Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ ԱԺ նախագահի ուղերձում, մասնավորապես, նշված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժողովուրդը, ապրելով իր առջև ծառացած բարդագույն ժամանակաշրջաններից մեկը, կարողացավ հավատալ իր ուժին ու ոտքի կանգնեց՝ կերտելով անկախ հանրապետություն:
Չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետությունը շատ կարճ կյանք ունեցավ, այն շրջադարձային էր մեր ազգային մտածողության տեսանկյունից ու խոր հետք թողեց ապագա սերունդների գիտակցության մեջ: Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ: Այն մեր ընթացքն է դեպի ապագա, դեպի կայուն, արդար եւ ուժեղ պետություն: Մեր սերունդն իր պատասխանատու դերակատարումն ունի՝ կառուցելու այնպիսի երկիր, որտեղ պետությունը ծառայում է քաղաքացուն, իսկ քաղաքացին իրեն զգում է պաշտպանված:
Սա է մեր հանձնառությունը, որը, վստահաբար, համատեղ ջանքերով կյանքի ենք կոչելու: Փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին: Շնորհավոր Հանրապետության տոնը, ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի»: