5.05.2025
Լուսանկարը` parliament.am
prev Նախորդ նորություն

Փաշինյանը պետք է մասնակցի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին, մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին մասնակցության հարցը, ինչպես նաև ներկայացրել քաղաքական գործընթացների վերաբերյալ իր տեսլականը:


Սիմոնյանի խոսքով, Ռուսաստանի հետ հարաբերությունները փոփոխման են ենթարկվում, քանի որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում իր պետականության և անկախության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ:


«Հայաստանի Հանրապետությունը պատմական իրադարձությունների բերումով իր պետականության և իր անկախության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ հստակ քայլեր է անում, և այդ բարձրացումը բնական է, ոչ բոլորին է դուր գալիս, որովհետև Հայաստանը պետք է լինի միշտ կախված ինչ-որ կենտրոնից»,- նշել է Սիմոնյանը:


Անդրադառնալով վարչապետի՝ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին մասնակցության հարցին, Ալեն Սիմոնյանը կարծիք է հայտնել, որ Փաշինյանը պետք է մասնակցի միջոցառմանը, թեև վերջնական որոշում դեռ չկա:


«Դա մեր հաղթանակն է, մենք 300.000 զոհ ենք տվել, և մենք գնում ենք տոնելու մեր հաղթանակը ֆաշիզմի դեմ: Նման միջոցառումների մասնակցությունը նաև հնարավորություն է միջազգային տարբեր շփումներ ունենալու և տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերելու»,- ընդգծել է խորհրդարանի նախագահը:


Միևնույն ժամանակ, Սիմոնյանը նշել է, որ, չնայած լարվածությանը, անհրաժեշտ է պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ: «Դու պետք է շփվես և բանակցես հենց այն երկրների հետ, որոնց հետ խնդիրներ ունես»,- հայտարարել է նա:


Հարկ է նշել, որ Փաշինյանը չի մասնակցել 2024 թվականի մայիսի 9-ի շքերթին, և նրա ներկայիս հնարավոր մասնակցությունը, Ռուսաստանի հետ հարաբերությունները չվնասելու մասին հայտարարության հետ միասին, շատերը մեկնաբանում են որպես Հայաստանի ժեստ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաշխուժացնելու նպատակով:

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան