նաեւ որոշ ռուս պաշտոնյաների հետ կհանդիպի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՔՊ վարչությունում որոշվել է մարզեր գործուղել տարբեր ՔՊ-ականների, ովքեր հանրության շրջանում հեղինակություն ունեն: ՔՊ-ականները պետք է հանդիպումներ ունենան մարզերի բնակիչների հետ, այնուհետև Նիկոլ Փաշինյանին ներկայացնեն, թե ինչ տրամադրություններ կան իրենց կուսակցության վերաբերյալ, արդյոք 2026 թվականին շանս ունեն ընտրվելու: Այդ «առաքելությունն» անձամբ վստահված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Մանավազյանին, Վահագն Ալեքսանյանին ու տվյալ մարզի մի պատգամավորի, որը պետք է շրջի նրանց հետ, եթե, իհարկե, հեղինակություն ունի: Ըստ ՔՊ-ամերձ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը իր ամենավստահելի մարդկանցից մեկից՝ պատգամավոր Արուսյակ Մանավազյանից, պահանջել է ռեալ պատկեր ներկայացնել, և առաջիկա շաբաթներին ՔՊ-ականները մարզային այցերի են գնալու: Փաշինյանը ևս շրջելու է մարզերում, բայց Կառավարության ներկայացուցիչների հետ․ առաջիկայում նախատեսված է այց Շիրակի մարզում»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Մի քանի օր է՝ քննարկվող ամենաթեժ հարցերից մեկը դարձել է Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հարսանիքը: Եթե հաշվի առնենք, ըստ մամուլի տեղեկությունների, իշխանականների մասնակցությունը, երևի թե բնական էր նաև հարցադրումը, թե ինչ աղմուկ կբարձրացներ նույն Նիկոլ Փաշինյանը, եթե նման հարսանիք արվեր նախկինում:
Մյուս կողմից՝ կային նաև կարծիքներ, թե ՄՀՀ-ն սրբավայր չէ, որ չթույլատրվի այնտեղ հարսանիք անցկացնել: Կային նաև տեսակետներ, որ աշխարհում ընդունված է նման տարածքներում այդպիսի միջոցառումներ անցկացնելը: Մենք փորձեցինք ուսումնասիրել՝ արդյո՞ք իսկապես այլ երկրներում ևս նման բան հնարավոր է: Պարզվում է՝ ոչ միայն հնարավոր է, այլև բավականին «ընդունված» է: Օրինակ՝ աշխարհի ամենահայտնի և նշանակավոր օպերայի և բալետի թատրոններից մեկը՝ Փարիզի Գառնիե օպերան (Գրանդ օպերա) նույնիսկ գնացուցակ ունի այդպիսի միջոցառումների համար: Ըստ այդմ, սրահի վարձակալությունը տատանվում է 50-150 հազար եվրոյի սահմաններում (նայած՝ որ տարածքն է վարձակալվում), բարձրակարգ բանկետի սպասարկումը յուրաքանչյուր անձի համար 150-300 եվրոյի սահմաններում է, ձևավորումը՝ մոտ 20 հազար եվրո և այլն, և այլն: Մի խոսքով, ինչպես ասում են, «փողին մուննաթ»:
Հարսանիքներ ու նման այլ խոշոր միջոցառումներ կարելի է անցկացնել նաև հանրահայտ «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում: Գները դարձյալ, մեղմ ասած, էժաններից չեն, բնականաբար: Այլ երկրներում ևս համանման «ծառայություններ» են առաջարկվում, դա շատ տարածված է հատկապես մարզադաշտերում. կարևոր պայմանն է, որ այդպիսի միջոցառումները չխանգարեն այդ մարզադաշտերի, թատրոնների բուն գործունեությանը և գրաֆիկին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի փոխնախագահի համար 2024 թվականը հաջողակ տարի է եղել։ Նա միանձնյա սեփականությամբ գնել է նոր բնակարան և ավտոկայանատեղի։ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ Ազգային ժողով է եկել 2021 թվականին հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 2021 թվականի օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ: Ռուբինյանի կինը՝ Մարիամ Հաջի-Հակոբյանը, ևս աշխատում է ՀՀ Ազգային Ժողովում՝ որպես գլխավոր մասնագետ։ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ Ռուբինյանը, գրեթե 7 տարի իշխանության լինելուց հետո, միայն ձեռք բերեց բնակարան և ավտոկայանատեղի։
Բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարանը ձեռք է բերվել «Կանաչ Թաղ» ՍՊԸ-ից 2024 թվականի նոյեմբերին, որն արժեցել է 47 մլն ՀՀ դրամ։ Նույն ընկերությունից ԱԺ փոխխոսնակը ձեռք է բերել նաև ավտոկայանատեղի 5 մլն դրամ արժողությամբ։ Ռուբինյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային ավանդները կազմել են 7,5 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 2 մլն 784 հազար դրամ։ Ռուբեն Ռուբինյանի տարեկան եկամուտները կազմել են 17 մլն 373 հազար դրամ, որից 14 մլն 229 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից, 2 մլն 836 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված եկամուտ է, որը եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է։ Տարեկան եկամտից 307 հազար 479 դրամը այլ եկամուտ է՝ «Ինեկոբանկից»։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 31 մլն 302 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Եթե փորձենք համեմատել Ռուբեն Ռուբինյանի՝ 2018 թվականին՝ որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ներկայացրած հայտարարագիրը ներկայիս հայտարարագրի հետ, կստացվի, որ Ռուբինյանը միայն 7 տարի անց կարողացավ «բովանդակություն տալ» հայտարարագրի աղյուսակին։ Բանն այն է, որ նա այդ շրջանում, ո՛չ տուն է ունեցել, ո՛չ ավտոմեքենա։ 2018 թվականին նա ունեցել է 500 հազար ՀՀ դրամ, իսկ պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը, այսինքն՝ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև նույն տարվա մայիսի 29-ը, ստացած եկամուտը կազմել է 150 հազար դրամ։ Կարճ ասած՝ անհամեմատելի է 7 տարիների աճի տեմպը փոխխոսնակի հայտարարագրում»։