12.04.2025
Քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտին առնչվող մի շարք հարցեր
prev Նախորդ նորություն

Դատախազը դատարան է ուղարկել դատավորի նկատմամբ պաշտոնեական անփութության գործը

Դատախազը 2025 թվականի ապրիլի 3-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել պաշտոնեական անփութության համար մեղադրվող դատավորի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:


Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2025 թվականի հունվարի 21-ին, դռնփակ նիստում, հիմք ընդունելով գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի հունվարի 20-ին ներկայացված «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 36/13-25 միջնորդությունը բավարարելու մասին ԲԴԽ 2025 թվականի հունվարի 21-ի թիվ ԲԴԽ-7-Ո-Ք-1 որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով՝ որոշել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Ս.-ի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը:


Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ դատական գործերից մեկով 2022 թվականի դեկտեմբերի 1-ին կայացած դատական նիստի ժամանակ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը հայտարարել էր, որ որոշում է կայացրել լրացուցիչ դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին: Քաղաքացու փաստաբանը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին գրություն էր հասցեագրել նախագահող դատավորին և խնդրել հայտնել, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել փորձաքննության եզրակացությունը ստանալու ուղղությամբ: Նույն օրը փաստաբանը գրություն էր ուղարկել նաև «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ և խնդրել հայտնել, թե ինչ փուլում է գտնվում նշված գործով փորձաքննությունը, որոնք են դրա ձգձգման պատճառները:


2023 թվականի դեկտեմբերի 21-ին «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված պատասխանի համաձայն՝ նշված քրեական գործով որևէ փորձաքննություն առկա չէ:


2024 թվականի փետրվարի 7-ին փաստաբանը կրկին գրություն էր հասցեագրել նույն դատավորին՝ խնդրելով տրամադրել փորձաքննության վերաբերյալ տեղեկատվություն: Փաստաբանին հեռախոսակապի միջոցով դատավորի աշխատակազմից պատասխանել էին, որ, ինչ-որ խնդիրներով պայմանավորված, 2022 թվականի դեկտեմբերի 1-ին կայացրած որոշումը չի ուղարկվել կատարման, սակայն միջոցներ են ձեռնարկվում փորձագետի եզրակացությունը սեղմ ժամկետում ստանալու վերաբերյալ:


Դատարանին ուղղված գրություններով փաստաբանի կողմից նշվել էր նաև, որ տվյալ գործով ամբաստանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսի 6-ին:


2024 թվականի հունիսի 6-ին «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացվել է լրացուցիչ դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին դատարանի կողմից կայացված՝ փորձաքննություն նշանակելու մասին որոշումը «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում ստացվել է 2024 թվականի ապրիլի 12-ին:


2025 թվականի հունվարի 22-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանրային քրեական հետապնդում էր հարուցվել դատավորի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն)»,- ասված է հաղորդագրությունում:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: