19.04.2025
Խաղաղությունն է հայ ժողովրդի, Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքը. ՔՊ-ական
prev Նախորդ նորություն

Պետականության կառուցումն այսօր մեզ համար բացարձակ առաջնահերթություն է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2024 թ. կատարման զեկույցի քննարկման ավարտին.


Նախ՝ ուզում եմ Ազգային Ժողովի բոլոր պատգամավորներից շնորհակալություն հայտնել հետաքրքիր քննարկումների համար, որոնց ամբողջ ընթացքում, ըստ էության, ներկա էի: Ելույթների ընթացքում բազմաթիվ հարցեր բարձրացվեցին, քննադատություններ հնչեցին, որոնք արժանի են կոնկրետ արձագանքի: Բայց իմ հատուկ ուշադրությունը գրավեցին և հիմնականում պիտի արձագանքեմ այս անգամ միայն այն ելույթներին, որոնցում կամ քամահարանքով, կամ քննադատորեն, կամ որպես համաձայնություն, կամ որպես աջակցություն ասվում էր, թե Կառավարությունը կենտրոնացած է կամ իրականացվում է պետության կառուցման, կամ կայացման, կամ զարգացման քաղաքականություն ու ռազմավարություն։ Անկախ նրանից, թե ինչ տոնայնությամբ կամ ինչ երանգավորմամբ էր դա ասվում, պիտի ընդգծեմ, որ իսկապես պետականության կառուցումն այսօր մեզ համար բացարձակ առաջնահերթություն է։ Բայց ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ կարող է սա նշանակել անկախության 34-րդ տարում, միթե՞ անկախությունից 34 տարի անց պետականության կառուցումը դեռ կարող է լինել առաջնահերթություն։ Այո՛, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն ինքնին պետության, այլև նրա էության, նպատակի ու բովանդակության մասին է։ Այս թեմային իրականում անդրադարձել եմ դեռ նախորդ տարվա զեկույցի քննարկման ժամանակ, «Իրական Հայաստանի» և «Պատմական Հայաստանի» մասին իմ ելույթում, բայց ընթացիկ քննարկումն ինձ համար ակնհայտ դարձրեց, որ թեմայի ևս մեկ շերտի անդրադառնալու ևս մեկ շերտ պարզաբանելու հույզ անհրաժեշտություն կա, և դա կապված է երրորդ Հանրապետության բովանդակային էության հետ։


Խնդիրն այն է, հարգելի՛ ներկաներ, որ 1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման։ Այսինքն, մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար։ Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով։ 1989 թվականին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը և ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը՝ անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցի լուծման համար։ Իհարկե, անկախության հռչակումից ու ձեռքբերումից հետո պետականության կայացման օրակարգը գոյություն է ունեցել միշտ, բայց շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը հիմնականում և առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, Ղարաբաղյան շարժմանը և հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը։ Սա չեմ ասում որպես քննադատություն, այլ ասում եմ որպես իրողություն, որովհետև մենք բոլորս կամ առնվազն մեծամասնությունը հաշտ ենք եղել այդ մոդելի և նպատակադրման հետ։ Ինքս էլ լիարժեք կերպով հաշտ եմ եղել այդ մոդելի հետ՝ մինչև այն պահը, երբ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց, կամաց-կամաց, քայլ-քայլ, սկզբից աղոտ, ապա և առարկայորեն հասկացել եմ, որ եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու, ապա և մեր պետականությանը վերջ դնելու համար։ Այդ վերջնանպատակի իրագործումը մեկնարկած է եղել արդեն 2018 թվականին։ Այդ նպատակի իրագործումը եզրափակիչ փուլ մտավ 2020-ի սեպտեմբերին և գագաթնակետին հասավ 2021 թվականի մայիսին, և այդ վերջնանպատակը գործակիցներ ունի նաև Հայաստանում և այդ գործակիցները կարծում են, որ Ղարաբաղի հարցն է կարևոր և ոչ թե անկախությունն ու պետականությունը։


Դաշնակցության այդքան քննարկված 004 շրջաբերականը, հոգևոր հայտնի անձանց այստեղ մեջբերված հարցազրույցները, Հայաստանի նախկին ղեկավարության հայտարարություններն այս ծիրի մեջ են, այս տրամաբանության մեջ։ Այսօր ահա գաղափարական այս դարակազմիկ բախման երկրորդ արարն է տեղի ունենում։ Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես, ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար։ Մենք սա, ցավոք, շատ ուշ ենք հասկացել։ Իսկ ընդդիմությունն, ըստ էության, ասում է, որ Հայաստանի պետականությունը մի նպատակ և իմաստ է ունեցել և ունի՝ Ղարաբաղյան շարժում, Ղարաբաղի հարց, ուրեմն Ղարաբաղյան շարժումը պետք է շարունակել, անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կունենա։ Բայց ես ոչ միայն համաձայն չեմ այս տեսակետի հետ, այլև մեր կառավարման յոթ տարիներին հետ նայելով արձանագրել եմ մի բան, որ հիմա արդեն կարող եմ բարձրաձայնել։


2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությամբ Հայաստանի կառավարման ղեկին հայտնված քաղաքական թիմը դաժան փորձությունների ու հարվածների տարափի ներքո ինտուիցիա և արիություն է ցուցաբերել՝ կարողանալով քայլ առ քայլ, կտոր-կտոր առերեսվել այն փաստի հետ, որ Ղարաբաղյան շարժումն օբյեկտիվորեն վաղուց ավարտվել է և այն շարունակելու մեր հավաքական ջանքն ընդամենը օգտագործվում է Հայաստանի առանց այն էլ թուլացած անկախությունն ու պետականությանը վերջ դնելու համար։ Ու այս իրողությանն առերեսվելով՝ կառավարող մեծամասնությունը որդեգրել է մի ռազմավարություն, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե Ղարաբաղի կամ ինչպես ասում են՝ մեկ այլ ազատագրական հարցի լուծման գործիք է, այլ Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը, ազատությունը, երջանկությունը, անվտանգությունն ապահովելու գործիք, որ 29,743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ավելի մեծ հայրենիք ունենալու միջոց է, այլ մեր երազանքների հայրենիք-պետությունն է և մեր վերջնական հանգրվանը՝ որպես ժողովուրդ։


Հարգելի՛ նախագահող,
Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ,
Կառավարության հարգելի՛ անդամներ,
Հարգելի՛ ներկաներ, սիրելի՛ ժողովուրդ,


Վերջին յոթ տարիներին մենք առաջնորդել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Մենք տեսել ենք պարտություն և ձախողում, մենք տեսել ենք լաց և ատամների կրճտոց, մենք տեսել ենք ողբերգություն և ցասում, բայց մեր հաղթանակն ու ուժը նրանում է, որ մենք առաջնորդել ենք այնտեղ, որտեղ թվում էր անհնար է առաջնորդել, որտեղ սովորաբար առաջնորդություն չի լինում, այլ լինում է քաոս և խուճապ, փլուզում և կործանում, մենք առաջնորդել ենք և զուգահեռ՝ իրական պետություն, իրական անկախություն և հետևաբար ազատություն, բարեկեցություն, երջանկություն ունենալու հնարավորություն ենք փնտրել մեր հայրենիք պետության, Հայաստանի Հանրապետության ու նրա ժողովրդի համար և ստեղծել ենք այդ հնարավորությունը, և ուզում եմ ասել ստեղծել ենք այդ հնարավորությունը: Արդեն այսօր սա կարող եմ ասել բարձր և վստահ, մենք մեր պատմության գագաթնակետին, կուլմինացիային ենք հասել և մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել, իսկ բոլոր ռիսկերը, որ գոյություն ունեն այսօր, գոյություն են ունեցել միշտ։ Բայց ռիսկերը եղել են շարունակական, որովհետև չենք տեսել և հետևաբար չենք օգտագործել այդ ռիսկերը կառավարելու և չեզոքացնելու հնարավորությունը։ Իսկ այսօր տեսնում ենք, կառավարում ենք, չեզոքացնում ենք, և այս համատեքստում են տեղավորվում այն քայլերը, որոնք ձեռնարկում ենք վերջին տարիներին՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման օրակարգ, սահմանազատման գործընթաց, խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացում, խաղաղության խաչմերուկ նախագիծ: Այս բոլորը քայլեր են, որոնք պետությունը և նրանում ազատ, անվտանգ և բարեկեցիկ ապրելու քաղաքացու հնարավորությունը դնում են ամենակենտրոնում, ամենից բարձր և առաջնահերթ ու սա է մեր ռազմավարությունը, ու սա մեր հարգանքի մեծագույն տուրքն է մեր բոլոր նահատակներին։


Հարգելի՛ ներկաներ, սիրելի՛ ժողովուրդ,


Այս մտածումների համախումբն է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որի գործնական նպատակը Հայաստանի Հանրապետության հարատևությունն ապահովող կիրառելի հայեցակարգի ձևակերպումն է, և այդ հայեցակարգը, այդ բանաձևը ձևակերպվում է, եթե չասենք ձևակերպված է։ Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, և այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով։ Տեղի է ունենում իրական Հայաստանի սոցիալ հոգեբանական հեղափոխությունը։ Այդ հեղափոխության առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչված մեր պետությունը և մեր հայրենիքը նույնական են, մեր հայրենիքը Հայաստանն է։ Պետությունը, որում ապրում ենք, նույնպես Հայաստանն է։ Ընդդիմությունն այդպես էլ չի ընդունում սա, չի հասկանում, թե ի՞նչ է նշանակում «Հայրենիքը պետությունն է» կարգախոսը և ի՞նչ բացատրություն ունի։ Իսկ բացատրությունն այն է, որ վերջին առնվազն վեց դարում մենք ապրել ենք մի իրավիճակում, երբ մեր հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը՝ Պարսկաստանը։ Հայրենիքը եղել է Հայաստանը, պետությունը՝ Օսմանյան կայսրությունը, հայրենիքը՝ Հայաստանը, պետությունը՝ ռուսական կայսրությունը, Հայրենիքը՝ Հայաստանը, պետությունը՝ Խորհրդային Միությունը։ Եվ ինչպես պարզ թվարկումը ցույց է տալիս, պետությունը հիմնականում ատելի է եղել մեզ համար, իսկ հայրենիքը սիրելի ու խեղճ ու կրակ։ Ու այս սոցիալ հոգեբանությունը մեզ համար դարձել է ձեռք բերովի ռեֆլեքս, ատելություն պետության և նրա ատրիբուտների ու կառուցակարգերի նկատմամբ, հուսահատ և անկանոն սեր հայրենիքի նկատմամբ։


Սա է պատճառը, որ ընդդիմությունը հուսահատ աղաղակում է։ Ժողովուրդ, հասեք, սրանք բյուջե են լցնում, որովհետև բյուջեն և հարկը պետական ու պետության ատրիբուտ են և, հետևաբար, ենթագիտակցորեն կամ ձեռք բերովի ռեֆլեքսի համաձայն ատելի։ Նրանք չեն ուզում, որ այստեղ պետություն լինի: Նրանք ուզում են, որ այստեղ լինի հայրենիք, որովհետև հայրենիքը պետական սահման չունի, իսկ պետությունն ունի, հայրենիքը քրեական և քաղաքացիական օրենսգիրք չունի, իսկ պետությունը ունի, հայրենիքն, ի վերջո, հարկային օրենսգիրք չունի, իսկ պետությունը ունի, հայրենիքը քաղաքացիություն ու քաղաքացիական պատասխանատվություն չունի, իսկ պետությունը ունի:


Եվ այսօր ոչ թե մեր Կառավարության, այլ պետության նկատմամբ ռելիկտային ատելությունն է դրսևորվում ընդդիմության խոսույթում, որովհետև Իրական Հայաստանի հեղափոխությունն ասում է՝ «Հայրենիքը պետությունն է, սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ»։


Ոմանց համար սա ատելի կարգախոս է, որովհետև կենացային հայրենասիրությունը գործնական և ամենօրյա հայրենասիրության փոխարինելու հրամայականի առաջ եք կանգնեցնում բոլորիս, որովհետև մեզ դուրս է դնում Սան Ստեֆանոների և Բեռլինների կոնֆերանսներում թղթե շերեփով դռների տակ կուչ եկած ուրիշների կողմից մեր ճակատագրի որոշմանը սպասողի կարգավիճակից ու մեզ պարտադրում է սեփական կարգավիճակը որոշողի բարդ, դժվար, երբեմն աներևակայելի, բայց հայրենիք-պետությունը, նրա հարատևությունը, նրա քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը՝ որպես նպատակակետ ունեցող որոշումներ։


Եվ այո՛, 2018 թվականից մեր բոլոր ռազմավարական որոշումները եղել են այդպիսին, և այո՛, դրա շնորհիվ այսօր մենք պետություն ունենալու այնպիսի շանս ունենք, որ չենք ունեցել երբեք։ Չենք ունեցել երբեք ու ասում եմ ամենապատասխանատու կերպով։ Ի՞նչ է պետք անել, ուրեմն, այդ շանսը օգտագործելու համար։ Նախ՝ պետք է հաղթահարել պետության նկատմամբ այդ ռելիկտային մնացորդային ատելությունը, որ ձեռքբերովի ռեֆլեքսի նման ուղեկցում և առաջնորդում է մեզ։ Եվ սրան զուգահեռ պետք է ամեն ինչին նայել պետական շահի տեսակետից՝ ընդունելով և ճանաչելով այդ շահի գերակայությունը։ Իսկ պետական շահը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, տնտեսական զարգացումն է, որովհետև միայն տնտեսական զարգացմամբ է հնարավոր իրագործել այն հայեցակարգը, որ պետությունը քաղաքացու բարեկեցության գործիք է՝ այն ըմբռնմամբ, որ բարեկեցության մեջ մտնում են կենցաղային ապահովությունը, առողջությունը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը:


Միայն տնտեսական զարգացման միջոցով է հնարավոր ապահովել կենցաղային ապահովություն, առողջություն, ազատություն, արդարություն, անվտանգություն, իսկ տնտեսական զարգացման համար հարկավոր է խաղաղություն և օրինականություն, իսկ այս ամենն ապահովելու համար հարկավոր է կրթություն և աշխատանք, աշխատանք և կրթություն: Սա է ողջ բանաձևը:


Նոր հայացքով, նոր աչքերով մեր տարածաշրջանին ու աշխարհին նայելը, այո՛, կրթական պրոցես է։ Ու տարածաշրջանում ինքներս մեզ նոր հայացքով և նոր աչքերով նայելը նույնպես կրթական պրոցես է, որովհետև տարածաշրջանը, որտեղ կա Հայաստան-հայրենիք՝ մի բան է, իսկ տարածաշրջանը, որտեղ կա Հայաստան-պետություն, հայրենիք-պետություն, Հայաստանի Հանրապետություն՝ բոլորովին ուրիշ բան է։ Եվ այս դիտանկյունը չափազանց հետաքրքիր նրբություններ է բացահայտում։ Ներհայաստանյան դիսկուրսի մի հսկայական մասը լրացվում է նրանով, թե ինչ են ասում ուրիշները, ինչ են ասում այլ մայրաքաղաքներում։ Այստեղ պրոբլեմը ոչ միայն այն է, որ հայաստանյան քաղաքական և հանրային որոշ դերակատարներ հաճախ այդպիսով դառնում են օտար ասելիքների քարոզչական գործակալներ, այլև այն, որ դուրս է թողնվում ամենակարևոր հարցը, ամենակարևորներից ամենակարևորը՝ իսկ ի՞նչ ենք ասում մենք, ի՞նչ ենք ասում մենք։ Սա հաճախ չի էլ կարևորվում, և սա Սան Ստեֆանոյի և Բեռլինի ռելիկտային մտածողությունն է, համաձայն որի մենք կամ ասելիք չունենք, կամ մեր ասելիքը կարևոր չէ։ Մինչդեռ մեր ճակատագրի համար ամենակարևորը մեր ասելիքն է, որովհետև մեր ասելիքն է մեր ճակատագիրը կառավարելու առաջնային գործիքը։ Իսկ մենք ասում ենք՝ Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։


Ինչո՞ւ և ինչպե՞ս։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Ընդ որում, սա ոչ միայն քաղաքական, այլև իրավական մակարդակում, որովհետև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգն այլևս երկու երկրներում բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ է և այդ փաստաթղթում Ալմա- Աթայի հռչակագիրը՝ որպես սահմանազատման բազային սկզբունք ընդունելով թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, Ալմա-Աթայի հռչակագիրը, ըստ էության, դարձրել են, ընդհանրապես, հարաբերությունների կարգավորման բազային սկզբունք։ Իսկ այդ հռչակագրում խորհրդային հանրապետությունների սահմանների անխախտելիությունը, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, ներքին գործերին չմիջամտելը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումն են բազային սկզբունքներ։


Եվ ուրեմն, Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կրկին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը։ Կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը: Եվ հայտարարում եմ պաշտոնապես, Հայաստանի Կառավարությունը չի անելու հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը։ Եվ կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը չանել հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը:


Հայաստանը և Ադրբեջանը միմյանց միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցրել են, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները ավարտել և, ինչպես ցույց տվեցի ապրիլի 15-ի իմ զեկույցում, համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա։ Համաձայնագրի տեքստը համաձայնեցված է։ Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին։


Հարավային Կովկասի պատմության նոր էջը պիտի բացենք միասին, և մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին։ Ասեմ նաև, որ տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքներն ընկած են նաև մեր մյուս հարևանների հետ մեր հարաբերությունների մասին մեր պատկերացումների հիմքում։ Բայց ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ միայն ու միայն մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչելով է, որ մենք ինքներս կճանաչենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը, և սա է պետության ու ապապետության դիտանկյունների միջև տարբերությունը, և սա է այն փոփոխությունը, այն կրթությունը, այն վերափոխումը, որ մենք բերել ենք ու բերում ենք Հայաստանին։


Սա է «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» սկզբունքի գործնական իրագործումը, սա է այն սկզբունքը, որ բարեկեցությունը հնարավոր է դարձնում Հայաստանի Հանրապետությունը։


Հարգելի՛ նախագահող,
Ազգային Ժողովի հարգելի՛ պատգամավորներ,
Կառավարության հարգելի՛ անդամներ,
Հարգելի՛ ներկաներ, սիրելի՛ ժողովուրդ,


Այստեղ հնչած և ոչ մի քննադատություն ես ականջի կողքով չեմ անցկացնում՝ անկախ նրանից, որքանով է արդար և որքանով անարդար, որքանով է հիմնավոր և որքանով մտացածին, որքանով է ամբողջական և որքանով պռատ։ Բայց նաև չեմ կարող չկիսել իմ համոզմունքը, որ կառավարման ոլորտում, հանրային և տնտեսական կյանքում, դատաիրավական համակարգում մեր ունեցած բազմաթիվ պրոբլեմներ կապվում են նաև գաղափարական, կրթական, սոցիալ-հոգեբանական այն համակարգերի հետ, որ գերիշխել և դեռ գերիշխում են մեզանում, որը տեղավորվում է հայրենիք և պետություն հասկացությունների վերը նկարագրված հարաբերությունների և ներհակությունների համատեքստում: Մենք հաճախ չենք տեսնում այդ գերիշխանությունն ու ազդեցությունը, դրա պատճառահետևանքային կապը մեր արարքների ու գործելակերպի հետ, մենք չենք տեսնում կապը մեր ամենօրյա խոսույթների և արտաքին միջավայրում մեր շուրջը խմորվող պրոցեսների միջև, իսկ այդ կապը կա, ամեն օր է, ուղղակի է, և պրոբլեմը դրա գոյությունը չէ, այլ մեր չիմացությունն այդ կապերի, փոխազդեցությունների, ռիսկերի և դրանք կառավարելու հնարավորությունների մասին։


Եվ ուրեմն, ո՞րն է սրա լուծումը։ Այս հարցի լուծումը նույնպես արտահայտված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծում, որտեղ ասվում է՝ «Վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, այլև կենսական անհրաժեշտություն է։ Վերափոխումը կենսունակության առանցքային պայման է, ինչպես անհատը, այնպես էլ հանրությունն ու պետությունը պետք է ռեֆլեքսիայի հմտությունը խորացնեն մինչև գենետիկ մակարդակ։ Ճշմարտությունը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, այլևս ճշմարտություն չէ։ Նպատակը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի ինքնանպատակ է, համոզմունքը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, նախկինից մնացած տպավորություն է, իդեալը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, թերի է: Հարափոփոխ կյանքում կենսունակ լինելու միակ բանաձևը ռեֆլեքսիան է, ինքնահայեցումը, փոխվելու և վերափոխվելու ընդունակությունը»:


Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ գործընկերներ,


Աշխարհն ամենօրյա ռեժիմով փոխվում է և եթե չկարողանանք հարմարվել փոփոխվող աշխարհին, պարզապես դուրս կմնանք նրանից։ Կառավարության և կառավարող մեծամասնության առաքելությունն ահա սա է՝ առաջնորդել կենսական այն վերափոխումները, որոնք հիմնվելով մեր ազգային արժեքների վրա, մեր պետությունը կդարձնեն առավել կենսունակ՝ ճանապարհ բացելով նրա երջանիկ ապագայի համար։


Ի հեճուկս այստեղ հնչած բոլոր քննադատությունների, հենց սա է տեղի ունենում այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Ավելին ասեմ, Հայաստանում այսօր տեղի ունեցող բոլոր իրադարձություններից սա կարևորագույնն է, և այստեղ բարձրացված հարցերի մի զգալի մասի խորքային լուծումը կապում եմ հենց այս գործընթացի հետ։ Իսկ քննարկումների ընթացքում ընդդիմության մեր գործընկերներն ամեն ինչ արեցին պետականակենտրոն բարեփոխումների նկատմամբ նյարդ և վախ ներշնչելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Նյարդ ներշնչեցին անշարժ գույքի հարկի նկատմամբ, չնայած՝ ինչպես ցույց տվեցի, առանց այդ հարկերի որևէ քաղաքացու բարեկեցություն հնարավոր չէ։ Նյարդ ու զզվանք ներշնչեցին թափանցիկ ու հաշվետվողական գործելակերպի նկատմամբ, չնայած՝ առանց դրա հանրային միասնություն ու սոցիալական արդարություն հնարավոր չէ, պարզապես անհնար է։ Վախ ներշնչեցին համընդհանուր հայտարարագրման նկատմամբ, չնայած այդ համակարգը կարիքավոր մարդուց ոչինչ չի վերցնում, այլ միայն տալիս է, տալիս է տասնյակ միլիարդ դրամներ իր առողջապահության և կրթության գործում ներդնելու համար։ Վախ ներշնչեցին պետության նկատմամբ, բայց մեր ժողովուրդը չի կարող վախենալ սեփական պետությունից։ Մեր ժողովուրդը չի կարող վախենալ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունից, որովհետև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ասում է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետությունը դո՛ւ ես, դո;ւ ես Հայաստանի Հանրապետությունը:


Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Շնորհակալություն։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ԺՊ նշանակվեց Նարեկ Զեյնալյանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար