21.04.2025
լուսանկարը` yerevan.am
prev Նախորդ նորություն

Հայաստանում ժողովրդի և արդարադատության համակարգի միջև որոշակի խզում կա. Փաշինյան

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: Միջոցառման շրջանակում քննարկվել են արդարադատության իրականացման արդի մարտահրավերների, դատական համակարգի արդյունավետության, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացման, իրավական բարեփոխումների ազդեցության, ինչպես նաև խափանման միջոցների կիրառման հարցերը, հաղորդում է Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:


Պանելային քննարկման առաջին մասում անդրադարձ է կատարվել դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման մարտահրավերներին, ոլորտային բարեփոխումների ազդեցությանը արդարադատության իրականացման արդյունավետության և ժամկետների վրա, իրավապահ մարմինների վարույթային գործողությունների արագության հարաբերակցությանը դատական քննության ժամկետների հետ, ինչպես նաև դատական պաշտպանության իրավունքի և արդարադատության արագության հարաբերակցությանը դատավարական չարաշահումների համատեքստում:


Մոդերատորի այն հարցին, թե որը պետք է լինի ՀՀ Կառավարության դերակատարությունը և դատական իշխանության տարբեր դերակատարների պատասխանատվությունը՝ ՀՀ քաղաքացիներին ժամանակին և արդյունավետ արդարադատություն տրամադրելու հարցում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է քննարկումը՝ նշելով, որ այն մի փոքր ուշացած է.


«Լավ կլիներ այս ընթացքում մի քանի անգամ քննարկած լինեինք այս հարցերը: Կարծում եմ՝ հարցադրման հիմքում ընկած պատճառներից մեկը նաև այն է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության և սահմանադիրի՝ ժողովրդի միջև, այնուամենայնիվ, որոշակի խզում կա, ընդ որում՝ և՛ կառուցակարգային, և՛ բովանդակային»:


Վարչապետը նշել է, որ հանրության շրջանում առկա է նաև արդարադատության լեզվի հետ կապված խնդիր. իրավաբանական հանրությունն ինչ-որ պահից սկսում է օգտագործել այն բառապաշարը, որը քաղաքացիների մեծամասնությանը հասանելի և հասկանալի չէ:


«Մենք ասում ենք՝ ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը. արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում: Ինքն անընդհատ պրոցես է, այն չի հանգուցալուծվում: Առկա են նաև ներքին՝ իրավաբանական խոսույթներ. օպերատիվ բլոկում առանձին ընկալումներ և պատկերացումներ կան, քննչական օղակում՝ առանձին պատկերացումներ, դատախազական օղակում՝ առանձին, դատավորական օղակում՝ առանձին», - նշել է կառավարության ղեկավարը:


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է և հետևաբար՝ ժողովուրդը պետք է նաև հնարավորություն ունենա հասկանալու, թե ի՞նչ է տեղի ունենում իր ստեղծած ինստիտուտների հետ, ինչպե՞ս են այդ ինստիտուտներն աշխատում, ի՞նչ նպատակ են հետապնդում, ի՞նչ արդյունք են գեներացնում:


Վարչապետն անդրադարձել է նաև ժողովրդի և երկրում հաստատված իրավակարգի միջև առկա օրգանական կապի խնդրին՝ նշելով. «Իմ գնահատականը եղել և շարունակում է մնալ այն, այս ընթացքում ես միայն համոզվել եմ դրանում, որ այդ իրավակարգի ճեղքը կախված է և կապված է նաև նրա հետ, որ, ըստ էության, բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում և համոզմունք, որ, այնուամենայնիվ, սահմանադրական հանրաքվեների պաշտոնապես արձանագրված արդյունքները չեն արտահայտում կամ ճշգրիտ չեն արտահայտում ժողովրդի կամքը»:


Համաժողովի պանելային քննարկման երկրորդ մասում անդրադարձ է կատարվել խափանման միջոցների կիրառման և արդարացման վերաբերյալ դատական ակտերի ազդեցությանը դատական համակարգի անկախության ընկալման վրա, մեղադրանքների և խափանման միջոցների ընտրության գործընթացներում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռմանը, ինչպես նաև վարույթների հանրային վերահսկողության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման գործում քաղաքացիական հասարակության դերին:

Լուսանկարը` gov.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան