Հայ ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտությունը չկա, որովհետև երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության: Այս մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առիթով հղած իր ուղերձում:
«Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը կապված է մեր հազարամյա պատմության մի հիրավի շրջադարձային իրադարձության՝ Առաջին Հանրապետության հիմնադրման հետ: Սարդարապատի հերոսամարտով առարկայացած Առաջին Հանրապետությունը երկար կյանք չունեցավ: Նրա գոյությունը տևեց ընդամենը 2 տարի, մի քանի ամիս:
Բայց Առաջին Հանրապետությունը մեզ 4.5 դար պետականազուրակ եղած ազգից կրկին վերածվեց պետականակերտ ժողովրդի և մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ՝ հանրապետություն, որտեղ իշխանության տերը ՀՀ ժողովուրդն է: Եվ նա է, որ ընտրությունների միջոցով որոշում է, թե ով և ինչպես պետք է կառավարի պետությունը»,–ասաց Փաշինյանը:
Նա նկատեց՝ Առաջին Հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը, որովհետև դրա ժամանակը չունեցավ: Վարչապետը հավելեց՝ իսկ Խորհրդային Միության գոյության գրեթե ողջ ընթացքում Առաջին Հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ:
«Կայսրությունը դրանով նպատակ էր հետպանդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել Առաջին Հանրապետությունը: 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, որ 70–ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են: Բայց հիմա արդեն Երրորդ Հանրապետության պատմության հետահայաց վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից և ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն:
Պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզնում: Այս է պատճառը, ու համոզված եմ, մեր պետության և մեր ինքնության հարատևությունն ապահովելու համար առաջին հերթին հենց սա պետք է հաղթահարենք: Ինչի արդյունքում կկարողանանք արձանագրել ու մարսել մի քանի առանցքային իրողություն»,–ասաց վարչապետը:
Փաշինյանը թվարկեց այդ իրողությունները. իրողություն թիվ մեկ՝ մեր ինքնությունը մեր պետությունն է:«Մեր պետությունն է մեր ինքնությունը, որովհետև բոլոր այն հատկանիշները, որ պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ, այսինքն՝ պետականության գոյության պայմաններում»,–նշեց նա:
Իրողություն թիվ երկու՝ 29 հազար 743 քառ. կմ միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է: «Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտությունը չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության: 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով, մեր նահատակների կյանքի գնով՝ մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել: Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»,–շեշտեց Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ երրորդ իրողությունը հետևայլն է. վերջին 4.5 դարերի պատմությունը, պատմական Հայաստանը հիմնական ուղերձ են հղում՝ «մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ»:Վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունն ըմբռնել ու իրագործում է պատմական այս ուղերձը:
Ըստ նրա՝ չորրորդ իրողությունը հետևյալն է՝ արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է: «Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը: Եվ այդ անվտանգության երաշխավորման գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, հարևանների և ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը և այս հենքի վրա բալանասավորված և բալանասավորման արտաքին քաղաքականություն վարելն ու նրա ստեղծած հնարավորությունները»,–նշեց Փաշինյանը:
«Իրողություն թիվ 5 – Պետությունը պատասխանատվություն է, ազատությունը պատասխանատվություն է։ Հանրության ու յուրաքանչյուր անհատի երկարաժամկետ ազատությունն ու բարեկեցությունն ուղիղ համեմատական են այս իրողության հանրային և՛ անհատական գիտակցման, և՛ այդ գիտակցումից բխող վարվելակարգի հետ։ Ազատության և պետության նկատմամբ ունեցած պատասխանատվության շրջանցումը թե՛ ազատության և թե՛ պետականության կորստի ճանապարհ են։ Այդ պատասխանատվության կատարման որակն ու այդ պատասխանատվության նկատմամբ ունեցած հարազատությունը յուրաքանչյուր քաղաքացու ազատության և բարեկեցության երաշխիքն են։
Հենց այս իրողություններն են արձանագրում Իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ ընդգծելով․ «Հայրենիքը պետությունն է․ սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ», «Անհատական ջանքով հարստացի՛ր և հարստացրո՛ւ», «Այստեղ հայրենիք՝ այստեղ հաց, այստեղ պետություն՝այստեղ կաց», «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո՛ նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, պարոնայք գեներալներ և սպաներ, հարգելի՛ ներկաներ,
Դեպի Հայաստանի Հանրապետության հարատևություն, պետական անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն ու ազատություն տանող մեր ընթացքը մտնում է պատմականորեն վճռական փուլ։ Նախորդող շրջանում մենք ունեցել ենք անուրանալի հաջողություններ․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցված և համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտված են։ Այժմ մենք Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ ենք իրականացնում Համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար, Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն, Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա, Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված է ռազմավարական գործընկերություն։
Հայաստանի միջազգային հեղինակությունն աճում է տեսանելի կերպով, և այն փաստը, որ 2026 թվականին մեր երկիրը հյուրընկալելու է Եվրոպայի և աշխարհի երկու հեղինակավոր ու մասշտաբային միջոցառումներ՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթաժողովը և Կենսաբազմազանության կողմերի COP-17 համաժողովը, սրա տեսանելի ապացույցն են։
2025 թվականի կարևորագույն իրողություններից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային կետերում այլևս սահմանային հսկողություն են իրականացնում բացառապես մեր երկրի սահմանապահները, մի բան, որ աննախադեպ է։ Մենք շարունակում ենք սերտ հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ հաստատել ենք ռազմավարական գործընկերություն, Հնդկաստանի հետ մեր գործակցությունը խորանում է, Ֆրանսիայի և Եվրամիության հետ մեր հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։
Հանրապետությունն ու ժողովրդավարությունն իրողություն են, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն իրողություն է, ինքնիշխանությունը և անկախությունն իրողություն են, պետությունն իրողություն է, և մենք պետք է գնահատենք և փայփայենք այս ձեռքբերումները։
Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը և թևակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Հոռետեսությունն ու հուսահատությունն այլևս Հայաստանի Հանրապետության ուղեկիցը չեն։
Հայաստանի Հանրապետության ուղեկիցը պետականակենտրոն ինքնագիտակցությունն է, աշխարհի գիտելիքահենք իմացությունը, զարգացումն ու ժողովրդավարությունը։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ։ Պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն։
Բոլորիս շնորհավորում եմ Հանրապետության օրվա առիթով։
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը», - նշեց նա։