Խաղաղությունն է հայ ժողովրդի, Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքը. ՔՊ-ական
Ազգային ժողովն ապրիլի 17-ին շարունակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկումը:
ԱԺ խմբակցություններն իրենց դիրքորոշումներն են հայտնել զեկույցի վերաբերյալ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը բացասական է գնահատել Կառավարության գործունեությունն ու կատարողականը՝ անդրադառնալով գործադիր մարմնի կողմից իրականացվող ներքին եւ արտաքին քաղաքականություններին: Խոսելով երկրի անվտանգության ապահովման հարցից՝ խմբակցության ղեկավարը նշել է, որ Կառավարության գործունեությունն իրականությունից կտրված է եւ անհամաչափ իրավիճակին:
«Կարծում եմ, որ այսօր նույնպես մենք գտնվում ենք խոր ճգնաժամի մեջ. անվտանգության ճգնաժամ, հոգեբանական, ինքնիշխանության ճգնաժամ, բայց այդ ամենը պատճառ է կառավարման ճգնաժամի»,- մասնավորապես ասել է Սեյրան Օհանյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է ընդդիմադիր գործընկերների քննադատական ելույթներին, ներկայացրել մի շարք հակափաստարկներ:
Անդրադառնալով Կառավարության գործունեությանը՝ Հայկ Կոնջորյանը, մասնավորապես, նշել է, որ ՀՀ քաղաքացիները վերջին 7 տարում լրացուցիչ 4,3 մլրդ դոլար են մուտքագրել պետական բյուջե: Նրա խոսքով այն, ինչ 7 տարի առաջ համարվում էր ֆանտաստիկա, այժմ համարվում է նորմալ: «Եվ դա, ես կարծում եմ, որ ամենամեծ քաղաքական ձեռքբերումներից մեկն է»,- ասել է խմբակցության ղեկավարը: Երկրի անվտանգության ապահովման հարցի առնչությամբ էլ Հայկ Կոնջորյանը նշել է, որ խաղաղությունն է հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը:
«Մենք գնալու ենք այդ ճանապարհով, քաղաքական մեծամասնությունը Կառավարության հետ միասնական ջանքերով շարունակելու է գնալ այս ճանապարհով եւ այս հավատամքով»,- ելույթն ամփոփել է խմբակցության ղեկավարը: