«Ինքդ ես շպիոն». Սեյրան Օհանյանը պատասխանում է Ալեն Սիմոնյանի մեղադրանքներին
Լուսանկարը` Sputnik
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կտրուկ պատասխանել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը «ռուսական շպիոն է»։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը քննադատությամբ է հանդես եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին, ով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանել էր «ռուսական շպիոն»։ Օհանյանը հայտարարել է, որ հենց ներկայիս իշխանությունն է սպասարկում թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, ինչն էլ հանգեցրել է Հայաստանի դիրքերի լուրջ թուլացմանը։
«Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ հայ ժողովրդի նորօրյա պատմության ընթացքում մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը Հայաստանի և Արցախի անկախությունն է և ինքնիշխանության հետզհետե ամրապնդումը», - ընդգծել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։ Նրա խոսքերով, նախկինում Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի հավասարակշռված է եղել և հաշվի է առել կարևոր քաղաքական, աշխարհագրական և պաշտպանական գործոնները, ինչը թույլ է տվել երկրին զարգանալ ինտեգրված համակարգի շրջանակներում։
Օհանյանը նաև նշել է, որ մշտական զիջումները և «կեղծ խաղաղության գործընթացի» առաջմղումն իրական ինքնիշխանության կորուստ են։ Նա ընդգծել է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, հատկապես ՀԱՊԿ անվտանգության համակարգի շրջանակներում՝ հաշվի առնելով Հայաստանի բարդ աշխարհաքաղաքական դիրքը։
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանել է «ռուսական շպիոն»՝ հայտարարելով, որ վերջինս հետապնդում է ռուսական շահեր և քաղաքական գործիչ է, ով ծառայություններ է մատուցում բացառապես այդ ուղղությամբ։